Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները Ազատության հրապարակում տեղադրված վրան-շտաբում շարունակում են հանդիպումներն ու քննարկումները հայաստանյան քաղաքական ուժերի հետ։ Այսօր հանդիպումներ են անցկացվել ՀՀԿ, «Հայաստան» դաշինքի եւ Ազգային ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչների հետ։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը լրագրողներին ասաց, որ քննարկումներն իրենց ներկայացրած 12 կետանոց պահանջների շրջանակներում են։ Նա ասաց, որ սպասում են, որպեսզի ՀՀ իշխանությունները պատասխանեն իրենց պահանջագրում բարձրացրած բոլոր հարցերին։ Հիշեցնենք, որ իշխանություններն արցախցիների քաղաքական եւ իրավական հարցերին չեն պատասխանել։
«Հաջորդ հանրահավաքը ցույց է տալու, որ այստեղ միայն արցախահայության հարցը չէ, սա ազգովի պայքար է, եւ այս շարժումն արդեն վերածնունդ է արթնացրել հանրության մեջ։ Ժողովուրդն սպասում է պատասխանի, մեր հանրությունը պահանջատեր է, ներկա իշխանությունը պատասխանատու է ազգի ներկայացուցիչների առաջ։ Իրենք պարտավոր են մեր բոլոր հարցերի պատասխանները տան՝ հիմնավորված։ Մինչեւ օրս խաբել են, խաբվել ենք, դրա համար սպասում ենք հիմնավորված պատասխանների, չենք նահանջելու»,- հայտարարեց Անաստաս Իսրայելյանը։
Հիշեցնենք, որ մինչեւ ապրիլի 15-ը Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնելու, որից հետո հայտարարելու են հաջորդ հանրահավաքի անցկացման մասին։