Հայաստանի հարավն իրոք շփոթեցնող է: Կապանի օդանավակայանի բլրին հսկա ադրբեջանական դրոշ, որ հենց քաղաք մտնելուց “աչքալուսանք է տալիս”, մեկ այլ հսկա դրոշ, Իրանինը` հյուպատոսության բակում, բեռնատարների անվերջ հոսք, դարձյալ իրանական, պարսկերեն խոսող հայ խոդովիկ, ռուս սահմանապահներ, հայ-ուկրաինական դրոշներով պատշգամբ, բռնի տեղահանված արցախցի երեխաներ Ագարակի պուրակում, իսկ Կապանի պուրակը Ստեփանակերտի պուրակի զույգ քույրը կարելի է համարել, որտեղ նավակները պահպանվել են:
Արաքսի ափին ինչ-որ մեկը տարածք է ցանկապատել, որ Կազակաշեն է անվանում, իրանցիները շենքեր, ճանապարհներ են կառուցում, երեխաները հավի մսով ձուկ են որսում Ղափանու գետից, պարզ չէ ովքեր հանք են փորում Քաջարանում, մեկն ասում է, որ Շուշա չէ, այլ Շուշի, Լավրովն ասում է, որ ցանկանում է հյուպատոսություն բացել այստեղ, Նժդեհն էլ ասում է՝ փրկենք հայրենիքը:
Նուռ ու սովետական սիմվոլներ, գունազարդ եկեղեցի ու B&B-ներ, դեղատներ ու պարապ տաքսիստներ, պատրաստի, բայց դատարկ նորակառույցներ, հողում թաղված գնացքի ռելսեր ու հասած թութ: Սյունիք:
Մարութ Վանյան