«Մարտունու վերջին լուսանկարները». Անին ու Վաչագանը՝ քաղաքից փրկված հիշողությունների պահապաններ

  • 13:52 28.07.2025

Արցախի Մարտունի քաղաքի երկու երիտասարդներ՝ Անին եւ Վաչագանը, սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում, երբ դեռ պարզ չէր՝ ինչ է սպասվում, որոշեցին լուսանկարել քաղաքի փողոցները։ «Վատագույն դեպքում՝ գոնե ջերմ հուշեր կունենանք», – ասում են նրանք։

Այս լուսանկարները, որոնք ի սկզբանե պարզապես հիշողություններ պահելու փորձ էին, հետագայում դարձան իրենց հայրենի քաղաքի վերջին վկայությունները։

«Չհասցրինք նկարել ամբողջ Մարտունին։ Լուսանկարեցինք Ավոյի արձանի ձախ հատվածից մինչեւ «Ուշառի թաղ» կոչվող տարածքը։ Ընդհանուր՝ 75 նկար։ Երբեք չէինք պատկերացնի, որ դրանք կդառնան այսքան թանկ հուշեր», – պատմում է Անին։

«Ֆոտոխցիկի մարտկոցն ամբողջությամբ լիցքավորված չէր, ու որոշեցինք սկզբում նկարել մի քանի փողոց, հետո լիցքավորել ու շարունակել։ Բայց պարզվեց, որ շարունակել չենք կարող։ Նկարներն արվել են 2023 թվականի սեպտեմբերի 24-ին՝ օրվա երկրորդ կեսին։ Քաղաքում տագնապն ու մարդկանց հարցական հայացքներն ստիպեցին մեզ դադարեցնել՝ չնայած մեր բացատրություններին՝ շատերը պարզապես չէին հասկանում մեր նպատակը», – հիշում է Վաչագանը։

Նրանց պատմելով՝ կեսօրից հետո արդեն հայտնի էր դարձել, որ Արցախը հայաթափվելու է։ Խուճապը մեծ էր, եւ նկարահանումն այլեւս անհնար դարձան։

Տեղահանությունից հետո այդ 75 լուսանկարները դարձան սուրբ մասունքներ։

Նրանց նախագծի գաղափարն իրականություն է դառնում մարտունեցի դարձած սփյուռքահայ Շանթի շնորհիվ, ով հայտարարեց նախաձեռնությունների հավաքագրում։

Ներկայումս լուսանկարներն արդեն տպագրման փուլում են։ Ապագա ալբոմի կազմին պատկերված են Անին, Վաչագանը եւ մարտունեցիներին հայտնի ցուցանակը, որն այսօր այլեւս ֆիզիկապես հասանելի չէ, բայց շարունակում է սպասել՝ որպես վերադառնալու խորհրդանիշ։

Մարիամ Սարգսյան