Այսօր արցախցիների վրան-շտաբ են այցելել գերմանացի իրավապաշտպաններ

  • 20:04 21.04.2025

Այսօր Ազատության հրապարակում տեղադրված արցախցիների վրան են այցելել գերմանացի իրավապաշտպաններ։ Նրանք Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներին ասել են, որ միջազգային հանրությունը լավ տեղեկացված չէ արցախցիների խնդրի մասին։

«Մեզ համար հասկանալի է, թե ինչու նրանք այդքան ինֆորմացված չեն։ Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի քաղաքական կուրսը չի ներկայացնում արցախցիների խնդիրները միջազգային հարթակներում»,- հանդիպումից հետո լրագրողներին ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Նա նշեց, որ գերմանացի իրավապաշտպանների հետ խոսել են արցախցիների խնդիրների մասին։ «Նրանք որոշակի ինֆորմացիա ունեին, մենք եւս տրամադրեցինք տեղեկություն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած խոշտանգումների դեպքերի մասին։ Նրանք խոստացել են միջազգային հարթակներում բարձրացնել արցախցիների իրավունքներին առնչվող բոլոր խնդիրները»,- ասաց նա։

Նժդեհ Իսկանդարյանի խոսքով՝ գերմանացի իրավապաշտպանների հետ խոսել են նաեւ արցախցիների հավաքական վերադարձի հարցի մասին։ «Նրանք հետաքրքրվել են՝ իսկ ինչո՞ւ Հայաստանի այսօրվա վարչապետը ու կառավարությունը միջազգային հարթակներում չեն բարձրացնում արցախցիների խնդիրները։ Նույնիսկ մեզ համար անհարմար էր, չգիտեինք՝ ինչ ասել, երբ եվրոպացի մարդիկ հետաքրքրվում են մեր խնդիրներով»,- հավելեց Նժդեհ Իսկանդարյանը։