Փետրվարի 21-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։
Երևանում փետրվարի 21-23-ին սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում փետրվարի 21-23-ին շրջանների զգալի մասում, 24-25-ին՝ առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հարավարևելյան 5-8մ/վ, փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի ցերեկը կնվազի 6-9, 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանաբար կնվազի ևս 10-12 աստիճանով։
Փետրվարի 21-ի ողջ գիշերը և առավոտյան Գեղարքունիքի մարզում առատ ձյան տեղումները շարունակվում են, որի արդյունքում Գավառում և Ճամբարակում ձյան շերտի բարձրությունը կազմում է մինչև 50, Սևանում և Մարտունիում մինչև 30, իսկ Վարդենիսում մինչև 20 սանտիմետր, հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։
Վանաձոր-Սպիտակ (մինչև 12-րդ կմ), Վանաձոր-Ձորագետ, Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ստեփանավան (մինչև ոլորաններ) ավտոճանապարհները փակ են բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։
«Մեղրու սար» կոչվող հատվածը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Լոռու և Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Սպիտակի ոլորանները և Տավուշի մարզի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։
Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից), Կոտայքի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Տավուշի (բացի Նոյեմբերյան, Իջևան, Բերդ քաղաքներից), Լոռու և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։
Տավուշի մարզի, Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևան-Սևան 25-40 կմ-ին, Լանջիկ-Մաստարա, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Գյումրի-Ջաջուռ, Չարենցավան-Ֆանտան և Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին բուք է։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Անվտանգության նկատառումներից ելնելով, երեկ մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: