«Էսքան ձգձգել են մորս մարմնի փոխանցումը ու դեռ ասում են, որ իբր չենք վերցնու՞մ». Վերա Աղասյանի որդի

  • 12:32 12.03.2025

Forrights

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած մեկօրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանվեց 120 հազար հայ: Արցախում մնացին միայն շուրջ երկու տասնյակ արցախցի, որոնց մասին հստակ տեղեկատվություն չկա։ Անցած տարի ադրբեջանական APA գործակալությունը հղում անելով  Ադրբեջանի առողջապահության նախարարությանը, տարածեց տեղեկատվություն, ըստ որի՝  հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մնացած 70-ամյա Վերա Աղասյանի մոտ սրտի կանգ է արձանագրվել և նա մահացել է։

Վերա Աղասյանի հարազատներն անմիջապես դիմել էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտե, որպեսզի միջնորդեն ու կնոջ մարմինը տեղափոխեն և հուղարկավորեն Հայաստանում, սակայն այդ կապակցությամբ իշխանությունների կողմից Բաքվի հետ տարված երկխոսությունում մինչև հիմա առաջընթաց չկա։ Երեկ լրատվամիջոցներում կրկին անդրադարձ եղավ Վերա Աղասյանի մարմինը Հայաստան տեղափոխելու հարցին։ ԶԼՄ- ները հղում էին արել APA գործակալության տեղեկատվությանը, ըստ որի Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը նշել է .

«Իրականացվել են անհրաժեշտ բոլոր փաստագրման ընթացակարգերը մարմինը հանձնելու համար, եւ անգամ ընթացիկ տարվա փետրվարին հարցն անմիջականորեն հասցվել է հայկական պատվիրակությանն իրազեկելուն սահմանին առանց միջնորդների մասնակցության հանդիպման ժամանակ։ Սակայն հայկական կողմն արդեն 5 ամիս է՝ ոչ մի կերպ չի արձագանքում մարմինը վերցնելու հարցին»։

Խնդրի առնչությամբ մենք կապ հաստատեցինք Վերա Աղասյանի որդու՝ Արսենի հետ, որը վրդովված է լրատվամիջոցներում շրջանառվող ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվություններով ու հարափոփոխ լուրերով։

«Չեմ ուզում վիրավորել որևէ լրատվամիջոցի, բայց խնդրի հետ կապված դիմել ենք Կարմիր խաչին, Ազգային անվտանգության ծառայությանը։ Ո՞նց կարող է մենք չուզենանք մեր ծնողի դիակը հասցնենք այստեղ, մենք բոլոր կառույցներին դիմել ենք, տարվել էր համապատասխան աշխատանք ու նշվել էր օրը, երբ պիտի Հակարի կամրջի մոտ փոխանցեին մորս մարմինը։ Սակայն այդ նույն օրը՝ նոյեմբերի 11-ին, որ նաև մորս ծննդյան օրն էր, զանգել են մեզ և տեղեկացրել, որ Ադրբեջանը չեղարկել է գործընթացը։ Երկու օր էլ ենք սպասել, նորից դիմել Ազգային անվտանգությանը։ Հիմա 4-5 ամիս անցել է ու որևէ առաջընթաց չկա, բայց տեղի-անտեղի զանգում են ինձնից պարզաբանում պահանջում, այնինչ համապատասխան մարմիններին պետք է դիմել։ Բոլոր մեր փորձերն ապարդյուն են անցել։ Ազգային անվտանգությունը, Կարմիր խաչը, երկրի ղեկավարությունն էլ չի կարողանում հարցին լուծում տա»,- վրդովված տեղեկացրեց Արսենը։

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին Forrights.am-ին տեղեկացրեց, որ չեն կարող մեկնաբանել որևէ իշխանության կողմից արված հայտարությունները, կապված նման խնդիրների կարգավորումների ու համաձայնության հետ, որովհետև իրենց գործունեությունը կոնֆիդենցիալ բնույթ է կրում.

«Այդ առումով նախապես որևէ բան ասել չեմ կարող։ Սակայն մեր կողմից պատրաստակամությունը նույնն է մնում և երբ կողմերն այդ հարցում գան որոշակի համաձայնության, մենք պատրաստակամ ենք աջակցելու, ինչի մասին բազմիցս ասել ենք երկու կողմերին։ Ընտանիքի հետ էլ կապի մեջ ենք, բայց որևէ այլ հարց այս պահին մեկնաբանել չեմ կարող։ Մենք միջնորդ ենք հանդիսանում ու ավելի ճիշտ կլինի իշխանություններն իրենց դիրքորոշումը հայտնեն։ Երկու կողմերի համաձայնության դեպքում մենք պատրաստակամ ենք նպաստել հետագա քայլերի իրականացմանը»։

Վերա Աղասյանը ծննդով Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքից է։ Ամուսնացել ու ապրել է Խրամորթ գյուղում։ Որդու ասելով՝ միայն մայրը չէր մնացել Ստեփանակերտում, այլև եղբայրն ու այլ հարազատներ։ Նրանք ոչ մի կերպ չեն համաձայնել թողնել Արցախը ու նախընտրեցին մնալ այնտեղ՝ մտածելով, որ լավ է մեռնել ծննդավայրում կամ գուցե մի օր արցախցիները կվերադառնան։ Վերա Աղասյանի որդու խոսքով՝ մոր մահվան վերաբերյալ միակ տեղեկատվությունը տարածվել է Ադրբեջանի կողմից։

«Հիմա իմ եղբորիցս 3-4 ամիս է տեղեկություն չունեմ, այլ բարեկամներ էլ ունեմ, որ Ստեփանակերտում են մնացել ու նրանցից էլ լուր չունեմ։ Հեռախոսներն արգելափակել են։ Եթե սկզբից զանգում էին, խոսում, այժմ ոչ մեկի հետ չենք կարողանում կապի դուրս գալ։ Լավ, ասենք մայրս մահացել է, բա 11 հոգի մարդ կա այնտեղ ՝ Ստեփանակերտից, Մարտակերտից, Մարտունուց, Հադրութից, Խնապատից, նրանց ճակատագրով հետաքրքրվող կա՞։ Բոլորին էլ ճանաչում էի, բոլորի հետ էլ խոսում էի ու հիմա կապ չկա։ Էսքան ձգձգել են մորս մարմնի փոխանցումը ու դեռ ասում են, որ իբր չենք վերցնու՞մ։ Չի կարելի չէ՞ մարդուն էդքան տանջած, բոլոր փաստաթղթերը ստորագրել ենք, պատրաստվել, սպասել, բայց ամեն ինչ անօգուտ։ Ի՞նչ ասեմ, իսկ գուցե չի էլ մահացել, միայն տեղեկացրել են, որ Ստեփանակերտի քաղաքացի Վերա Աղասյանը մահացել է ամսի 20-ին, բայց այլ հստակ տեղեկատվություն, փաստ, լուսանկար չկա։ Ամեն ինչ գլխովս անցնում է, ինչ իմանամ ճշմարտությունը։ Միթե՞ էս ամիսների ընթացքում հնարավոր չեղավ խնդիրը լուծել»,- սրտնեղած ու հուսահատված ասած Վերա Աղասյանի որդին։

Զառա Մայիլյան

f