Tert.am. Արցախցիների համար տրամադրված 64.5 միլիարդ դրամից միայն 8-ն է իրացվել

  • 00:07 11.05.2025

tert.am

Ֆորմալ առումով գործում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագիրը։ Վերջին տվյալներով՝ այդ ծրագրի շրջանակում հավաստագիր է տրամադրվել 865 անձի, որոնցից բնակարան ձեռք է բերել ընդամենը 63-ը։

Արցախցիներն այսօր գերադասում են ունենալ առանձին ավաններ կամ թաղամասեր, սակայն նրանց համար դա պարտադիր չէ․ հիմնական ակնկալիքն այն է, որ աջակցությունն արդյունավետ կազմակերպվի, և մարդիկ կարողանան գնել բնակարան։

Tert.am-ը գրավոր հարցմամբ դիմել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ՝ պարզելու, թե ՀՀ-ում հաստատված արցախցիներին տրամադրված աջակցությունն ինչ ծավալների է հասնում և որքանն է դրանցից իրացվել։

Ըստ փոխվարչապետի գրասենյակից ստացված պատասխանների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրված միջազգային աջակցությունն ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 165 մլն ԱՄՆ դոլար կամ 64.5 միլիարդ դրամ։

Այդ աջակցությունը ստացել են ինչպես ՀՀ բյուջեի ուղիղ փոխանցումների միջոցով (օրինակ՝ Չինաստանից, Լատվիայից, Լիտվայից և ԵՄ-ից), այնպես էլ բնաիրային օգնության տեսքով կամ միջազգային կազմակերպությունների և դոնորների (ՄԱԿ, ԿԽՄԿ, ՀԿ-ներ) միջոցով։

«Ուղիղ բյուջետային աջակցություն. ՀՀ ֆինանսների նախարարության՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց» աջակցության հատուկ հաշվեհամարին ուղիղ նվիրատվություն է իրականացվել Լիտվայի և Լատվայի կառավարությունների կողմից համապատասխանաբար 305,000 և 100, 000 եվրոյի և Չինաստանի ժողովրդական Հանրապետության կողմից 1մլն ԱՄՆ դոլարի չափով:

Միաժամանակ, Հանրապետության նախագահի՝ 2024 թ. Հունիսի 24-ի N ՆՀ-194-Ն հրամանագրով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ին հատկացվել է 15 մլն եվրո դրամաշնորհ (2024թ. դեկտեմբերին համաձայնագրում կատարված լրացումների արդյունքում նախատեսվել է ևս 25 մլն եվրո բյուջետային աջակցություն), որի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես՝ նպաստել Կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրների հասցեագրման և վերջիններիս սոցիալ-տնտեսական ներառմանն ուղղված քաղաքականության իրագործմանը:

Մանրամասն tert.am-ում