Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։
-Պարոն Բալայան, մեր տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանը հետ է կանչել Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախմբի մանդատը։ Ճի՞շտ են այդ տեղեկությունները։
-Ոչ, ճիշտ չեն, հանձնախումբը շարունակում է աշխատել։ Մենք հաճախակի հանդիպում ենք հանձնախմբի հետ, պարոն Օսկանյանի հետ ենք հաճախակի խոսում, քննարկում։ Այդպիսի տեղեկություն ես չունեմ։
Վերջերս նաեւ ԱՄՆ-ում տեղի ունեցան խորհրդակցություններ։ Շվեյցարիայի խորհրդարանի ստորին եւ վերին պալատները որոշում էին ընդունել կազմակերպել Ադրբեջանի եւ արցախյան կողմի հանդիպումը՝ խաղաղության կոնֆերանս անցկացնել։ Գործող օրենքի համաձայն՝ Շվեյցարիայի արտգործնախարարությունը մեկ տարվա ընթացքում պետք է իրողություն դարձնի այդ քննարկումը։ Համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով Շվեյցարիայի խորհրդարանականները նաեւ կոնսուլտացիաներ են անում տարբեր երկրների ուժային կենտրոնների հետ, որոնք կարող են մթնոլորտ ձեւավորել, որպեսզի այդ քննարկումը կայանա։ Տվյալ պարագայում վերջերս ԱՄՆ-ում նման քննարկում տեղի ունեցավ։ Իսկ Օսկանյանի հանձնախումբն աշխատել է տվյալ դեպքում Շվեյցարիայի խորհրդարանի հետ, որպեսզի այդ որոշումը կայացվեր։ Եվ հիմնականում հանձնախմբի աշխատանքի արդյունքն է, որ Շվեյցարիայի խորհրդարանն այդ որոշումը կայացրեց։ Այդ որոշումն ընդունելու համար մարդիկ ջանք են թափել, որոշումը կայացել է, հիմա պետք է այդ որոշումը փորձել իրողություն դարձնել։ Հնարավորություն է ստեղծվել հարցը միջազգային ատյաններում քննարկման նյութ դարձնել։
-Արցախի խորհրդարանի ներկայացուցիչներ ձեռնտո՞ւ է այն աշխատանքը, որն իրականացնում է հանձնախումը։ Դուք արդյունավե՞տ եք համարում հանձնախմբի աշխատանքը։
-Գիտե՞ք, ես կարծում եմ, որ այսօր ստեղծված պայմաններում այո, արդյունավետ է։ Շատ բաներ նաեւ տեղեկատվական դաշտում չի սփռվում, որոշակի աշխատանք տարվում է, եւ ամենաէական այն է, որ պետք է փորձել Արցախի հարցը «տաք» պահել, դրա շուրջ զրույցներ ու քննարկումներ ունենալ տարբեր երկրների ու միջազգային կառույցների հետ եւ հնարավորինս մեր շահը պահել։
-Օրինակ՝ արցախիցների վերադարձի հարցն է բաձրացվում հանձնախմբի կողմից, սա ինչպե՞ս պետք է ապահովվի։
-Փաստորեն թե Միաջզգային քրեական դատարանի, թե միջազգային կառույցների, Եվրամիության կառույցների որոշումներում ու բանաձեւերում տեսանելի են այն գնահատականները, որ Արդբեջանի կողմից ցեղասպանական գործողություններ են կատարվել Արցախի նկատմամբ, եւ այդ ժողովրդին, որոնք հազարամյակներ շարունակ ապրում էին իրենց հայրենիքում, բռնի տեղահանել են։ Հիմա այդ փաստն արձանագրելուց հետո նրանք գտնում են, որ այդ ժողովուրդն ունի իրավունք՝ վերադառնալու իրենց հայրենիք։ Հետեւաբար, այստեղ մենք պետք է ակտիվություն ցուցաբերենք։
Իհարկե, հասկանում ենք, եւ այս վերջին զարգացումներն էլ դա են ցույց տալիս, որ անկախ նրանից՝ հարցն արդար է, թե արդար չէ, միշտ ուժի դիրքից են հարցերը լուծվում։ Բայց կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք այն զարգացումներին, որոնք առաջիկայում հնարավոր է լինեն։ Նայեք, բավականին թեժ է իրավիճակը տարածաշրջանում, Իսրայել-Իրան պատերազմը, Ռուսաստան-Ադրբեջան լարվածությունը, ուկրաինական ճակատում լայնածավալ պատերազմական գործողությունների շարունակությունը, ԱՄՆ-ի նոր դիրքորոշումները Ռուսաստանի նկատմամբ։ Այսինքն՝ աշխարհը բավականին շիկացած է, եւ մենք պետք է դիրքավորվենք, որպեսզի կարողանանք մեր տեղն ունենալ, այսինքն՝ այս ամենի մեջ մեր շահն ունենալ։
Մեր տարածաշրջանով շատ երկրներ կան շահագրգիռ, նաեւ երկրներ կան, որոնք արցախահայության կարիքը զգում են, որովհետեւ հայկական Արցախը չլինելով՝ տարածաշրջանում շատ բան փոխվեց։ 2023 թվականի պատերազմից հետո ինձ մոտ այն տպավորությունն է, որ կարծես աշխարհն ընկղմվել է ավելի խորը ճգնաժամի մեջ՝ Մերձավոր Արեւելքի զարգացումներ, ուկրաինական ճակատում իրավիճակի սաստկացում։ Մեկը մյուսի հետ կապված են։ Օրինակ՝ Իրանը զրկվեց արաքսամերձ այդ 200 կմ տարածքից, որն իր համար անվտանգության գոտի էր։ Այսօր Իրանը դա չունի, և դա իրեն հարվածելու լավ հատված է, այս պատերազմում դա օգտագործեցին Իրանին հարվածելու համար։ Օրինակ՝ Ռուսաստանն այս տարածաշրջանում ազդեցություն ուներ նաեւ Արցախի հետ կապված հարցով, դա հայտնի փաստ է։ Այսօր հայկական Արցախը չկա, եւ Անդրկովկասում բավականաչափ թուլացած է ռուսական ազդեցությունը, դրա փոխարեն մեծացած է թուրքական ազդեցությունը։ Այսինքն՝ բալանսը փոխվել է, եւ դրա հետեւանքով նորանոր թեժ կետեր ենք տեսնում տարածաշրջանում։
Ես նաեւ «Կիլիկիա» հարթակի անդամ եմ, հաճախակի քննարկումներ ենք իրականացնում եւ տեսնում ենք, որ զարգացումներ կան, որոնք կարող են նաեւ շահեկան լինել մեզ համար։ Դրա համար, վերադառնալով հանձնաժողովի աշխատանքին, կասեմ հետեւյալը՝ պիտի այն կարեւորենք նաեւ այս տեսանկյունից, որ հարցը «տաք» պահելն անհրաժեշտ է։
Ռոզա Հովհաննիսյան