Արա Պապյան․ Բացի նեղ շրջանակից, որեւէ մեկը չի տեսել, թե ինչ 17 կետեր են ներառված այդ փաստաթղթում

  • 16:57 04.08.2025

«Իմ կարծիքով՝ հանդիպում տեղի կունենա, բայց խաղաղության համաձայնագիր չի ստորագրվի։ Լուրերը տարբեր են, կարծես թե խոսքը ոչ թե բուն փաստաթղթի ստորագրման մասին է, այլ ԱՄՆ-ում հայտարարություն կարվի, որ կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստակամ են ստորագրելու։ Իմ կարծիքով, այո, նման մի բան տեղի կունենա, որովհետեւ ԱՄՆ-ն ու Թրամփն ուզում են այս հարցում որոշակի հաջողություն ցույց տալ։ Գիտենք, որ Թրամփի երազանքն է խաղաղության նոբելյան մրցանակ ստանալ»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Նշենք, որ այսօր տեղեկություն եղավ, որ ուրբաթ օրը Վաշինգտոնում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպում, որտեղ, ենթադրաբար, Թրամփի հովանու ներքո պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիր։

Արա Պապյանի խոսքով՝ Ալիեւին ամենեւին պետք չէ այդ փաստաթուղթը ստորագրել։ Երկրորդ, այդ փաստաթուղթը չի կարող ստորագրվել օրինական, որովհետեւ ստորագրվելուց առաջ այն պետք է նախաստորագրվի, մի ամբողջ ընթացակագ կա, որ պետք է անցնի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի եզարակացությունը պետք է լինի։ Արա Պապյանը նշում է, որ բացի նեղ շրջանակից, որեւէ մեկը չի տեսել, թե ինչ 17 կետեր են ներառված այդ փաստաթղթում։ «Ըստ Սահմանադրության՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ոչ թե կառավարող կուսակցությանը կամ խմբին, մենք պետք է տեսնենք՝ ի՞նչ կետեր են ներառված այդ փաստաթղթում, մանրամասներն են կարեւոր»,- ասաց նա։

Պապյանի խոսքով՝ Հայաստանն այս գործընթացից օգուտ չի ստանա, քանի որ 17 կետերի մեծ մասը մեր դեմ են ուղղված, այդ փաստաթուղթն ըստ էության դա ադրբեջանական պահանջների կատարում է։

«Միակ բանը, որը Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն պետք է ծախեն, դա խաղաղություն բառն է։ Ինքը պիտի ասի՝ տեսեք, բոլորը պատերազմ են ուզում, ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Իհարկե, Ալիեւը կընդառաջի, ամեն ինչ կանեն, որ դա այդպես լինի, որովհետեւ իրենց շատ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը։ Բայց խաղաղության մասին փաստաթուղթը եւ խաղաղությունը երկու տարբեր բաներ են։ Ես վստահ եմ՝ այդ փաստաթղթի մեջ Հայաստանի վրա կդրվեն այնպիսի պարտավորություններ, որոնք Հայաստանը պարզապես ի վիճակի չի լինի կատարել, հետեւաբար, Հայաստանը կլինի այդ փաստաթուղթը խախտող կողմը, ինչն ինքնըստինքյան իրավունք կտա Ադրբեջանին առանց որեւէ պատասխանատվության հեռանալ այդ փաստաթղթից։ Այսինքն՝ երբ հարմար լինի Հայաստանի վրա հարձակվելու, այդ թուղթը հաստատ չի զսպի Ադրբեջանին»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան