Սյունիքը ոչ միայն “միջանցք” է, այլև բնական ռեսուրսներ, որի համար կռիվը բնության դեմ է

  • 11:42 26.05.2025

Քաջարան

“Քաջարանի կոմբինատը 4.8 միլիարդ դրամի պահանջով դիմել է դատարան ընդդեմ գործադուլին մասնակցած եւ հետո աշխատանքից հեռացված իր մեկ տասնյակ աշխատակիցների։ Սա բացահայտ անօրինականություն է և ճնշում սոցիալական խնդիրները բարձրաձայնած ՀՀ քաղաքացիների նկատմամբ”, գրում է փաստաբան Հրայր Խաչատրյանը: Այն ֆոնին, որ Թրամփը նոր աշխարհակարգը կառուցում է՝ վերաբաշխելով բնական ռեսուրսները, Հայաստանի ընդերքի հետ կապված պատմությունները մի փոքր աշխարհաքաղաքական երանգ են ստանում։  

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժենտիրական ընկերությունը (այսուհետ նաև՝ ԶՊՄԿ ՓԲԸ կամ Ընկերություն) 4 758 480 000 (չորս միլիարդ յոթ հարյուր հիսունութ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի պահանջով դիմել է Հայաստանի Հանրապետության (այսուհետ նաև՝ ՀՀ) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ԶԽՄԿ ՓԲԸ-ից աշխատանքից ազատված՝ 2025թ․ հունվարի 31-ից փետրվարի 11-ը գործադուլին (այսուհետ նաև՝ Գործադուլ) մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված Շավարշ Հովհաննեսի Մարգարյանի, Վահե Սամվելի Մխիթարյանի, Տիգրան Արշամի Աթայանի, Կարեն Մարութի Արշակյանի, Կարեն Արկադիի Անդրեասյանի, Գոռ Վրեժի Բաբաջանյանի, Վահե Վրեժի Բաբաջանյանի, Արթուր Վրեժի Բաբաջանյանի։

Փետրվարին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողները գործադուլ էին սկսել` պահանջելով աշխատավարձի 50% բարձրացման եւ տարրական աշխատանքային պայմանների պահանջով:

Այն ժամանակ  ԶՊՄԿ ռուսաստանյան գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը անուններ չնշելով մեղադրել է «որոշ ուժերի» գործադուլի պատճառով կոմբինատի գործունեությունը կաթվածահար անելու եւ զավթելու փորձի մեջ։

«Նախկինում գործարանը մի տեսակ «պետություն պետության մեջ էր», եւ դրանից դուրս ոչ ոք չէր կարող օգուտ քաղել, – ասել է Խուդոլին։ – Ընկերության միջոցներն ու ազդեցությունը օգտագործվում էին որոշակի խմբերի շահերից ելնելով, բայց այս պրակտիկան դադարեցվեց։ Մենք վերացրինք կոռուպցիոն սխեմաները եւ զգալիորեն ավելացրեցինք երկրի բյուջե կատարվող հարկային վճարումները»։

ԶՊՄԿ-ն, որը Հայաստանի թիվ մեկ կորպորատիվ հարկատուն է, վերահսկվում է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ կապված կազմակերպությունների կողմից: Հայաստանի կառավարությունը տիրապետում է դրա բաժնետոմսերի գրեթե 22%-ին:

Սա էլ թերեւս առանձին fact checking թեմա է գուցե: Արցախում էլ ասում էին Դրմբոնի հանքում ոսկի չկա, պղինձ է միայն, բայց թե ինչո՞ւ էին “պղինձը” ծածկած բեռնատարներով հեռանում` պարզ չէր: Պարզ չէր նաեւ թե ուր: Արցախում էլ խեղճ գյուղացիներն ուրախանում էին «Բեյզ Մեթըլսի» տված “բարձր աշխատավարձով”, ուրախանում էին նոր սառնարան, հեռուստացույց, մեքենա գնելով, մոռանալով գյուղատնտեսության ու առողջության (ավելորդ է նշել էկոլոգիան) մասին: Տեսանք, թե վերջն ինչ եղավ: Հասունացավ մի պահ, երբ Սարսանգում էլ ձուկ չկար, իսկ բլոկադայի ժամանակ այն ընդհանրապես ցամաքեց, համայն հայության միջոցներով կարուցված Արցախի “ողնաշար” հյուսիս-հարավ մայրուղին էլ ավիրվում էին Բեյզ Մեթլզի բեռնատարները:

Այս օրերին հայաստանյան լրատվամիջոցները ակտիվ լուսաբանում են Սյունիքում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքները, չեն մոռանում նակիններին մեղադրել, խոսում են միլիարդավոր ներդրումների (պետբյուջեի ու միջազգային վարկային ծրագրերով, ո՞վ որքա՞ն…), մասին, թեկուզ իրանական երկու ընկերություն է ներգրավված աշխատանքներին: Լավ է, որ սյունեցիները մի քանի ժամ շուտ են Երեւան հասնելու, բայց կյանքը ցույց կտա, թե ով է ավելի շատ օգտվելու ճանապարհից. հասարակ սյունեցինե՞րը, զբոսաշրջիկնե՞րը, թե՞ առյուծի բաժինը բեռնատարներին կհասնի:

Վըսկեն ըխպըհարումն էլ պըծըպածի կանե (ոսկին աղբի մեջ էլ է փայլում), ասում են արցախցիները: Ի՞նչ խոսք, ոսկին փայլուն է, գայթակղիչ, բայց ցավալի է տեսնել , թե ինչպես են այսօր Սյունիքի անտառածածկ սարերը քերում բուլդոզորները:

Ինչո՞ւ են 22% բաժնետոմսերը, դարձյալ արցախցիների ասած, “աչք կոխում”: Նորվեգիայում օրինակ, բնական պաշարներ շահագործող ընկերությունները հարկվում են մինչեւ 78% (նավթ, գազ), իսկ որոշ տվյալներով հանք շահագործող ընկերությունը միայն 7% շահույթ կարող է ստանալ:

Կա Նորվեգիա, կա Նիգերիա, ինչպես ասում են: Ի՞նչ ընտրություն է կատարում Հայաստանը, թե՞  գայիշնիկի մասին հայտնի անեկդոտի պես՝ կանգնելու է “խաչմերուկում”, “խաղաղության” գուցե:

Մարութ Վանյան

Լուսանկարներում՝ Դրմբոնն ու Սարսանգն են