«Երբ արմատները խորն են, քամուց վախենալու պատճառ չկա», արդեն 30 տարի այս կարգախոսով է աշխատում Արմենիա Թրի Փրոջեքթ հիմնադրամը, որն այս տարի մայիսին կտնկի խորհրդանշական 9 միլիոներորդ ծառը Հայաստանում։
Հիմնադրամի աշխատակից Մարիամ Աբրահամյանն ասում է, որ վերջին տարիներին տարեկան տնկում են մոտավոր 1 մլն ծառ։
«Հայաստանի տարբեր մարզերում ունենք 4 խոշոր տնկարան, որոնց տարիների աշխատանքի շնորհիվ փոխվում է ծառահատումների հասցրած վնասը եւ Հայաստանի բուսականությունը վերականգնելու կարեւոր առաքելություն է անում հիմնադրամը»,- նշում է Մարիամը։
4 խոշոր տնկարանները գտնվում են Վայոաց Ձորի Չիվա, Արարատի մարզի Խաչփառ, Արագածոտնի Կարին եւ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղերում, ի դեպ Մարգահովիտի անտառային տնկարանը ամենամեծն է Հայաստանում տարեկան արտադրվող տնկիների առումով:
2020թ․ պատերազմից հետո Արմենիա Թրի Փրոջեքթը բարեգորձական ծրագիր է իրականացրել Արցախի 49 ընտանիքների, այդ թվում Շուշիի տեխնոլոգիական համալասարանի և Մարտունու արհեստագործական ուսումնարանի համար՝ տրամադրելով ջերմոցներ, սերմեր եւ գիտելիք սեփական տան բակում ունենալու ապրուստի միջոց։
Արցախցիների տեղահանությունից հետո հիմադրամը շարունակել է ծրագիրը արդեն Հայաստանում իր առաքելությունը՝ նույն ընտանիքներին տրամադրելով ջերմոցներ:
«Արդեն 8 ընտանիքի համար կառուցվել է ջերմոցներ, տրամադրելով 20 տեսակի բարձրարժեք բանջարեղենի ու կանաչեղենի սերմեր»,- ասում է Մարիամը, ով եւս Արցախից է եւ վերջին ամիսներին է միացել հիմնադրամին։
Կարին գյուղում գտնվող տնկարանը հիմնվել է 1996թ.-ին։ Կարինում տնկարան հիմնելու որոշումը պատահական չէր և միտված էր աջակցելու այդ գյուղում 1990-ականների սկզբին Ադրբեջանից բռնագաղթած և վերաբնակեցված մեր հայրենակիցներին ձեռք մեկնելու նպատակով:
Հիմնադրամի Արցախի տնամերձ ջերմոցների ծրագրի ղեկավար Անի Մելքոնյանն ասում է, որ վերջին շրջանում Կարինն արդեն երկրորդ անգամ է ընդունում տեղահան եղած մեր հայրենակիցներին, այս անգամ արդեն Արցախից։
«Մեր տնկարաններում սեզոնային 2 արցախցի աշխատող ունեինք, երբ սկսեցինք կավագործության դասընթացը։ Վարպետի մոտ կատարելագործվեցին, հիմա հենց իրենց ձեռքի աշխատանք կավե ծաղկամաններն ենք կիրառում մեր խանութում»,- ասում է Անին։
Հիմնադրամը վերջերս է Երեւանում բացել մասնագիտացված խանութ, որտեղ տնկիներից բացի կարելի է գտնել տնային ծաղիկներ, բույսեր եւ ստանալ գիտելիք՝ բույսերն ու ծաղիկները խնամելու համար։
Ի դեպ հիմնադրամն ունի 2 կրթական կենտրոն, որտեղ Հայաստանի բուսականությանը եւ կենսամիջավայրի պահպանությանը ծանոթանում են եւ աշակերտներ եւ ուսուցիչներ։
Մշտական ու սեզոնային աշխատողների հետ արդեն 30 տարի ընկերությունը ավելի կանաչ ու մաքուր է դարձնում Հայաստանը, հավատալով, որ ներդրում է կատարում նաեւ գլոբալ շրջակա միջավայրի պաշտպանության գործում։
Մարիամ Սարգսյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: