ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձավ հարցին, որ ապրիլից արցախցիների 50 հազար դրամ աջակցության ծագիրը գործելու է միայն թիրախային խմբերի համար։
«Երբ որ մենք անընդհատ կախվածության մեջ ենք պահում նրանց վարձավճարի ծրագրից, մենք նաեւ արհեստական խոչընդոտ ենք ստեղծում, որպեսզի մարդիկ ավելի արագ եւ ինտենսիվ ներառվեն մեր աջակցության երկարաժամկետ ծրագրերում։ 4 հոգանոց ընտանիքին կոնկրետ բնակարանային ապահովման ծրագրի հետ կապված մենք առաջարկում ենք մինչեւ 20 մլն դրամ, կա 400-ից ավելի համայնքների ցանկ, թե որտեղ կարող են բնակարան ձեռք բերել։ Եվ մենք շարունակական աշխատանք ենք իրականացնում, որպեսզի նրանք կարողանան այդ ծրագրերից օգտվել։ Եվ երբ մենք այս աջակցությունը նվազեցնում ենք, մենք միտում ունենք սրանով կոնկրետ ուղերձ հղել, որ պետք է գնան եւ դառնան բնակարանային ապահովության աջակցությնա ծրագրի շահառու»-, ասաց նա։
Պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ մարդկանց խնդիրը չեն լուծել, բռնի տեղահանվածները չեն օգտվել բնակապահովման ծրագրից, եւ երբ աջակցությունը չլինի, այդ մարդիկ բնակարանի վարձավճար տալու խնդիր են ունենալու։ «Դուք չեք լուծել այդ ընտանիքի անդամի զբաղվածության հարցը, բնակարանային հարցը, հիմա նրան ասում եք՝ նվազեցնում ենք աջակցությունը»,- նշեց պատգամավորը։
Ի պատասխան Նարեկ Մկրտչյանն ասաց, որ ամենօրյա կապի մեջ են արցախցիների հետ․ «Ես ասում եմ, որ մենք պետք է խթանենք, որ մեր հայրենակիցներն անցնեն աշխատանքի։ Եվ շատ դրական միտում կա, ունենք 25 հազար թիվը, ովքեր աշխատում են»։