Տուն չունեցողներ հայրենիքում. արցախցիների իրավական և սոցիալական ճգնաժամը

  • 12:59 20.06.2025

«Երկու անգամ եմ տեղահանվել։ Առաջին անգամ Սումգայիթից, իսկ հիմա՝ Ստեփանակերտից։ Ապրում եմ երեք աղջիկներիս հետ, ամուսինս Արցախում է մահացել»,- պատմում է Վալենտինա Ստեփանյանը։ Նա այսօր մասնակցում էր սոցիալական խնդիրների բարձրաձայնմանն ուղղված բողոք ակցիային։

2023 թ․ Արցախի հայաթափումից հետո շուրջ 120 հազար արցախցիներ զրկվեցին հայրենի եզերքից ու դարձան տեղահանվածներ։ Թեև Հայաստանի Հանրապետությունը սկզբնական փուլում հայտարարեց, որ իր պաշտպանության տակ է վերցնում արցախցիներին, հետագայում պարզ դարձավ՝ նրանք նույնիսկ փախստականի կարգավիճակ չունեն։ Իսկ այլ երկիր տեղափոխվելիս ևս այդ կարգավիճակն օրինականորեն ստանալ չեն կարող, քանի որ Հայաստանն արդեն ընդունել է։

Նելլի Գրիգորյանը՝ վաստակավոր ուսուցչուհի, որն այժմ ապրում է դստեր ընտանիքի հետ, ասում է․ «Չեմ հասկանում՝ ինչու է այսպես. կարծես միտումնավոր անում են, որ արտագաղթենք»։ Նա նաև նշում է, որ մայիս ամսվա բնակարանային աջակցության գումարները դեռ չեն փոխանցվել․ «Չգիտեմ ինչ պիտի անենք, եթե այդ գումարն էլ չլինի։ Ես թոշակառու եմ, աշխատել չեմ կարող։ Դուստրս է միայն աշխատում։ Նրա աշխատավարձով ու իմ թոշակով միասին չենք կարող վճարել 180 հազար դրամ տան վարձը»։

Կառավարությունը խոստանում է կարճաժամկետ աջակցությունը փոխարինել երկարաժամկետ լուծումներով, մասնավորապես՝ բնակարանային խնդիրների կարգավորմամբ։ Սակայն այստեղ ևս խնդիրները քիչ չեն։

Վալենտինան նշում է․ «Ասում են՝ 12 միլիոն դրամի շրջանակում պետք է բնակարան գտնենք։ Բայց այդ գումարով անհնար է ապրելու համար պիտանի տուն գնել։ Բացի այդ՝ իմ աղջիկներն էլ շուտով ամուսնանալու են, իսկ ծրագիրը պահանջում է 10 տարի անընդմեջ ապրի գնված բնակարանում»։

Այս պատմությունները միայն անձնական ճակատագրեր չեն։ Դրանք մի ամբողջ բռնագաղթված ժողովրդի հիասթափությունն են, անտեսված սպասումները և պետական քաղաքականության հետևանքով խորացող սոցիալական ճգնաժամի արտահայտությունը։

Փախստականի կարգավիճակ չունենալը իրավական անորոշություն է ստեղծում ոչ միայն ներկայի, այլև ապագայի համար՝ սահմանափակելով մարդկանց շարժունակությունը, իրավունքներն ու արժանապատվությունը։ Իսկ երբ երաշխավորված չէ նույնիսկ ամենահիմնականը՝ կացարանն ու ապրուստը, հույսի կորուստը դառնում է խորը ու վտանգավոր։

Այսօր, երբ աշխարհը նշում է Փախստականների օրը, արցախցիները հիշեցնում են՝ իրենք դեռ անտեսված փախստականներ են սեփական հողում։

Մարիամ Սարգսյան