“Եթե այսօր Հայաստանի իշխանավորները հանգիստ մեկնում են Վարդենիս, Վայք, Մասիս, պարտական են Արցախյան շարժմանը”

  • 11:31 21.04.2025

«Ղարաբաղյան հարցը եղել է համազգային ինքության, արդարության ու անվտանգության կարեւոր բաղադրիչ։ Աշխարհը Հայաստանին, անգամ խորհրդային Հայաստանին հաշվի առավ, գործակից դիտեց, աշխարհի մայրաքաղաքներում մեր ղեկավարներին ընդունեց, քանի որ Ղարաբաղյան պայքարն էր ուժեղացնում մեր ժողովրդին ու երկրին։ Դա էր, որ օրակարգ էր թելադրում եւ ոչ թե թուլացնում մեզ»,- այսօր Ազգային ժողովի նիստում ասաց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ հետագա 30 տարիներին Հայաստանը միջազգային բեմերում եղել է ուժեղ ներկայությամբ եւ, իր տարածքով լինելով ամենափոքրը ողջ տարածաշրջանում, առանձնացել է, քանի որ ուներ Արցախի Հանրապետություն, քանի որ գործոն էր՝ քաղաքական, ռազմական, դիվանագիտական։ Ու հիմա Հայաստանի Հանրապետության սահմաններին տիրող իրավիճակը, ՀՀ 200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի փասստը վկայում են, թե Արցախի Հանրապետությունն ինչ կարեւոր ու անգնահատելի անվտագային բարձիկ էր ու գործոն ՀՀ համար։

«Արցախյան շարժումը պայքար էր հանուն արժանապատվության, ինքնիշխանության եւ պետականության ամրապնդման, անկախության պայքար էր, ոչ թե պետականության խաթարման։ Արցախյան շարժման կարեւորագույն արդյունքը ՀՀ, նրա ինքնիշխանության համար եղել է այն փաստը, որ եթե այսօր Հայաստանի իշխանավորները հանգիստ մեկնում են Վարդենիս, Վայք, Մասիս, պարտական են Արցախյան շարժմանը, չեմ բացում փակագծերը։ Բայց այսօր այդ շարժումը հռչակվում է որպես խանգարող հանգամանք։ Դուք ուզում եք մի հասարակություն, որը չի հիշում, թե ինչո՞ւ սկսվեց Արցախյան շարժումը, որը չի հիշում՝ ինչի՞ համար տվեց զոհեր, մոռանա Շուշիի ազատագրումից մինչեւ Արցախի Հանրապետության զարգացումն ու կայացումը։ Փաշինյանական ելույթում շեշտվում էր, որ Ղարաբաղյան շարժման շարունակություն այսօր կործանարար է, պիտի մոռանանք, պիտի վերջ դնենք այդ մտածողությանը։

Սա նոր հարձակման փորձ է մեր հավաքական հիշողության ու քաղաքական իմունիտետի դեմ։ Բայց եկեք շատ պարզ հարց տանք՝ ո՞ւմ համար է կործանարար Ղարաբաղյան շարժման շարունակությունը։ Կործանարար է նրանց համար, որոնք ուզում են հաշտեցնել հայ մարդուն հայրենիքը թշնամուն շարունակաբար զիջելու հետ։ Հիմա ո՞վ է կործանում Հայաստանը, որ մեր երկրի ծննդյան վկայական Անկախության հռչակագիրը ցանկանում է ջնջել արտաքին պարտադրանքով ու թելադրանքով։ Ի դեպ՝ երբ առաջին անգամ Փաշինյանի շուրթերից հնչեց Ղարաբաղյան շարժումը թույլ չտալու մասին հայտարարություն, միանգամից հիշեցի, որ երբ իմ գործընկերների հետ ԱԳՆ-ում ծանոթանում էինք Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, մի դրույթ կար, որ սա արգելվելու է։ Ես ԱԳՆ պաշտոնյանին ասացի՝ փաստորեն սրանով Դաշնակցությունը փակելո՞ւ եք, կատակի տվեց, բայց չասաց՝ չէ։ Փաշինյանն ի կատար է ածում առայժմ չվավերացված համաձայնագիրն ու ադրբեջանական հերթական պահանջը»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա հայտարարեց, որ Արցախյան շարժման արժեքները չեն կարող խոչընդոտել Հայաստանի անկախությանը, ամուր եւ անվտանգ պետություն ունենալու իրավունքը։ Ղարաբաղյան շարժման խեղաթյուրված գնահատականներն են խոչընդոտ Հայաստանի պետականության գոյությանը։

Նա ասաց, որ Փաշինյանի ձեռքի քարտեզն ու Հայաստանի վերաբերյալ նրա թեզը խիստ վտանգավոր ու կործանարար է։ Եվ դրա տակ կա մի պարզ ուղերձ՝ մոռացեք այն ամենը, ինչը դուրս է այդ քարետեզից։ Սա, Մանուկյանի խոսքով, դեկլարատիվ կապիտուլյացիա է մեր պատմության, ինքնության ու հիշողության հանդեպ։

«Հայրենիքը քարտեզով չեն սահմանում, հայերնիքը ստեղծվում է հիշողությամբ, մշակույթով ու հաղթանակներով, հանուն հայրենիքի նահատակվածներով։ Պետությունը սահման ունի, հայրենիքը՝ հիշողություն։ Ու երբ հայրենիքը դառնում է բեռ, պետությունը կորցնում է իր հոգին։ Պետությունն առանց հայրենիք ընդամենը վարչական մեխանիզմ է, երբ պետությունը զրկվում է հայրենիքի գաղափարական հենքից, դադարում է լինել արժեք, դառնում է կառավարելի, վաճառվող ու նույնիսկ հանձնվող։ Կիրանցի օրինակը դրա լավագույն վկայությունն է։ Եվ երբ հայրենիքը չկա պետականության հիմքում, պետությունն այդ պահին սկսում է ծառայել ոչ թե ժողովրդին, այլ միայն վարչակարգին»,- նշեց պատգամավորը։