Հունիսի 25-ը պատմության մեջ կմտնի որպես այն օրը, երբ պաշտոնապես մեկնարկեց Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունների համար հատուկ տրիբունալի ստեղծման գործընթացը: Համապատասխան փաստաթուղթը չորեքշաբթի օրը Ստրասբուրգում ստորագրել են Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, հաղորդում է Dialog.UA-ն: Մեկնաբանելով հատուկ տրիբունալի ստեղծումը՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ յուրաքանչյուր ռազմական հանցագործի նկատմամբ արդար պատիժ կկիրառվի։
«Մենք պետք է հստակ ցույց տանք. ագրեսիան հանգեցնում է պատժի», – ասել է Զելենսկին և ընդգծել, որ այս գործընթացը պետք է իրականացվի Եվրոպայի հետ համատեղ։
Մեկ օր առաջ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ավարտել է տրիբունալի համար իրավական շրջանակի նախապատրաստումը՝ ընդլայնված մասնակի համաձայնագրի ձևաչափով: Այն բաց է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների, գործընկեր երկրների և Եվրամիության մասնակցության համար, որոնք կկարողանան աջակցել դատարանի աշխատանքին և մասնակցել դրա կառավարմանը։
Հատուկ տրիբունալը կլինի առաջին միջազգային դատարանը, որը կստեղծվի ագրեսիայի հանցագործությունը քննարկելու համար: Ի տարբերություն Միջազգային քրեական դատարանին, որը քննում է պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, Հատուկ տրիբունալը կստանա մանդատ՝ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաներին հետապնդելու հատկապես ագրեսիայի ակտ կատարելու համար, որը դուրս է ՄՔԴ-ի իրավասությունից։
Հունիսի սկզբին Երևանում կայացած միջազգային համաժողովում նշվեց, որ հայկական կողմը, իհարկե, պետք է հայցեր ներկայացնի միջազգային դատարաններ, բայց Արցախում գրանցված և փաստաթղթավորված բոլոր հանցագործությունները ագրեսիայի հետևանք են: Եվ արդար դատավճիռներ ստանալու լավագույն միջոցը՝ Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի փաստի վերաբերյալ հայց ներկայացնելն է։
Իրավաբանները նշեցին, որ «ագրեսիա» հոդվածը դեռևս չի ներառվել Հռոմի կանոնադրության մեջ, և քննարկումները շարունակվում են։
Այս քննարկումները սկսվել են 2000-ականների սկզբին, և փորձագետներն արդեն այն ժամանակ գրել են, որ «մեծ տերությունների ամենամեծ մտահոգությունը ագրեսիայի քրեականացումն է։ Չնայած խաղաղության դեմ հանցագործությունների հայեցակարգը ներկայացվել է 1945 թվականի Նյուրնբերգյան դատավարություններում, հաջորդ տասնամյակներում բազմաթիվ ագրեսիաներ են իրականացվել, որոնց համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել”։
Ագրեսիան որպես հանցագործություն ճանաչելու խնդիրն այն էր, որ մինչև 2010 թվականը միջազգային քրեական իրավունքում դրա սահմանում չկար. այն ընդունվել է 2010 թվականի ամռանը Կամպալայում կայացած ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վերանայման համաժողովում։
«Ագրեսիայի հանցագործություն» նշանակում է պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները արդյունավետորեն ուղղորդելու կամ վերահսկելու դիրք ունեցող անձի կողմից ագրեսիայի այնպիսի ակտի պլանավորում, նախապատրաստում, նախաձեռնում և կատարում, որը իր բնույթով, ծանրությամբ և մասշտաբով ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։
Եթե սա վերագրենք Արցախին, կստացվի, որ ագրեսիա է իրականացրել Ադրբեջանը։ Սակայն, եթե հիշենք բարձրաստիճան ռուս զինվորականների խոսքերը, որ «մենք թուրքերի հետ հաջող գործողություն իրականացրեցինք Ղարաբաղում» (Շոյգու), կստացվի, որ ագրեսիան ռուս-թուրքական էր։ Բացի այդ, Ռուսաստանը 2020 թվականին զորքեր մտցրեց Ղարաբաղ՝ հակասելով Մինսկի խմբի մանդատին, և ոչինչ չարեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո Արցախի օկուպացիան և հայ բնակչության տեղահանությունը կանխելու համար։
Հնարավո՞ր է, որ Հայաստանը միանա Ուկրաինային և ներկայացնի իր պահանջը, երբ հատուկ դատարանը սկսի իր աշխատանքները։