“Լաթաքիայում ունենք հայ համայնք, զգուշավորության միջոցառումներ եղել են, բայց հայկական համայնքն առ այս պահը թիրախում չէ”

  • 17:03 10.03.2025

Step1.am-ի զրուցակիցն է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը։

Պարոն Գանդահարյան, մի քանի օր է՝ Սիրիայի ծովափնյա նահանգներում բախումներ են, թիրախում հիմնականում ալավի համայնքն է, որոնց շրջանում կան մեծ թվով զոհեր։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում ընդհանուր առմամբ։

-Կարծում եմ, որ Սիրիայում տեղի ունեցողը կապված է տարածաշրջանային գործընթացների հետ, հիմնականում գործողություններն ուղղված են ալավիների դեմ։ Պետք է նկատի ունենալ մի քանի հանգամանք․ այս ամենը հաջորդեց Սիրիայի անցումային կառավարության նախաձեռնած ազգային երկխոսության համագումարին։ Այնտեղ անցումային իշխանությունների ղեկավարի կողմից նաեւ հնչեց հանձնարարական, որ մշակվելու է նոր Սահմանադրություն՝ լուծելու տարբեր համայնքների ու ազգային փոքրամասնությունների ներգրավածությունը Սիրիայի պետական ու հասարակական կյանքում։

Այնպես են մեկնաբանում, որ Ասադի ռեժիմի մնացորդների ու կառավարական ուժերի միջեւ է բախումը, բայց նաեւ զինյալ խմբավորումների, որովհետեւ այս պահին Սիրայի բանակը դեռեւս ձեւավորված չէ։ Սա նոր իշխանությունների հաստատումից հետո ամենադաժան դեպքն էր, հազարավոր զոհերի մասին են խոսում, որոնց թվում են նաեւ քաղաքացիական անձինք։ Սիրիայի ծովափնյա նահանգները, ծովային ու ցամաքային հենակետերն ավելի շուտ ռուսական ուժերի վերահսկողության տակ են։ Բայց նախկին վարչակարգը հենվել էր հիմնական երկու հենասյուների վրա՝ իրանյան եւ ռուսական, որոնք վերջին իշխանափոխությունից հետո ջլատվեցին։ Եվ աշխարհաքաղաքական միջավայրը, որտեղ տեղի են ունենում այս դեպքերը, պետք է անպայման նկատի ունենալ։

Բայց սա միայն ալավիների խնդիրը չէ, որովհետեւ նրանք դիմագրավում են նաեւ քրդական գործոնին։ Թուրքիան շատ ակտիվ է այդ առումով, որովհետեւ Սիրիայի քրդերը եւս շարունակում են մնալ Թուքիայի անվտանգության կարեւորագույն սպառնալիքներից մեկը։ Եվ այս ամբողջի համատեքստում պետք է նկատել, որ Թուրքիան երկու հիմնական խնդիր ունի՝ նախ սիրիական հսկայական փախստական զանգված կա, որոնք ապաստանել են Թուրքիայում։ Եվ ինքը առաջադրանք ունի նրանց բոլորին վերադարձնել Սիրիա։ Բայց այդ փախստականների թեման ինքը շահարկում է իր արտաքին քաղաքականությունում։ Երկրորդը, քրդերի թեման է։ Բացի քրդերից, կա նաև դրուզների խնդիրը, որոնք Իսրայելի սահմանամերձ շրջաներում են։ Իսրայելը ներխուժել է սիրիական տարածք, վերահսկում է Սիրիայի եւ տարբեր արաբական պետությունների սահմանամերձ շրջաններ, Գոլանի բարձունքներում վերակահավորել է իր ռազմական դիրքերը։ Այսինքն՝ ոչ միայն Թուրքիան, այլ նաեւ Իսրայելն է այս ամենից առիթավորվել։

Եվ եթե գլոբալ նայենք իրավիճակին, նոր ուժերի տեղաբաշխման ընդհանուր գործընթաց է տեղի ունենում ռազմաքաղաքական հարթության վրա։ Իհարկե, այս ամենը վերահսկվում է նաեւ ԱՄՆ կողմից, կարմիր գծերն ու սահմաններն են ճշտվում։ Երեկ կարեւոր քառակողմ հանդիպում կայացավ Սիրիայի, Հորդանանի, Թուրքիայի ու Լիբանանի միջեւ։ Անշուշտ, բոլորը շեշտում են Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու գերիշխանությունը, բայց ըստ էության գետնի վրա այլ գործընթաց է։ Սա ընդամնեը մեկ մասնիկն է ընդհանուր միջինարեւելյան վերափոխվող նոր խճանկարի։

-Հարավային Կովկասի վրա ի՞նչ ազդեցություն կարող է թողնել սա։

-Վերանայվում է նաեւ այն ուժերի հարաբերակցությունը, նախկին ազդեցությունները, որոնք Հարավային Կովկասում էլ կշիռ ունեն կամ որոնց կշիռը թուլանում է։ Օրինակ՝ ռուսաստանյան գործոնը Միջին Արեւելքում նույնը չէ։ Նախկին պատերազմում ամբողջ Սիրիան ռուսական տիրույթում էր, հիմա, չնայած որոշ ծովային հենակետեր պահպանել է, բայց նախկին դիրքերը չի պահպանում։ Միացյալ նահանգներն էլ Հարավային Կովկասում որոշակիորեն ակտիվացրել են իրենց առկայությունը։ Համենայնդեպս մինչեւ այս պահն ընթանում է Հարավային Կովկասից ռուսական գործոնի դուրս մղման ընդհանուր աշխարհաքաղաքական գործընթաց։

Մյուս կողմից, պետք է հաշվի առնել այն, որ Իսրայելը դիտարկվում է որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, որն Ադրբեջանի հետ տարբեր բնագավառներում, հատկապես ռազմական, խորացնում է իր համագործակցությունը։ Եվ, իհարկե, Թուրքիայի գործոնը, որը շատ ակտիվացել է՝ քրդական գործոնը պատճառաբանելով Սիրիայում ռազմական ներկայություն ունենալու համար։

-Սիրիայի հայ համայնքին վտանգ սպառնո՞ւմ է, ի՞նչ իրավիճակ է։

-Սիրիայի ծովափնա նահագներում ընթացող մարտերում զոհվել են երկու հայեր՝ հայր եւ որդի, բայց հայ համայնքը հատուկ թիրախավորված չէ։ Հիմա թիրախում ալավի համայնքն է եւ համայնքի զինյալ խմբավորումները։ Բախումները ծովափնյա շրջանում են, որը համեմատաբար կայուն ու խաղաղ է մնացել սիրիական նախորդ ռեժիմի օրոք պատերազմի ժամանակ։ Հիմա իրավիճակը փոխվել է։ Հայ համայնքը հիմնականում Հալեպում, Դամասկոսում, Քեսաբում ու Կամիշլիում է, որտեղ մարտեր չեն ընթանում։ Լաթաքիայում ունենք հայ համայնք, զգուշավորության միջոցառումներ եղել են, բայց հայկական համայնքն առ այս պահը թիրախում չէ։

Սիրիայի վիճակը հիմա անորոշ է, եթե ազգային երկխոսությամբ նոր Սահմանադրության շրջանակներում ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու գիծը աշխատի, այդ դեպքում, կարծում եմ, որ փուլ առ փուլ ավելի հանգիստ իրավիճակ կստեղծվի։ Բայց ծովափնյա շրջանի բռնկումը բնականաբար որոշ մտահոգությունների տեղիք է տալիս, թեկուզ այնպես չէ, որ սա ներսիրիական համընդհանուր բախումների մթնոլորտ է։ Կարծում եմ, որ սա տարածաշրջանի քաղաքական քարտեզի վերաձեւավորման գործընթաց է, եւ Սիրիան դրա մեկ մասնիկն է։ Եթե հայտարարությունները, որոնք միջազգային ընտանիցքից ու արաբական երկրներից հնչում են՝ կրակն անմիջապես դադարեցնելու մասին, կյանքի կոչվեն, կլինի համեմատաբար հանգիստ։ Բայց ցնցումներ դեռ կլինեն, որովհետեւ պետությունը, կառավարությունը եւ քաղաքական, եւ ռազմական իմաստով կայացած չեն։ Սա անցումային շրջան է, իսկ անցումային շրջանն ուղեկցվում է ցնցումներով։

Ռոզա Հովհաննիսյան

f