Սույն թվականի մայիսի 19-ին Կիպրոսի խորհրդարանի նախագահ Անիտա Դիմիտրիուն՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կայացած ճեպազրույցում խոսելով Բաքվում հայ գերիների ու քաղաքացիական անձանց պահման պայմանների մասին նշել է, որ անընդունելի է 21-րդ դարում տեսնել մարդու հիմնարար իրավունքների նմանօրինակ բացահայտ խախտումները։
Անիտա Դիմիտրիուն այցելել է նաև Արագածոտնի մարզ, որտեղ հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին և ընդգծել նրանց օգնելու Կիպրոսի պատրաստակամության մասին։ Նա նաև նշել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի եռակողմ համագործակցության շարունակականության մասին։
Հատկանշական է նաև Դիմիտրուի հայտարարությունն առ այն, որ միջազգային հանրությունը ևս պետք է միանշանակ հստակ դիրքորոշում դրսևորի մարդու իրավունքների բացահայտ խախտումների վերաբերյալ և չառաջնորդվի երկակի ստանդարտներով։
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը ողջունում և միանում է Կիպրոսի խորհրդարանի նախագահ Անիտա Դիմիտրիուի հայտարարությանը և կոչ անում միջազգային հանրությանը բարձրաձայնել հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները՝ դատապարտելով Ադրբեջանի անօրեն գործողությունները։