Արցախից ու Հայաստանից մի խումբ իրավապաշտպաններ արցախցիների սեփականության պաշտպանության գործընթաց են սկսել և արդեն ավելի քան 100 դիմումներ են ուղարկել Ստրասբուրգի դատարան:
«Գլխավոր պահանջը վերաբերում է է կանխարգելիչ աշխատանքներին, այսինքն՝ պաշտպանությանը, որ Եվրոպական դատարանը համապատասխան վճիռներ կայացնի Արցախի ժողովրդին, տվյալ դեպքում՝ կոնկրետ անձանց պատկանող գույքի պաշտպանության նպատակով», – «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը:
«Իհարկե, քանդված գույքի մասով արդեն փոխհատուցման պահանջ էլ կա, բայց նաև վերադարձի հետ կապված պահանջներ էլ կան ձևակերպված՝ որպես ընդհանուր կոնտեքստ», – նշեց Բեգլարյանը:
Արցախի նախկին օմբուդսմենի խոսքով՝ թե՛ ներպետական ու թե՛ միջազգային իրավունքում սեփականության իրավունքը ամենապաշտպանվածն է, և չեն կարող նստել ու դիտարկել, թե ինչպես է Բաքուն հիմնահատակ քանդում Ստեփանակերտի թաղամասերը, ջնջում գյուղական բնակավայրերը կամ ադրբեջանցիների բնակեցնում այն տներում, որոնց սեփականության իրավունքը արցախցիներինն է:
«Նախ՝ Եվրոպական դատարանը արձանագրի այն խախտումները, որոնք Ադրբեջանը կատարում է և կատարել է: Երկրորդը՝ նաև պարտավորեցնի Ադրբեջանին, որ նախ՝ չբնակեցնի մեր բնակարանները ապօրինի կերպով ադրբեջանցիներով, երկրորդը՝ չքանդի մեր բնակավայրերը», – ասաց Բեգլարյանը:
Արցախի նախկին օմբուդսմենի խոսքով՝ Ստրասբուրգի դատարան ուղարկվող այս դիմումներն ու հետագա վճիռները գուցե զսպեն հայերի ամեն ինչը քանդելու կամ յուրացնելու Բաքվի գործելաոճը: Սակայն, ըստ նրա, այս գործընթացը նաև ռազմավարական նշանակություն ունի. – «Արդյունքում մենք ունենալու ենք շատ լուրջ իրավական ամուր հիմքեր լրացուցիչ, որպեսզի դիվանագիտական, քաղաքական մեխանիզմները գործարկվեն Ադրբեջանի դեմ կիրառելու համար: Մենք չենք կարող ասել՝ այդ ժամանակ ինչ աշխարհաքաղաքական վիճակ կլինի կամ ինչ նոր աշխարհակարգ կլինի, բայց ես վստահ եմ, որ սրանք նոր հնարավորություններ կբացեն մեզ համար»:
Արցախում շուրջ 40 հազար շենք ու բնակելի տուն կա, քանիսն է ավերվել կամ բնակեցվել՝ տեղեկատվության միակ աղբյուրը հենց Բաքվի տարածած տեսանյութերն են:
Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ Ստեփանակերտում շուրջ 14 հեկտար բնակելի թաղամաս արդեն քանդվել է: Վեց պատմական թաղամասեր՝ Թումանյան, Հակոբյան, Կնունյանցներ, Փետրվարի 20 փողոցները, Արցախի համալսարանի հարակից տարածքը, Ազատության հրապարակը Բաքուն «Հաղթանակի զբոսայգի» է դարձնում:
Ըստ Շահվերդյանի՝ Ադրբեջանի նպատակը քաղաքի դեմքն ամբողջությամբ փոխելն է, այդ նպատակով նաև վերացրել են բոլոր կիսանդրիները, արձանները, միայն «Տատիկն ու պապիկն» են մնացել, նրանց էլ Բաքուն փորձում է խորհրդային տարիների կերպարներ ներկայացնել:
Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ այժմ թիրախում նաև եղբայրական գերեզմանն է՝ Ստեփանակերտի հուշահամալիրը, որ արդեն փակված է շինարարական ծածկոցով:
Ինչ իրավիճակ է շրջաններում՝ տեղեկատվություն այս առումով գրեթե չկա, հայտնի է միայն այն, որ Քարինտակ գյուղը ամբողջությամբ քանդել են, ըստ իրավապաշտպան Բեգլարյանի՝ ջնջելու 90-ականների իրենց պարտության ծանր հիշողությունը:
«Սա հարցաթերթիկն է էլեկտրոնային, կայքից կարող են արդեն մտնել այստեղ», – նշեց Արտակ Բեգլարյանը:
«Արցախ» միությունում գործընկեր իրավապաշտպանների հետ շարունակում են տվյալների հավաքագրումը: Արցախում գույք թողած ընտանիքները նախ հարցաթերթիկն են լրացնում, ապա՝ տան փաստաթղթերը ներկայացնում: Ավելի լավ, եթե ադրբեջանական աղբյուրներից տարածված որևէ տեսանյութ կա իրենց տան քանդման կամ յուրացման վերաբերյալ: