Կառավարության որոշամբ արցախցիները եւս երկու ամիս 40 հազարական դրամ սոցիալական աջակցություն կստանան

  • 12:47 30.04.2025

Կառավարության այսօրվա որոշամբ արցախցիները եւս երկու ամիս 40 հազարական դրամ սոցիալական աջակցություն կստանան։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է․ «ՀՀ կառավարությունը 2024 թվականի նոյեմբերի 21-ին ընդունել է N 1833-Լ որոշումը, որով հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ին ընդունվել է N 417-Լ որոշումը, որով հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:

Որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում 2025 թվականի ապրիլի 1-ից շահառուներ են դիտարկվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 63 և ավելի տարեկան կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձինք և մինչև 18 տարեկան երեխաները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկմանն վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը»։