Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պատասխանելով մեղադրանքներին, թե ինչպե՞ս եղավ, որ դուք ուղաթիռով եկաք, իսկ մյուսներին թողեցիք, որ մնան գերևարվեն, ասաց. «Ես ամենավերջում եմ դուրս եկել, այդ թվում գերեվարվելուց հետո: Ես Արցախում էի, երբ Արցախի նախկին նախագահներին ձերբակալեցին: Ես տեսել եմ, ինչպես են նրանց տարել»:
Նա չցանկացավ այդ մասին ավելի մանրամասն խոսել. «Այս պահին կան գործընթացներ, որոնց մենք չենք ուզում խոչընդոտել կամ վնասել մեր հայտարարություններով: Այդ մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի բանտերում, հենց առաջին օրվանից, որ մենք հարց ենք բարձրացրել, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը և խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից: Այդ մարդիկ մնալով որպես կենդանի պատանդ, ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրս բերումը»:
Շահրամանյանը պնդեց, որ հնարավորություն չկար բանակցություններով հասնել նրան, որ նախկին նախագահները և մյուսները չգերեվարվեն:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Արցախի Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը չցանկացավ պատասխանել Factor.am-ի լրագրողի հարցին, այն մասին, որ ըստ շրձանառվող լուրերի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նրա տնից է գերեվարվել։