Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված նախագիծը, ըստ որի՝ Արցախից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքների համար ապրիլ ամսվանից հրատապ սոցիալական աջակցություն նոր կարգ է սահմանվում, արցախցիների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել։ E-draft.am կայքում հանրային քննարկման դրված նախագծին https://www.e-draft.am/projects/8387 դեմ է քվեարկել քննարկման մասնակիցների 98 տոկոսը։
Հայտնի է, որ ապրիլից 40+10 հազար դրամ աջակցությունն այլեւս չի հատկացվի բոլոր արցախցիներին, միայն թոշակառուներին, անչափահասներին և հաշմանդամներին, այն էլ՝ մինչև տարվա վերջ։ Իսկ նոր նախագծով նախատեսվում է, որ անապահով ընտանիքների համար աջակցության ամսական չափը կկազմի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի անունից դիմում ներկայացնող անձի համար՝ 40 000 դրամ, ընտանիքի մյուս յուրաքանչյուր տեղահանված անդամի համար՝ 10 000 դրամ։ Միջոցառման շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներ կհամարվեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «14.00»-ից բարձր անապահովության միավոր ունեցող կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները։
Արցախցիները նշում են, որ իրենց 90 տոկոսը սոցիալապես անապահով են, ինչպե՞ս են որոշելու, թե ում պետք է հատկացնեն աջակցությունը։ Հանրային քննարկմանը մասնակցած արցախցիները մատնանշել են սոցիալական տարբեր խնդիրներ եւ նշել, որ ներկա պահին գործող տան վարձերի ու գնաճի պայմաններում անհնար կլինի գոյատեւել առանց 40+10 հազար աջակցության։
«Դեմ եմ նախագծին, քանի որ սխալ որոշում է։ Պետք է թողնել շարունակվի 40+10 նախագիծը՝ մինչև բնակարանով ապահովումը»,- գրել է քննարկման մասնակիցներից Նարա Հակոբյանը։
Ռուբեն Աղայանը գրել է․ «ԼՂՀ տեղահանված բոլոր ընտանիքներն ունեն սոցիալական աջակցության կարիք, անկախ նրանից՝ սեփականություն ունեն, թե ոչ։ ՀՀ կառավարությունը չի ապահովվել ոչ բնակելի տարածությունով, ոչ էլ աշխատանքով, այլ հակառակը՝ սրանով նպաստում է բռնի տեղահանվածների արտագաղթը ՀՀ-ից»։
«Բռնի տեղահանված Արցախցիների 80%-ից ավելին սոցիալապես անապահով է, ինչի՞ մասին է խոսքը։ Ո՞նց կարող է տուն ,տեղ, աշխատանք կորցրած մարդը լինել ապահով, այն էլ մոտ ապագայում առանց բնակվարձի աջակցության: Բազմաթիվ մարդականց անունից ենք խնդրում և հորդորում վերանայել ձեր մոտեցումները»,- գրել է Մարտիկ Պետրոսյանը։
Արմինե Ղարայանն էլ նկատել է, որ Հայաստանի կառավարությունն ամեն ձեւով փորձում եք նվաստացնել արցախցիներին, ավելացնել քաշքշուկներ ստեղծել մարդկանց համար։
«50 000 աջակցության ծրագիրը պետք է շարունակական լինի, մենք բոլորս կարիքի մեջ ենք, աշխատելով հազիվ հասցնում ենք ֆիզիկապես պահել մեր գոյությունը, ուստի այդ ծրագիրը դադարեցնելով, մեզ կստիպեք թողնել ու հեռանալ Հայաստանից։ Եթե դա չէ ձեր իրական նպատակը, ուրեմն արեք հնարավոր ամեն բան, որպեսզի արցախցին կարողանա ապրել իր հայրենիքում»,- գրել է Իրինա Թավադյանը։
«200 000-300 000 դրամ տան վարձն է, 50-70 000 կոմումալները, ո՞նց մարդիկ ձեր տված գումարներով ապրեն»,- հարցադրում է արել Արմենուհի Ավագյանը։
Յանա Դանիելյանն էլ առաջակել է, որ 40+10 հազար աջակցությունը պետք է վերաբերվի բոլոր արցախցիներին և շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր արցախցու Արցախում մնացած իր գույքի ու հողատարածքի համար փոխհատուցում չի տրվել։
Ամրիա Գալստյանն էլ նշել է․ «Հարգելի պատկան մարմիններ, արցախցուն անհրաժեշտ է տուն ու աշխատանք։ Այդ երկու մինիմալ կարիքներից ոչ մեկը չբավարարվեց։ Դրամական աջակցությունը միայն տան վարձերին է հերիքում: Հիմա ինքներդ ձեզ հարցրեք՝ արդյո՞ք փախստականին օգնում եք, թե՞ ոչ»։
Այս նախագիծը հանրային քննարկման է դրված մինչեւ մարտի 21-ը։
Ռոզա Հովհաննիսյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: