Մարտունի քաղաքի ապաստարանում սեպտեմբերի 19-ի երեկոն ծանր լռություն բերեց։ Շշուկները՝ ծածուկ, բերնեբերան փոխանցվում էին, և ամեն լսող քարանում էր՝ ցավից, անսպասելիությունից։ Չհաստատված լուրը ընդունում էին հերքելու հույսով՝ «Ոչ, դա չի կարող ճիշտ լինել…»։
Մռայլ ու սառը նկուղն ավելի սառն էր դարձել այն մտքից, որ քաղաքը, որի վրա թափվում են հարյուրավոր ռումբեր, մնացել է անտեր։ Ազնավուրը չկա։
Հաջորդ կեսօրին գույժը հաստատվեց։ Մանկապարտեզի նկուղում վերջին մակարոնները ճաշ էին դառնում նկուղի երեխաների համար՝ դաստիարակների լուռ արցունքների ներքո. «Մի քանի օր առաջ Ազնավուրն էր բերել Ստեփանակերտից…»
Տեղահանությունից մեկ ու կես տարի անց Ազնավուրի գերեզմանը հավաքական գերեզման է՝ անգերեզման մնացած արցախցիների համար։ Իսկ այսօր՝ իրենց սիրելի, Մարտունու անձնվեր քաղաքապետի՝ Ազնավուր Սաղյանի ծննդյան օրը, մարտունեցիները այստեղ են՝ հիշելու, խնկարկելու ու հարգելու նրա վառ հիշատակը։
Մարիամ Սարգսյան