Ճարտարապետության մեջ կամարները փակաքար են ունենում (замковый камень), որի վրա սովորաբար արծիվ կամ առյուծի գլուխ է լինում պատկերված` որպես ուժի, ամրության, ամբողջ կամարը պինդ պահելու խորհուրդ: Բայց միեւնույն է, եթե ցանկացած քար հանում ես` կամարը վաղ թե ուշ փլվում, կամ թուլանում է: Կարեւոր չէ, Արցախը փակաքար թե կամարի սովորական քարերից մեկն է եղել, բայց շատերը կհամաձայնեն, որ ինչ այն հանել են, “Հայակական կամարը” թուլացել է:
Եկեք զարդանախշ փակաքարի պատիվը Երեւանին տանք եւ Արցախը տեղադրենք ամենաներքեւում: Ֆիզիկայի օրենքներով հանած քարի վերեւինն առաջինը պետք է իր վրա զգա թուլությունը, որ մեր դեպքում Սյունիքն է (դրանից վերեւ որն է՝ սիրիահայե՞րը): Բավական է լսել սյունեցիներին՝ հասկանալու համար, որ դա այդպես է:
“Դուք գոնե Գորիս, Կապան եք եկել, մենք ո՞ւր ենք գնալու, եթե վաղը…”, հարցնում է մի գորիսեցի, “Սյունքիը տանք` հանգիստ ապրենք”, լսել է մի ուրիշ սյունեցի սրճարանում նստած երեւանցիներից։ “Խնածախ գյուղի դիրքերից կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ”, “Զանգեզուր, Զանգեզուր, Զանգեզուր ու ռեվանշիստ հայեր”, սա էլ գիշեր-ցերեկ ադրբեջանական լրատվամիջոցներն են կրկնում: Մի խոսքով, “քար հանելու” նույն ռազմավարությունը, ինչ եղավ Արցախի դեպքում:
Իսկ երբ մի օր Գորիս փռում ինձ ասացին, որ հաց չկա, ընդհանրապես “ամեն ինչ տեղն ընկավ”:
Առանց մարդկանց լսելու էլ, երբ Վայքն անցնում եւ դեպի Գորիս ես գալիս, տարօրինակ այս մթնոլորտն ու ամայությունը ասես հուշում է ամեն ինչ (թող ես սխաված լինեմ, ու լավատեսների կանխատեսումները ճիշտ լինեն): Այդ նոսր մթնոլորտը Երեւանում չի զգացվում, քանի որ այն փակաքարն է եւ դեռ կամարի մյուս քարերն ամուր պահում են նրան:
Ճիշտ են ասում, որ Ադրբեջանում ոչ թե անձանց, այլ Հայաստանն ու ամբողջ հայությանն են դատում: Համենայնդեպս, ադրբեջանական լրատվամիջոցներից այդպիսի տպավորություն է ստեղծվում. “Հայաստանը մի լավ հարված կստանա ճակատին”, “Հայաստանի հիստերիան անհիմն է”, “Փաշինյանն արգելել է Արայիկին նամակ գրել Իլհամ Ալիեւին”, “Հայաստանը նոր էսկալացիա է պատրաստում”: Ահա այսպիսի վերնագրերով են պատասխանում ադրբեջանական լրատվամիջոցները խաղաղության խաչմերուկում կանգնած Հայաստանին:
Որքա՞ն կդիմանա “Հայկական կամարը”:
Մարութ Վանյան
Լուսանկարում Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին, 2023թ. | Մարութ Վանյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: