Վարչապետի կինն ու հանրային խոսքի դեգրադացիան

  • 22:46 22.05.2025

Վերջին օրերին համացանցում մեծ ակտիվություն է դրսևորում ՀՀ վարչապետի կինը. եթե այս ինֆորմացիայով կիսվենք Հայաստանի քաղաքական վերնախավին անծանոթ որևէ մեկի հետ, վերջինս կկարծի, թե խոսքը գնում է որևէ հանրային կարևորության բացառիկ ծրագրի/իրադարձության մասին։ Պատճառը պրոտոկոլներն են, որոնք քիչ թե շատ նման են իրար տարբեր պետություններում ու որոնց շրջանակներում էլ առաջին տիկնայք ծավալում են իրենց հանրային գործունեությունը։ Բայց վերջին 7 տարիներին և առավելապես վերջին օրերին հայաստանյան վերնախավն ու հատկապես վարչապետի կին Աննա Հակոբյանը, մեղմ ասած, շեղվել են բոլոր տեսակի վարքականոններից։

Հետաքրքրության համար հարցրել եմ ԱԲ-ին, թե ինչպիսին պիտի լինի պաշտոնյայի, հատկապես երկրի ղեկավարի կնոջ, ասել է թե` առաջին տիկնոջ, հանրային կերպարը։ Ահա պատասխանը.

Ինչպիսին պետք է լինի՝

Ակտիվ հղումներով նշված են ասվածի հակառակ օրինակները:

Դեստրուկտիվիզմ՝ կարծիք արտահայտելու իրավունքի քողի տակ

Վերադառնալով գրառումներին` տիկին Հակոբյանի վերջին օրերի ֆեյսբուքյան գրառումները համեմված են վիրավորանքներով, գռեհիկ բառապաշարով, փողոցային արտահայտչամիջոցներով ու հայոց լեզվի ներքին շերտի բառամթերքի հարուստ կիրառմամբ։ Զարմանալի է, որ այս անբռնազբոս գրառումների հեղեղը չի անհանգստացնում առաջին տիկնոջ թիմին, մասնավորապես` հանրային կապերով զբաղվողներին կամ եթե անգամ անհանգստացնում է, ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի լինում դրանց հրապարակումը կանխել կամ գոնե մտքերը վերաձևակերպել, նոր միայն հրապարակել։

Թե ինչ է տեղի ունենում վերջին շրջանում Աննա Հակոբյանի կյանքում, որ հենց ինքն է հեշտությամբ մոռացել իր իսկ կողմից առաջարկվող կրթության թրենդի մասին, հայտնի չէ, սակայն մի բան հստակ է` հանրային այս տեսակ բառապաշար դեռևս ՀՀ որևէ այլ ղեկավարություն իրեն թույլ չէր տվել։ Հատկապես առաջին տիկնանց մակարդակով հայ հասարակությունը սովոր չէր այս տեսակ հանրային դեստրուկտիվ խոսքի ու վարքի։

Հանրային խոսքի ու վարքի նշաձողի իջեցման 7 տարիները

Աննա Հակոբյանը ամուսնու պաշտոնավարության այս 7 տարիների ընթացքում հասցրել էր և խորը բացվածքներով զգեստով հանդիպել երկրի հոգևոր առաջնորդի հետ, և ներկայացել էր փառատոնի պատառոտված ջինսե տաբատով ու տոպով, և հասցրել էր միջազգային հարթակում լինել տասնյակ կանանց մեջ միակ սպորտային կոշիկով, ջինսով ու կրծկալն ընդգծող տոպով նկարվող բացառությունը, բայց նույնիսկ այդ ժամանակ նա համեմատաբար զգույշ էր իր հանրային խոսքում և փորձում էր լինել “ժողովրդի ծոցից ելած” համարձակ, բայց բարի կին։

Այս տեսակ ագրեսիվ վարքագիծը համեմատաբար նոր դրսևորում է վարչապետի կնոջ մոտ։ Հանրային խոսքի այս դեգրադացիայի մասին որոշակի նպաստավոր պայմաններ նախորդիվ արդեն ստեղծել էր Հակոբյանը` իր ՖԲ էջում հարցում անելով “վստահելի” լրագրողների վերաբերյալ և արդյունքում “հաղթող” կարգել երկրում հայտնի ատելության խոսքի առաջամարտիկներին։ Այդ ցուցակում էին իշխանակա հիմնական պրոպագանդիստներ Պետրոս Ղազարյանը, Նանե Արզումանյանը, Ռոման Բաղդասարյանը և այլ լրագրող հորջորջյալներ, ովքեր ամենաբարձր լոյալությունն են ցուցաբերում օրվա իշխանությունների ու անձամբ վարչապետի տիկնոջ նկատմամբ։ Աննա Հակոբյանը ոչ միայն չի թաքցնում իր կապը սույն պրոպագանդիատների հետ, այլև հպարտանում է դրանով ու պարբերաբար “կրթվելը նորաձև է”-ի շրջանակում (և ոչ միայն) նրանց հանդիպումների հրավիրում ու դրանց վերաբերյալ հրապարակումներ անում։

Ցուցադրական մասն ինքնանպատակ չի արվում, սրանով առաջին տիկինը մեսիջ է ուղարկում բոլոր այն լրագրողներին, ովքեր պատրաստ են որոշակի շահագրգռող հանգամանքների պայմաններում, մասնավորապես` գումարի ու այլ տեսակի հովանավորչության, տարածել ՔՊ-ի քիմքին հաճո ինֆորմացիա, եթե անգամ այն հակասում է լրագրության էթիկային ու մարդակենտրոն լուսաբանմանը։

Ստացվում է 7 տարին լրիվ բավարար էր հանրային խոսույթի նշաձողը շրիշակից էլ ցածր իջեցնելու ու հանրությանը դրան սովորեցնելու համար։ Այսօր արդեն քչերն են զարմանում ԱԺ նիստերի ժամանակ հնչեցվող սեռական բնույթի հայհոյանքներից, պաշտոնյաների ցենզուրայից դուրս գրառումներից ու այդ ամենի անհետևանք մնալուց։

Գռեհկության նորմալացումը՝ քաղաքական գործիք

7 տարվա ընթացքում հետզհետե հասարակությունը սովորել է, որ գռեհկաբանություններն ու տարատեսակ հայհոյանքները կարող են հնչել ոչ միայն “Դոգի” լայվերի ժամանակ, այլև պաշտոնական խոսույթներում և ամենաբարձր ատյաններում։ Դա է պատճառը, որ վարչապետի կինը չի վախենում հանրային պարսավանքից, երբ մարդկանց “ոջիլ”, “գեղցի”, “ղզիկ” ու նմանատիպ այլ պիտակներ է կպցնում։ Նա գիտի, որ դրանից իր վարկանիշը հազիվ թե տուժի, որ ՔՊ էլեկտորատը սովոր է այս մակարդակին և նույնիսկ ոգևորվում է դրանից՝ վարչապետի տիկնոջ մեկնաբանությունները հեղեղելով շնորհակալության ու հիացմունքի խոսքերով։

Այս ամենի արդյունքը հասարակության մեջ գռեհկության նկատմամբ աճող հանդուրժողականությունն է, որը հետզհետե խեղաթյուրում է ոչ միայն բարոյականության, այլև ժողովրդավարության, խոսքի ազատության  մասին մարդկանց պատկերացումները։

Տաթևիկ Խաչատրյան