
Այսօր արդեն մայիսի 5-ն է, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հայտարարել Մոսկվա կատարելիք իր այցի մասին՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու համար։ Չնայած նա ընդունեց Պուտինի Մոսկվա այցելելու հրավերը մարտի 14-ին նրա հետ ունեցած զրույցի ժամանակ, բայց այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել։ Եվ առաջին հերթին, փոխվել է այն, որ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթը Պուտինի Հաղթանակի մոլագարության սովորական թատրոնից վերածվել է մի տեսակ բիֆուրկացիայի կետի, որից հետո սպասվում է համաշխարհային իրադարձությունների ընթացքի կտրուկ փոփոխություն։
Յուրաքանչյուր երկիր այս կետին պատրաստվում է իր ձևով։ Հնդկաստանը հրաժարվել է մասնակցել շքերթին՝ Պակիստանի հետ լարվածության սրումից հետո, որի հետևում հնարավոր է՝ Ռուսաստանն է։ Հնդկա-պակիստանյան «միջուկային» հակամարտությունը սառեցված է՝ մայիսի 9-ից հետո հնարավոր իրադարձությունների սպասումով։
Ուկրաինան, որի հետ Պուտինը ցանկանում էր գտնել առնվազն մեկ «ընդհանուր կետ» և հայտարարել եռօրյա զինադադար “ֆաշիզմի դեմ հաղթանակի առթիվ”, կտրականապես հրաժարվեց և նույնիսկ հայտարարեց, որ չի տրամադրի որևէ անվտանգության երաշխիք այն առաջնորդների համար, ովքեր մայիսի 9-ին կլինեին Կարմիր հրապարակում: Միևնույն ժամանակ, Թրամփը Միացյալ Նահանգները հայտարարեց Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթող և մայիսի 8-ը հայտարարեց Հաղթանակի օր:
Պուտինը Վոլգոգրադի օդանավակայանին վերադարձրեց Ստալինգրադ անվանումը՝ հիշեցնելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը Յալթայում բաժանել են Չերչիլը, Ռուզվելտը և Ստալինը։ Եվ նոր «Յալթա-2025»-ին մասնակցելու համար Պուտինը պետք է իրեն նույնականացնի Ստալինի հետ։
Կմասնակցի՞ արդյոք Պուտինը «նոր Յալթային», և ի՞նչ սկզբունքներով կկառուցվի նոր աշխարհակարգը։ Ինչպե՞ս կզարգանա իրավիճակը Մեծ Մերձավոր Արևելքում։
Ալիևը մեկը մյուսի հետևից հակառուսական դեմարշներ է անում, որ “թռնի”, և Պուտինը ստիպված էր պատրիարք Կիրիլին ուղարկել Բաքու, որպեսզի Ալիևին Մոսկվա բերման ենթարկի։
Միաժամանակ, Նեթանյահուն հրաժարվեց Բաքու 5-օրյա այցից, որտեղ պետք է տեղի ունենային Հայաստանի և Իրանի բաժանման ծրագրի վերջնական ճշգրտումները։ Իսկ Թրամփը աշխատանքից ազատեց իր ազգային անվտանգության խորհրդականին՝ Իրանի վրա ԱՄՆ հնարավոր հարվածը առանց նրա իմացության Նեթանյահուի հետ համաձայնեցնելու համար։ Մերձավոր Արևելքում «գերիշխանության» համար Իսրայելի և Թուրքիայի միջև մղվող պայքարում, կարծես, Իրանն է հաղթում։
Վերջերս վերլուծաբանները պնդում էին, որ Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում կստորագրեն ինչ-որ համաձայնագիր, որի համաձայն ռուսները վերահսկողություն կստանան այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նկատմամբ։ Սա, ենթադրաբար, կլինի տարածաշրջանի նոր բաժանման սկիզբը, քանի որ ենթադրվում է, որ Իրանը կօգտագործի ռազմական ուժ դա կանխելու համար, իսկ Իսրայելը, Միացյալ Նահանգների “համաձայնությամբ”, «կօգնի» Ադրբեջանին անեքսիայի ենթարկել Իրանի հյուսիսը և Հայաստանի հարավը։
Այս պլանները փոխվե՞լ են։ Մինչև մայիսի 9-ը դեռ 3 օր կա։