Եթե պետությունն էլ արցախցիներից երես թեքի, ապա դա կնշանակի հայրենիքի երկրորդ կորուստ

  • 15:56 19.06.2025

Իննա Բարսեղյանը ծնվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում բռնի տեղահանվել է իր տնից և տեղափոխվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաք։

Նա իր վրդովմունքն է հայտնում կատարվող իրադարձությունների մասին, որոնք անընդունելի են և անարդար։

Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է արցախցիներին որպես բռնի տեղահանվածներ և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձինք։ Այս կարգավիճակները ստեղծում են կոնկրետ պարտավորություններ պետության համար, որոնք ամրագրված են ինչպես Հայաստանի Սահմանադրության մեջ, այնպես էլ միջազգային իրավական ակտերում։ Սահմանադրության 48-րդ հոդվածով պետությունը պարտավոր է ապահովել սոցիալական պաշտպանություն։

<<Փախստականների և ապաստանի մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ նման կարգավիճակ ունեցող անձինք պետք է ապահովվեն նվազագույն կենսապահովման պայմաններով։ Ժնևի 1951 թվականի կոնվենցիան, ինչպես նաև ՄԱԿի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, պահանջում են ապահովել կեցության, առողջության և սոցիալական անվտանգության իրավունքներ։

-Հայաստանի Հանրապետությունը մեզ խոստացավ պաշտպանություն, աջակցություն և մարդկային վերաբերմունք։ Սակայն փաստացի մենք բախվում ենք անտարբերության, խտրականության և ընտրովի մոտեցումների։ ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ աջակցությունը Արցախի բնակիչներին տրամադրվելու է ըստ հատուկ և խոցելի խմբերի։ Սա անընդունելի է։ Բռնի տեղահանված մարդը ինքնին խոցելի է և կարիք ունի համընդհանուր և համակարգված աջակցության։

Արցախից տեղահանված հազարավոր անձինք, այդ թվում՝ ես, կանգնած են սոցիալական լրջագույն խնդիրների առաջ։ Մենք զրկված ենք մշտական բնակարաններից, զրկված ենք աշխատատեղերից։ Վարձով ապրող ընտանիքներից շատերը հայտնվել են վտարման վտանգի տակ։ Այս պայմաններում պետական աջակցությունը չպետք է պայմանավորված լինի ընտրովի չափանիշներով։ Ես տարիներ շարունակ աշխատել եմ արտադրական ոլորտում։ Առողջական խնդիրների պատճառով այսօր չեմ կարող շարունակել նույն ծանր աշխատանքը։ Բայց քանի որ ես այս պահին չեմ դասակարգվում հատուկ խոցելի խմբում, պետական աջակցությունից զրկված եմ։

Արցախահայության մեծամասնությունը կանգնած է նույն խնդրի առաջ, բնակվարձերի աջակցության դադարեցումն աղետալի հետևանք է թողնելու մարդկանց ճակատագրերի վրա

 -Հայրս 1983 թվականից սեփականության իրավունքով ունեցել է բնակարան Ստեփանակերտում՝ տնամերձ հողամասով։ Այսօր ես զրկված եմ այդ գույքն օգտագործելու հնարավորությունից։ Իսկ այժմ, երբ իմ պետությունը ևս ինձ թողնում է անտուն և առանց հստակ աջակցություն, դա մի քանի անգամ ավելի ծանր է։ Պահանջում եմ Հայաստանի Հանրապետությունից հետևյալը՝ աջակցությունը տրամադրել Արցախի բոլոր բնակիչներին՝ առանց խտրականության Յուրաքանչյուր տեղահանված անձին տրամադրել առնվազն 50000 ՀՀ դրամ աջակցություն ամսական՝ մինչև բնակարանային խնդրի լուծումը կամ հայրենիք վերադառնալը։ Վերանայել աջակցության տրամադրման սկզբունքները՝ առաջնորդվելով ոչ թե բյուջետային սահմանափակումներով, այլ՝ մարդու արժանապատվության և օրենքի գերակայության սկզբունքով։

Մենք հայրենազրկվել ենք ոչ մեր մեղքով։ Մենք չենք ընտրել այս ճակատագիրը։ Բայց եթե մեր պետությունը մեզանից էլ երես թեքի, ապա դա կնշանակի երկրորդ կորուստ։ Մենք պահանջում ենք օրինական աջակցություն և արդար վերաբերմունք։ Պետությունը, որն իր քաղաքացիներին թողնում է անտերության մեջ, չի կարող կոչվել ժողովրդավարական և սոցիալական պետություն։ Հասարակության, կառավարության և բոլոր պետական մարմինների ուշադրությունը հրավիրում եմ այս խնդրի վրա՝ ակնկալելով հստակ, արդար և մարդկային արձագանք։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ