«Ցավոք, առօրյայում շատ եմ հանդիպում թե՛ նորապսակ զույգերի, թե՛ արդեն երեխա ունեցող զույգերի, ովքեր խուսափում են երեխաների պլանավորումից՝ պատճառաբանելով շրջափակումը», – Հայկուհի Ղուբաթյան:
Շրջափակման հետևանքով առաջացած Ստեփանակերտի ծննդատան համակարգային դժվարությունների, հղիների ինքնազգացողության և թերսնման հետևանքով առաջացած խնդիրների մասին զրուցեցինք մանկաբարձ-գինեկոլոգ Հայկուհի Ղուբաթյանի հետ:
–Արցախցիները բախվում են բազմապիսի խնդիրների: Առավել խոցելի են հղիները և նոր ծննդաբերած կանայք: Բարձրաձայնման արժանի ի՞նչ դժվարություններ եք արձանագրել:
-Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժել են նաև վերարտադրողական տարիքի կանայք, այն է՝ հղիներ, կերակրող մայրեր և հղիություն պլանավորող անձինք։ Արդեն 8 ամիս է շրջափակման մեջ ենք և ունենք խնդիրներ դեղորայքի սղության, տրանսպորտային միջոցների անհասանելիության, վառելիքի բացակայության հետ կապված: Կա սննդամթերքի պակաս, որից էլ բխում է համատարած ավիտամինոզը: Սթրեսը իր բացասական հետքն է թողել արցախցի կանանց վրա։ Ծանրացել է նաև այն հիվանդների կարգավիճակը, ովքեր կարիք են ունենում որոշ մասնագետների կոնսուլտացիաների, լրացուցիչ գործիքային հետազոտությունների իրականացման, որը այստեղ հնարավոր չէ կազմակերպել: Բնականաբար ուղեգրվում էին ք. Երևան: Կան ՀՀ ուղարկվող լաբորատոր հետազոտություններ, որոնք ընդհանրապես անհնար է դարձել իրականացնել:
-Եթե համեմատելու լինենք 90-ականների շրջափակման հետ, ինչպե՞ս են այն ժամանակ հաղթահարել մոր և մանկան առողջությանը սպառնացող վտանգները:
-Ես բնականաբար ականատես չեմ եղել, բայց ավագ կոլեգաներիս պատմածի հիման վրա հիմնվելով կարող եմ ենթադրել, որ գրեթե նույն իրավիճակում էին, նույնիսկ ավելի ծանր պայմաններում: Բախվել են համանման խնդիրների հետ, և այդքանի հետ միասին չմոռանանք նաև , որ պատերազմն այն ժամանակ դեռ չէր վերջացել և բուժօգնությունը ցուցաբերվել էր թեժ մարտերին զուգահեռ:
-Ստեղծված իրավիճակը վիժումների քանակի աճի պատճառ է դարձել: Ի՞նչ են ձեռնարկում համապատասխան մարմինները ցավալի երևույթները կանխելու համար:
-Ցավոք, իրականությունը բավականին տխուր է, անելանելի իրավիճակում ենք հայտնվել, ու կարելի է համաձայնել որ դա չէր կարող անհետևանք լիներ: Այս հարցի լուծման նպատակով ահռելի աշխատանքներ են տարվում մեր տնօրինության և ԱՀ առողջապահության կողմից: Արվում է հնարավոր ամեն ինչ իրավիճակը լավացնելու ուղղությամբ:
– Նոր ծննդաբերած կանայք կրծքի կաթ չունենալու դեպքում պետք է անցնեն կաթնախառնուրդի: Իսկ ի՞նչ անել, եթե այն էլ չկա:
-Իհարկե այն մայրիկները, որոնք կերակրում են կրծքի կաթով, բավականին ապահով են այդ առումով: Մանկական հիվանդանոցում հերթագրմամբ կաթնախառնուրդ են բաժանում կրծքի կաթով չսնվող երեխաների համար:
-Շրջափակումն ինչքանո՞վ է ազդել նորապսակ զույգերի՝ երեխաներ ունենալու որոշման վրա:
– Ներկայումս դեռ ծննդաբերում են մինչև բլոկադա հղիացած կանայք: Ցավոք, առօրյայում, շատ եմ հանդիպում թե՛ նորապսակ զույգերի, թե՛ արդեն երեխա ունեցող զույգերի, ովքեր խուսափում են երեխաների պլանավորումից, պատճառաբանելով շրջափակումը: Ստեղծված իրավիճակը մարդկանց մեջ վախ է առաջացրել ամեն ինչի հանդեպ: Ենթադրությունները արդեն ինքներս կարող ենք անել:
Տաթեւ Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: