«Ժողովուրդը չի պարտվել, չի հանձնել ու չի կորցրել, ժողովրդին դավաճանել են։ Իրականում, այո, հենց իշխանական դավաճանության հետեւանքով, ինչին ցավոք պատմության ընթացքում ժամանակ առ ժամանակ ականատես ենք եղել, մենք հայտնվել ենք այս իրավիճակում։ Բայց ես մի եզրակացության եմ հանգել, որ ինչպես 33 տարի առաջ պիտի ազատագրվեր Շուշին, Շուշին հերթական անգամ պիտի ազատագրվի, որովհետեւ առանց Շուշիի մենք կորցնում ենք մեր ինքնությունը, չենք ունենա խաղաղություն»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ Արցախը լուծարված չէ, հարցադրում արեց․ «Կարո՞ղ է արդյոք ՀՀ ղեկավարը ստորագրել եւ լուծարել ՀՀ-ն կամ որեւէ այլ երկրի նախագահ կամ ղեկավար, իհարկե, ոչ։ Պետությունները ստեղծում են ժողովուրդները, եւ որեւէ անձ չունի լիազորություն պետություն լուծարելու։ Հետեւաբար, Սամվել Շահրամանյանը եւս չէր կարող եւ չի լուծարել Արցախի Հանրապետությունը։ Արցախի Հանրապետությունը կա, այն օկուպացված է թշնամու կողմից ու առանց հայերի է»։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն այսօր վտանգված է, երբ չկա հայկական Արցախ։ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Խոզնավար, Խնածախ գյուղերի ուղղությամբ, պրոցեսը խիստ նման է Կարմիր շուկայում տեղի ունեցող պրոցեսներին։ Իրականում Արցախի հայաթափումը սկսվեց Կարմիր շուկայից»,- ասաց նա։
Մետաքսե Հակոբյանը նաեւ նշեց, որ արցախցին չի ապրելու Արդբեջանի անձնագրերով, այդ ընտրությունը արել են 2023-ի սեպտեմբերին։