Միջազգային կառույցներն Արցախի ու արցախցիների իրավունքների հարցը չեն փակում, այսօր Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Մինչ Հայաստանի իշխանություններն ու նրանց քարոզչամեքենան փորձում են հայ ժողովրդին համոզել ու ներշնչել, թե մենք մենակ ենք եւ միջազգային հանրության կողմից լքված, որ հայ ժողովրդի երազած մոդելը թուրք-ադրբեջանական ցեղասպան տանդեմի պարտադրանքով գծված խաղաղության սցենարն է, եւ չկա այլընտրանք, քան ցավոտ ու վերջնական կապիտուլյացիան, Եվրապառլամենտը ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձեւ է ընդունում՝ Արցախի բռնազավթմանը տալով էթնիկ զտում գնահատականը եւ պահանջելով Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել խոշտանգման ենթարկվող 23 հայ գերեվարված անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- հայտարարեց Լիլիթ Գալստյանը։
Նա նաեւ անդրադարձավ Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած բանաձեւին՝ Արցախի հարցով խաղաղության համաժողով անցկացնելու մասին։ Նրա խոսքով՝ կարեւորելով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունն ու պաշտպանելով բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը, Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը բանաձեւ ընդունեց։
«Այս դրվագներն այն մասին են, որ միջազգային ինստիտուցիոնալ գործիքներն ու մեխանիզմները սպառված չեն, սակայն պետական տեսալական ունեցող իշխանության համար։ Իսկ վարչախումբը փորձում է իր դիվանագիտական կատաստրոֆիկ անկարողությունն ու ազգային տեսլականի բացակայությունը կոմպենսացնել մեղավորներ նշանակելով ու հանրությանը համոզելով, թե պարտությունն ու կապիտուլյացիան են մեր գոյության գրավականները»,- ասաց Գալստյանը։