Մարգարայի անցակետը Թալեաթի անունով կոչելու մասին օրինագիծ է ներկայացվել Թուրքիայի խորհրդարան

  • 11:52 20.07.2025

ՀՀ ԱԳՆ-ը արձագանքել է Թուրքիայի խորհրդարան ներկայացված օրինագծին՝ Հայաստանի հետ սահմանին գտնվող անցակետը անվանափոխելու մասին՝ ի պատիվ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համապատասխան օրինագիծը Թուրքիայի Ազգային մեծ ժողով է ներկայացրել թուրքական ազգայնական «Լավ կուսակցության» ղեկավար, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն, այն ստորագրել են այդ կուսակցության 28 պատգամավորներ։

«Սպուտնիկ Արմենիան» պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի վարչապետին՝ հարցնելու Երևանի դիրքորոշման մասին այս հարցում. կհամաձայնի՞ արդյոք Հայաստանը դրան, եթե սահմանը բացվի, և ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել երկրի կառավարությունը։

Հարցումը փոխանցվել է երկրի Արտաքին գործերի նախարարություն, որտեղից էլ պատասխան է ստացվել։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Երևանը հաշվի է առնում թուրքական կառավարության պաշտոնական դիրքորոշումն ու որոշումները», – հարցմանը ի պատասխան հայտարարել է արտգործնախարարությունը։

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը առաջարկել էր այս դեպքում հայկական կողմից անցակետը անվանակոչել Սողոմոն Թեհլիրյանի անունով, ով «Նեմեսիս» գործողության շրջանակներում սպանել էր Թալեաթին։

Սակայն, ՀՀ արտգործնախարարության պատասխանը ցույց է տալիս, որ պաշտոնական Երևանը ոչինչ չունի Թալեաթի և Հայոց ցեղասպանության մյուս մեղավորների դեմ։