Արցախի շրջափակման ժամանակ ես հեծանիվով Ասկերան էի գնում, երբ ռազմական պինդ УАЗ-ն ինձ վրաերթի ենթարկեց, և ես նետվել էի չգիտեմ քանի մետր: Հեծանիվը «թաքցրի» մի պոպոկի ծառի տակ` նպատակ ունենալով ոչ ինձ, որ զինվորականներին չներաքշել ճանապարհային ոստիկանության հետաքննության մեջ: Դրա ժամանակը չէր:
УАЗ-ի երկյուղած զինվորականները մոտեցան ինձ: Նրանց դեմքից երեւում էր, որ ես մահից մի կերպ եմ փրկվել: Այն ժամանակ վառելիք չկար, սակայն այդ պահին մի ուրիշ УАЗ եկավ` զորամասի հոսպիտալի շտապ օգնության մեքենան էր, որ հենց այնտեղ էր գնում, եւ ինձ էլ տարան հետները: Բժիշկը մշակեց ոտքիս վերքը Бетадин-ով եւ որքան հիշում եմ, պատահական մի մեքենայով ինձ հետ Ստեփանակերտ ուղարկեցին:
Հաջորդ օրը պարզվեց, որ լավ էլ բան է եղել: Տրավմաներս սկսեցին զգացնել տալ: Ձեռք, ոտք, մեջք, ամեն տեղ ցավ կար: Նորից հիվանդանոց: Բժիշկը դեղեր գրեց, տեղեկացնելով միաժամանակ, որ դեղատներում ոչինչ չկա: Մենք անգամ դեղ չունենք հիվանդանոցում, ասում էր նա, փորձիր գոնե ծովային աղ գնել եւ դրանով կոմպրեսներ, վիրակապեր արա: Դա էլ չկար: Դուք գիտեք, որ անգամ կերակրի աղ չկա քաղաքում, ասացին դեղատանը:
Ինչո՞ ւ եմ պատմում այսքանը, քանի որ այն մի տեսակ արցախցիների ներկա վիճակի հետ է նմանվում: Նրանց «ոտքի վերքը մշակվել է» Հայաստանում, իսկ հիմա, երբ տրավմաները զգացնել են տալիս, ոչ «դեղ», ոչ “դարման”, ոչ էլ «ծովային աղ» կա: Փոխարենը կա աշխատելու, առաջ նայելու, ինտեգրվելու հորդորներ, կա լավ ապագայի, բնակարանով ապահովելու սին խոստումներ ու ատելության խոսք, որի մասին Արամը գրել է ամեն ինչ:
Իսկ երբ ես եմ գրում արցախցիների սոցիալական խնդիրների մասին, ապշում եմ, թե ինչ մեկնաբանություններ, հայհոյանքներ են թողնում ֆեյք օգտատերերը, իսկ համարձակներն պարզապես երեսիս են ասում ամեն ինչ. «ձեր կանանց լիֆերը տռուսիկի տեղ հագել` փախել եք, փոխանակ մնաք եւ կռվեք, այնքան զենք ու տեխնիկա եք թողել, հիմա էլ եկել ստե նստել ու հենց ընենց հիսուն հազար եք ստանում»:
Չգիտեմ, արդյո՞ք քաղաքակիրթ Եվրոպայում մեկը նման բան կասեր Աղվանստանից կամ Պաղեստինից իրենց երկրում ապաստան գտած մեկի հասցեին: Չգիտեմ, որտեղ է այս ատելության աղբյուրը: Սակայն մի բան է, երբ եվրոպացին աղվանստանցու մասին նման բան ասեր, մեկ այլ բան` հայը հայի: Ինչ վերաբերում է հիսուն հազարներին, ապա տնտեսագետ լինել պետք չէ հասկանալու համար, որ արցախցիներն այդ փողը վերադարձնում են տեղի բնակիչներին բնակվարձի տեսքով, երբեմն էլ գուցե ավելացնելով գումարի չափը: Հաստատ այդ գումարով չեն գնում Դոբայ հանգստանում: ԱՄՆ, ԵՄ քիչ փող չեն տվել բռնի տեղահանված արցախցիների կարիքները հոգալու համար, դա էլ են վերադարձնում, հագիստ եղեք:
Ինչ վերաբերում է աշխատելուն, ապա արցախցին արդուկ չէ, որ որտեղ միացնես` աշխատի: Մեկը մյուսի ատամի ցավը չի կարող զգալ, իմ ատամի ցավն իմն է, ասել է փիլիսոփաներից մեկը (Կա՞նտ): Աշխատանք չհավանել կա, աշխատանք չգտնել կա, մոտիվացիա կորցնել կա, հոգեբանական դժվարություններ կան, աշխատել` վարձ տալ ու ամսվա վերջ դատարկաձեռն մնալ կա, ապագայի հանդեպ անորոշություն կա: Հազար ու մի խնդիր, ապրումներ ու զգացում կա:
Հիմա, երբ բավականին ժամանակ է անցել Արցախի շրջափակումից ու պատերազմից հետո, արցախցիների կյանքն ինչ որ ընթացք է ստացել Հայաստանում: Լավ, այսպե՞ս է լինելու մեր կյանքը: Օգնություն` վարձ, օգնություն` վարձ: Ուրիշի տանը որքա՞ն եմ ապրելու: Մինչև տանտերը ասի՝ բնակարնն ազատե՞ք: Պետությունն ի՞նչ է ասելու վաղը: Ինտեգրվե՞լ է սա, թե՞ դանդաղ հյուծվել: Հասկանալի չէ, թե ինչի սպասելով, անորոշության զգացումով ապրում են մարդիկ:
Step1.am-ն հրապարակել է ՀՀ կառավարության արցախցիների սոցիալական աջակցության «նոր ծրագրը», որի հաստատման դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի անունից դիմում ներկայացնող անձի համար՝ 40,000 դրամ, իսկ ընտանիքի մյուս յուրաքանչյուր տեղահանված անդամի համար՝ 10,000 դրամ է նախատեսվում տրամադրել:
Բոլորս էլ անապահով՝ առանց գործ, առանց տուն մարդիկ ենք: Ի՞նչ իրավունքով են կրճատում փողերը: Միլիոնանոց տները թողել եկել Հայաստանում վերջին կարգի բոմժ դարձել: Միայն կարիքավորներին… Էլ ո՞նց է լինում կարիքավորը: Աղբամաններից պիտի հաց հանենք, որ հավատա՞ն, նյութին մեկնաբանություններում արձագանքում է Աստղիկ Վանյանը:
Ղարաբաղ քյասիբ մարդ չի եղել, բոլորը հարուտ են ապրել: Հարուտ կամ միջակ: Ամեն դեպքում, բոլորը տուն են ունեցել: Իսկ հիմա բոլորս անտուն ու աղքատ ենք, երեկ էլ ինձ ասում էր մի շեխերեցի, ով հիմա Մասիս է ապրում իր ընտանիքով:
Հիշում եմ, ես արդեն “երազանքների գիրկն էի ընկել”, երբ ՀՀ կառավարության ներկայաչուցիչները գնահատում էին արցախցի լրագրողների կարիքները: 2023 թիվն էր դեռ եւ թվում էր, թե իսկապես ամեն ինչ արվում է արցախցիների խնդիրները լուծելու համար: Ինչ լավ կլիներ, եթե Երեւանում արցախցի լրագրողները ինչ-որ մի շենքում միասին բնակվեն, բայց ինչպես Ազազելոն էր Պոպլավսկուն ասում, …сиди тише воды, ниже травы и ни о каких квартирах в Москве (в Ереване) не мечтай, ясно? Возвращайся немедленно в Киев…
Պոպլավսկին գոնե տեղ` Կիեւ վերադառնալու հնարավորություն ուներ, իսկ ո՞ւր վերադառնան արցախցիները: Այն ամենն, ինչ կարող են նրանք անել հիմա, գյուղ ու քաղաք փոխելն է, վարձով մի տնից մյուսը տեղափոխվելը:
Այսօր օրվա երկրորդ կեսից բազմաթիվ նամակներ, զանգեր եմ ստանում 2020թ. զոհվածների ընտանիքներից, որ որպես զոհվածի ընտանիք իրենք «սերտիֆիկատ»-ով տուն կամ բնակարան են ձեռք բերել, որի ֆինանսական պարտավորությունը պետության վրա էր։ Ընտանիքների ներկայացուցիչները հիմնականում նշում են, որ այսօր բանկերից զանգել ու զգուշացրել են, որ այդ պարտավորություններն անցել են իրենց ընտանիքներին, և եթե մինչեւ մայիսի 5–ը չվճարվեն կուտակված պարտքերն ու տոկոսները, վարկը դասվելու է որպես ժամկետանց, հետո՝ հարկադիր, գույքը բռնագանձվելու է և այլն, ինչի մասին վերջերս ահազանգել էր Լիաննա Պետրոսյանը:
Եթե զոհված զինծառայողների ընտանիքներն են սրան առերեսվում, ավելորդ է խոսել մյուսների մասին:
Ճիշտ էր ասում իմ բարեկամը․ ահա ձեր ապագան, ասում էր նա` ցույց տալով Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի փախստականների տներն ու կենցաղը իրենց տան հարեւանությամբ: Դրանք փողոցի երկայնքով հապճեպ կառուցված տնակներ էին, որտեղ նրանք ապրում են մինչեւ այսօր: Ի դեպ, ով կարողացել, այդ տնակների տեղ նորմալ տուն է կառուցել` հույսը դնելով իր ուժերի վրա: Բայց անգամ դա չարվեց արցախցիների դեպքում, ոչ մի հապճեպ տուն չկառուցվեց նրանց համար: Գոնե կիմանային, որ սեփական մի կտոր հող ունեն եւ ինքնավստահության զգացումից դրդված տեղը նորմալ տուն կկառուցեն:
Երեւի կարդացողներից ոմանք արդարացիորեն հարցնեն՝ «ոչի՞նչ, որ դեռ դոմիկներում գյումրեցիներ կան, ոչի՞նչ, որ Հայաստանում էլ անգործ ու անտուն մարդիկ կան»: Արցախցիների օրինակը բերելով, դրանց խնդիրներնին էլ ենք խոսում, որ Հայաստանը երբեք չի կարողացել մարդ «հյուրընկալել», որքան էլ բարձր գոռա դրա մասին:
Մեղմ ասած, տարօրինակ է տեսնել Երեւանի նորակառույցների դատարկ բնակարաններն ու այսքան անտուն ու աղքատ մարդկանց:
Մարութ Վանյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: