Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը Welt-ին տված հարցազրույցում քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։
«Ուկրաինան խաղաղություն է ուզում, Ռուսաստանը՝ ոչ։ Եթե [նախագահ Վլադիմիր] Պուտինը իսկապես հետաքրքրված լիներ խաղաղությամբ, նա արդեն կսկսեր հրադադարի շուրջ բանակցությունները։ ԱՄՆ նախագահ Թրամփը, ըստ էության, Պուտինին էր նվիրում Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ արծաթե սկուտեղի վրա, նաև բացառելով Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին», – ասաց նա։
Մասնագետները նշում են, որ ԱՄՆ-Ռուսաստան գործարքը, որի համաձայն պատերազմը դադարում է առաջնագծում, և Ռուսաստանը ստանում է Ուկրաինայի մի մասը, կասեցվել է եվրոպական երկրների ջանքերով, որոնք ստանձնել են Ուկրաինային աջակցելու պարտավորությունը։ Թրամփը նույնիսկ նշել է, որ զարմացած է Եվրոպայի վճռականությամբ, «բայց եթե Եվրոպան պատրաստ է, թող օգնի Ուկրաինային», – ասել է նա։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Թրամփը «կորցնում է համբերությունը» Ուկրաինայում խաղաղության գործընթացի ձգձգումների պատճառով, բայց դեռևս հետաքրքրված է կարգավորմամբ։ Նա ցանկանում է տեսնել այն ավարտին հասցնելու կոնկրետ քայլեր, նշել է դիվանագետը։ Ինչպես նշեց Ռուբիոն, պետության ղեկավարը հիասթափված է, որ Ռուսաստանի հետ իր շփումները «ոչ մի արդյունքի չեն հանգեցնում»։
Նույն հարցազրույցում ավստրիացի դիվանագետը հայտարարեց Ավստրիայի կողմից չեզոքությունից հրաժարվելու հարցը քննարկելու պատրաստակամության մասին, ինչը կարող է ենթադրել ՆԱՏՕ-ին անդամակցություն։