
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակարանային խնդիրը շարունակում է մնալ ոչ միայն երկարաժամկետ, այլև ամենօրյա գոյատևման հարց։ Թեև պետությունը բնակարանային ապահովման ծրագիր է իրականացնում, բազմաթիվ ընտանիքներ դեռ չեն կարողանում ձեռք բերել սեփական բնակարան, իսկ Երևանի վարձակալության շուկայում գների աճը նրանց կանգնեցնում է կրկնակի տեղահանության վտանգի առաջ։
Երևանում վարձակալած բնակարանում ապրող արցախցի մի ընտանիքի օրինակ ցույց է տալիս խնդրի սրությունը։
Վարձակալության պայմանագրի ավարտից հետո տանտերը ամսական վճարը 200 հազար դրամից բարձրացրել է մինչև 300 հազար դրամ։ Ընտանիքը չի կարող վճարել այդ գումարը, քանի որ նրա հիմնական կերակրողը մշտական աշխատանք չունի, իսկ տարբեր աշխատավայրերում երկար մնալ չի հաջողվում։ Նրա խոսքով՝ աշխատանք գտնելուն և բավարար վարձատրվող աշխատանք ունենալուն խանգարում են նաև արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումները։
Ընտանիքի ֆինանսական վիճակն ավելի է բարդացնում հիվանդ մոր խնամքն ու դեղորայքի բարձր արժեքը։ Երբեմն բնակարանի վարձը ժամանակին վճարել չի հաջողվել սոցիալական ծանր վիճակի պատճառով։ Տանտերը, ըստ բնակչի պատմածի, վերջերս ոստիկանների ուղեկցությամբ ներկայացել է բնակարան և պահանջել կա՛մ համաձայնել վարձավճարի բարձրացմանն ու կանոնավոր վճարումներին, կա՛մ ազատել բնակարանը։ Ընտանիքին մի քանի շաբաթ է տրվել նոր բնակարան գտնելու համար։
Այս պատմությունը ներկայացվում է առանց անձնական տվյալների, սակայն այն բնորոշում է ավելի լայն խնդիր․ սեփական տունը կորցրած մարդիկ Հայաստանում կրկին կարող են կանգնել բնակարան կորցնելու վտանգի առաջ։ Երբ եկամուտն անկայուն է, վարձավճարն աճում է, իսկ նոր բնակարան տեղափոխվելու համար անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ՝ կանխավճար, առաջին ամսվա վարձ և տեղափոխման ծախսեր, բնակարան գտնելը դառնում է գրեթե անհնար։
Step1.am-ի կողմից հրապարակված այլ դեպքեր նույնպես ցույց են տալիս խնդրի համակարգային բնույթը։ Չորս երեխա միայնակ մեծացնող Լիանա Այվազյանը վարձավճարի բարձրացումից հետո ստիպված էր ապաստան փնտրել Արցախի ներկայացուցչության շենքում։ Բերտա Շահրամանյանի ընտանիքը, որը 2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կորցրել էր չորս հարազատի, նույնպես բախվել է վարձավճարի բարձրացման և ծանր սոցիալական պայմանների խնդրին։
Այս դեպքերը վկայում են, որ բնակարանային անապահովությունն առավել ծանր է այն ընտանիքների համար, որոնք միաժամանակ հաղթահարում են կորստի, հաշմանդամության, խնամքի և եկամտի պակասի հետևանքները։
Հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում արցախցիների խնդիրների քննարկման ժամանակ բարձրացվել է նաև մեկից երեք անդամ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման հարցը։ Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ տրամադրված 8643 բնակարանային հավաստագրերից իրացվել է 4991-ը։ Նա նշել է, որ փոքր ընտանիքների խնդրի լուծման պատրաստի տարբերակ դեռ չկա, իսկ հավաստագրերի գումարների փոփոխություն այս պահին չի նախատեսվում։ Նախարարը խորհուրդ է տվել բնակարան փնտրել նաև Երևանից դուրս, սակայն մարզերում բնակարանների համեմատաբար ցածր գները չեն լուծում մեկ այլ խնդիր՝ աշխատատեղերի սահմանափակ հասանելիությունը։
Թորոսյանը նաև նշել է, որ կառավարության նպատակն է՝ արցախցիները Հայաստանում վերջնականապես հաստատվեն և ժամանակի ընթացքում ոչնչով չտարբերվեն մյուս քաղաքացիներից։ Սակայն այս մոտեցման կողքին կարևոր է հաշվի առնել, որ արցախցիները պարզապես բնակության վայրը փոխած մարդիկ չեն․ նրանք բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից՝ կորցնելով տները, ունեցվածքն ու տարիներով ստեղծած կյանքը։ Նրանցից շատերը նաև անցել են պատերազմի, բռնության և էթնիկ զտման հետևանքով առաջացած ծանր փորձությունների միջով։ Ուստի հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումը չպետք է նշանակի անտեսել նրանց առանձնահատուկ կարիքները։ Ընդհակառակը՝ սոցիալական քաղաքականությունը պետք է հաշվի առնի այդ հանգամանքները, որպեսզի ինտեգրումը չվերածվի մարդկանց՝ սեփական խնդիրները միայնակ հաղթահարելու պարտադրանքի։
Քննարկման ընթացքում ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանն ընդգծել է, որ անշարժ գույքի գների աճի պատասխանատվությունը չի կարելի բարդել արցախցիների վրա։ Հանդիպման արդյունքում հայտարարվել է, որ ամսական 40 հազար դրամի բնակվարձի աջակցության և լրացուցիչ 10 հազար դրամի վճարի ծրագիրը կշարունակվի ևս մեկ տարի։ Սակայն այս որոշումը չի երաշխավորում, որ բոլոր կարիքավոր ընտանիքները կկարողանան պահպանել իրենց բնակարանը։
Բնակարանային հավաստագրի գումարը հաճախ բավարար չէ տուն գնելու համար, իսկ վարձավճարի մասնակի փոխհատուցումը չի ապահովում երկարաժամկետ անվտանգություն։ Այս պայմաններում անհրաժեշտ են ոչ միայն երկարաժամկետ բնակարանային ծրագրեր, այլև անհետաձգելի աջակցություն այն ընտանիքներին, որոնք արդեն կանգնած են բնակարան կորցնելու վտանգի առաջ։ Հակառակ դեպքում մարդիկ, որոնք մեկ անգամ արդեն ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը, կարող են կրկին հայտնվել անապահովության և հարկադիր տեղափոխության մեջ՝ այս անգամ Հայաստանի ներսում։
Արսեն Աղաջանյան