Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում:
Փոփոխություններով կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև վերանայվում են ծրագրի այն պայմանները, որոնք խոչընդոտում են հավաստագրերի արդյունավետ իրացմանը։ Մասնավորապես՝ հստակեցվում է, որ դիմում-հայտարարության մեջ գրանցված ամուսինների և նրանց անչափահաս երեխաների տվյալների առկայությունը պարտադիր է, իսկ մյուս անդամներին ըստ իրենց ցանկության, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինը կամ երեխան ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից չեն հաշվառվել որպես բռնի տեղահանված կամ հանդիսանում են աջակցության ծրագրի շահառու։
Ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցվում է 3 քմ-ով՝ սահմանելով 9 քմ։
Սահմանվում է նաև՝ ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր չափահաս անդամների անվամբ։
Որոշմամբ սահմանվում է, որ եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թ. մայիսի 16-ից հետո, ապա աջակցությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ։
Սահմանվում է, որ եթե շահառու ընտանիքն ընտրում է ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, ապա իրացվող հավաստագրի արժեքում ներառվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողի նկատմամբ մակերեսի սահմանաչափ չի կիրառվում, աջակցությունը սահմանվում է մինչև 4 մլն դրամ 3-ի փոխարեն։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: