Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ավելի քան մեկուկես տարի Բաքվում բանտարկված հորն ու մյուս 22 հայ գերիներին ազատ արձակելու խնդրանքով։ Կրտսեր Վարդանյանի հոդվածը՝ «Հայրս ավելի քան 550 օր բանտում է պարզապես քրիստոնյա լինելու համար» վերնագրով հրապարակել է ամերիկյան FoxNews-ը:
«Ես և իմ ընտանիքը հույս ունենք, որ Դոնալդ Թրամփը՝ որպես խաղաղության նախագահ, կկատարի իր հանձնառությունը: Նա կարող է դա անել՝ Բաքվի ռեժիմին հասկացնելով, որ պետք է հետևել միջազգային կանոններին և ցույց կտա իր հավատարմությունը Կովկասում խաղաղությանը՝ ազատ արձակելով հորս ու մյուս հայ բանտարկյալներին», – նշել է նա։
Դավիթ Վարդանյանը հիշեցրել է՝ մինչ նախագահը դառնալը Թրամփը նախընտրական քարոզչության ընթացքում խոստացել էր պաշտպանել հալածված քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին։
Դոնալդ Թրամփն իր Truth սոցիալական ցանցում հոկտեմբերին քննադատել էր իր դեմոկրատ մրցակից, այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին՝ մեղադրելով, որ նա ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից։
«Նրա ազգային հարցերով անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցը նույնպես կոչ է արել ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին: Հենց այսպիսի աջակցությունն ու ճնշումն է, որ, ի վերջո, կհաղթանակի», – գրել է կրտսեր Վարդանյանը։
Արցախի նախկին պաշտոնյանի որդին հայտարարել է, որ հայրը քաղբանտարկյալ է դարձել՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց նախնիների հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու համար»։
«Ավելի մտահոգիչ է այն, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գնահատմամբ՝ Ադրբեջանում այժմ պահվում է նաև ավելի քան 300 քաղբանտարկյալ, որոնց թիվը վերջին ամիսներին ընդլայնվել է՝ ներառելով ավելի շատ հայ և ադրբեջանցի իրավապաշտպաններ, լրագրողներ և ակտիվիստներ», – ընդգծել է նա։