Յուլիա Հայրապետյան․ ինչքան էլ ծանր էր, նորից սկսեցի երգել

  • 20:12 10.07.2025

Յուլիան երգչուհի է՝ Արցախից։ Նա իր առջև նպատակ է դրել Արցախի մասին տեսահոլովակ նկարել և քայ առ քայլ գնում է դեպի այն։

-Իմ կյանքը լի էր երջանկությամբ, երբ Արցախում էի։ Ծնողներիս, ընկերներիս սիրով շրջապատված ապրում էի, ու թվում էր, թե այդ երջանկությունը երբեք չի ավարտվի։ Ինձ համար Արցախն աշխարհի ամենագողտրիկ անկյունն էր, որտեղ ամեն ինչ կատարյալ էր։

Դեռևս փոքր տարիքից էի սիրում երգն ու երաժշտությունը։ Ծնողներս, տեսնելով իմ երգելու շնորհքը, հասկացան, որ երգարվեստի մեջ է իմ ապագան։

Այսօրվա պես հիշում եմ, երբ մայրիկս իմ ձեռքից բռնած մանկապատեզից տարավ Ասկերանի երաժշտական դպրոցը, որտեղ ստուգվեցին իմ երաժշտական ընդունակությունները։ Ու մշակութային այդ օջախում սկսվեցին իմ առաջին քայլերը դեպի երգն ու երաժշտությունը։

5 տարի սովորել եմ վոկալ բաժնում, գերազանցությամբ ավարտել դպրոցը։ Երաժշտական դպրոցում՝ շնորհիվ բանիմաց դասատուների, ես հմտացա երգարվեստում։ Ամենուր երգում էի։ Պարզապես ապրում էի երաժշտությամբ։ Մասնակցում էի բազմաթիվ փառատոնների, մրցույթների, որոնք կազմակերպվում էին Արցախի Հանրապետությունում։ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումներում հնչում էր իմ ձայնը։ Այդ տարիներն իմ կյանքի ամենալավ տարիներն էին։ Դպրոցն ավարտելուց հետո, 2020 թվականին ընդունվել եմ Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանը, որը, սակայն, չեմ կարողացել ավարտել 2023-ի բռնատեղահանության պատճառով։

Արցախում ապրած ամեն մի օրս թանկ ու անփոխարինելի է ինձ համար։ Ապրում եմ հիշողություններով, անընդհատ փորփրում եմ հեռախոսիս մեջ պահպանված նկարները։ Անգամ շրջափակման ամիսներին, երբ մեր առջև ծառացել էին մի շարք խնդիրներ, միևնույն է՝ ես շատ երջանիկ էի։ Մենք շատ լավ հարևաններ ունեինք, ասես մեծ ու համերաշխ ընտանիք էինք, ու հենց դա էր օգնում, որ դիմանանք դժվարություններին ու ավելի կոփվենք։ Շատ եմ կարոտում բոլորին և  ցավ ապրում, որ ցրված ենք տարբեր տեղերում։

Արցախի տեղահանությունից հետո երիտասարդ երգչուհին չէր կարողանում այլ զբաղմունք գտնել երգելու ցանկությունը կորել էր նրա մեջ ։

-Սկզբնական շրջանում շատ ծանր էր բոլորիս համար։ Ամեն ինչ կորցնելուց հետո թվում էր, թե կյանքը կանգ է առել, սակայն պետք էր ինչ որ բանով զբաղվել, որ պարզապես կարողանանք ապրել։ Մտածեցի ուժերս փորձել դիմահարդարման բնագավառում, բայց հետո հասկացա, որ դա իմը չէ․ ամեն մարդ պետք է զբաղվի իր սիրած գործով։ Ինչքան էլ ծանր էր, նորից սկսեցի երգել՝ մտածելով, որ այդպիսով կթեթևացնեմ հոգուս ծանրությունը, և ամենակարևորը՝ ինձ ուրախ տեսնելով, կուրախանան նաև ծնողներս։

Սկսեցի մասնկացել տարբեր միջոցառումների, համերգների։ Հնարավորություն եմ ունեցել մասնակցել նաև Հայ Սուպերսթար նախագծին։

Երբ երգում եմ ուրախ առիթներում, առանձնապես արցախցիների միջոցառումներում, զգում եմ, որ մարդիկ լիարժեք չեն կարողանում ուրախանալ։ Հոգուս խորքում ցավ եմ զգում, որ ճակատագիրն այդքան անարդար ու դաժան գտնվեց մեր հանդեպ։ Ցանկանում եմ, որ իմ համերկրացիներն ուժ հավաքեն, նոր միջավայրում վերագտնեն իրենց ու կարողանան ապրել լիարժեք կյանքով։ Գիտեմ՝ շատ դժվար է։ Երբեմն թվում է, թե անհնարին է, սակայն մենք պետք է անցնենք այս փորձության միջով ու երբեք չկորցնենք տուն վերադառնալու հավատը։ Հորդորում եմ արցախցի երիտասարդներին չվհատվել, կատարելագործվել տարբեր ոլորտներում ու միշտ առաջ նայել։

Յուլիա Հայրապետյանն ասում է, որ Արցախից իր հետ միայն հիշողություններ է բերել, որոնք ապրեցնելու հետ մեկտեղ ուժ են տալիս նրան։ Համոզված է՝ Աստված բարեգութ կգտնվի արցախցիների հանդեպ։ Թեկուզ տարիներ հետո՝ Արցախում կրկին կխոսեն ու կերգեն հայերեն։ 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ