Արցախցի Թագուհին մտադիր է ընդլայնել բիզնեսը

  • 11:25 12.03.2025

Թագուհի Սարգսյանն Արցախի Ստեփանակերտ քաղաքից է։ 2023-ի Արցախի հայաթափումից հետո ընտանիքի հետ բնակություն է հաստատել Երևան քաղաքում։

Սիրով ու կարոտով է հիշում Արցախում անցկացրած ամեն մի օրը

 – Ծնվել, մեծացել, սովորել ու ապրել եմ Ստեփանակերտում։ Ուսման բերումով մի քանի տարի բնակվել եմ Երևան քաղաքում՝ սովորելով Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։ Ավարտել եմ “Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն” ֆակուլտետը։ Ուսումս ավարտելուց հետո վերադարձել եմ Արցախ ու մի քանի ամիս հետո աշխատանքի անցել ԱՀ ԱԺ-ում, որտեղ աշխատել եմ մինչև Արցախի բռնի տեղահանումը։

Արցախում հիմնական աշխատանքիս զուգահեռ, քրոջս՝ Մանեի հետ Ստեփանակերտում բիզնես էինք բացել։ Նշանադրության, հարսանիքների, ծնունդների և այլ ուրախ առիթների համար ձևավորում էինք անում։ Մեր բիզնեսը բավականին հաջողված էր։ Անգամ շրջափակման ժամանակ էինք պատվերներ ստանում և այդ սուղ պայմաններում կարողանում էինք մարդկանց ուրախություն պարգևել, նրանց առիթները գեղեցկացնել։

Նկարել մանկուց եմ սիրում, և նկարչության արվեստն իմ մեջ կատարելագործվել է տարիների ընթացքում։ Նկարելու շնորհքն ինձ փոխանցվել է իմ հայրիկից։ Երբ Ստեփանակերտում սկսեցինք դիզայներական աշխատանքներ անել, հենց նկարելն էր ինձ ոգեշնչում և ավելի զարգացնում երևակայական միտքս։

Թագուհու ընտանիքը բոլոր արցախցի ընտանիքների պես դժվարությամբ է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ Արցախի կորստից հետո կյանքն ասես կանգ էր առել, սակայն հետզհետե նրանք հասկացել են, որ պայքարել ու ապրել է պետք, իսկ դրա համար հարկավոր էր որևէ գործ ձեռնարկել։ Թագուհին գործի դրեց նկարչության իր տաղանդը՝ ստեղծելով Taguhi Art բրենդը։

 -Ընտանիքս մեծ է՝ ես, մայրս, քույրս, տատիկս ու պապիկս։ Ցավոք, հայրս, ով Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակից էր, կյանքից վաղաժամ է հեռացել։ Նա մահացել է 2002 թվականին․ գերեզմանը գտնվում է Արցախում։ Տեղահանությունից հետո, երբ հաստատվեցինք Երևանում, շատ էինք ընկճված ու կոտրված, սակայն գիտակցեցինք, որ պետք է մի բանով զբաղվենք։ Հետզհետե մտանք հունի մեջ։

Ես որոշեցի շապիկների ձևավորմամբ զբաղվել։ Նկարելուց հաճույք եմ ստանում, ու դա միշտ իմ հոբբին է եղել։ Հոբբիս դարձրի եկամտի աղբյուր։ Աշխատում եմ հատուկ կտորի համար պրոֆեսիոնալ ներկերով։ Տարբեր գույների շապիկների վրա նկարում եմ այն, ինչ նախընտրում են հաճախորդները, իհարկե, մեծ ուշադրություն եմ սևեռում արցախյան թեմայի վրա։

Քրոջս և ընկերուհիներիս հետ երկար էինք մտածում բրենդի անվան մասին։ Դիմեցի գրաֆիկ-դիզայների, բացատրեցի՝ ինչ տիպի տարբերանշան եմ ուզում և որ անպայման պետք է լինի Արցախի տատիկն ու պապիկը։ Ի վերջո, կարողացանք մեր ուզած պատկերը ստանալ։ Երեք անգամ “Taguhi Art” բրենդով մասնակցել եմ արցախցիների համար կազմակերպած ցուցահանդես-վաճառքի։

Աշխատում եմ օնլայն պատվերով։ Հաճախորդներս հիմնականում արցախցիներ են։ Չեմ դժգոհում․ արդեն բավականին պատվիրատուներ ունեմ։ Իմ հայրենակիցները գիտեն, որ այդ աշխատանքով եմ զբաղվում, ու եթե որևէ օրիգինալ նվեր են ուզում, ապա դիմում են ինձ։ Լինում են դեպքեր, երբ հաճախորդներիս հետ երկար քննարկում եմ պատվերի ամեն մի դետալը և արդյունքում ստանում նրանց ուզած նկարը։ Ձևավորում եմ ինչպես մեծերի, այնպես էլ մանկական հագուստներ,- ասում է Թագուհին։

Առաջիկայում Թագուհին նոր ծրագրեր է նախատեսում։ Նա պատրաստվում է ավելի ընդլայնել տեսականին՝ անցնելով պայուսակների, գլխարկների, սփռոցների, տաբատների և աքսեսուարների ձևավորման: Մտադիր է նոր մտահղացումները կյանքի կոչել մոտ ամսվա ընթացքում ու հանդես գալ թարմացված տեսականիով։ Մեր զրույցի վերջում նա ասում է

-Ինքս ինձ խոսք եմ տվել, եթե Աստված կամեցավ, ու մենք վերադարձանք Արցախ, ապա ես անպայման խանութ կբացեմ, որտեղ ցուցադրված կլինեն միայն ձեռքի աշխատանքներ՝ Արցախի թեմայով:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f