Արցախում ոչնչացված հուշարձանների ցուցակ․ նախարարություն

  • 15:41 14.08.2025
2025 թվականի հուլիսի 15-ի դրությամբ Ստեփանակերտում ապամոնտաժվել են հանրահայտ գործիչների հիշատակը հավերժացնող բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները, որոնք տասնամյակներով ձևավորել էին Արցախի Հանրապետության մայրաքաղաքի մշակութային կերպարը։
Այս փաստերը հաստատված են Google Earth-ի արբանյակային նկարների վերլուծությամբ, ինչպես նաև Ադրբեջանի սոցիալական ցանցերի սեգմենտում արված հրապարակումներով։
Քաղաքի հանրային տարածքից վերացված են․
Մշակույթի գործիչներ – Գենրիխ Բարխուդարյան, Հովհաննես Թումանյան, Խաչատուր Աբովյան, Վաղրամ Փափազյան, Շառլ Ազնավուր, Հովհաննես Այվազովսկի, և անվանի իրավապաշտպան Անդրեյ Սախարով։ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրիի ճակատագիրը ճշտման փուլում է։
Մեծ Հայրենական պատերազմի հերոսներ – մարշալ Հովհաննես Բաղրամյան, ծովակալ Իվան Իսակով, երկու անգամ Սովետական Միության հերոս Նելսոն Ստեփանյան։
Ազգային-ազատագրական շարժման և հայրենիքի պաշտպաններ – Աշոտ Գուլյան (Բեկոր), Խրիստոֆոր Իվանյան, Անատոլի Զինևիչ, Յուրի Պողոսյան։
Հեղափոխական շարժման գործիչներ – Ստեփան Շահումյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Ալեքսանդր Ծատուրյան։
Ապամոնտաժված մոնումենտալ արվեստի գործերի ճակատագիրը պաշտոնապես անհայտ է, սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի հետևողական քաղաքականությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, մեծ հավանականությամբ դրանք ոչնչացվել են։
Այս ստեղծագործությունների հեղինակներն էին ինչպես հայ, այնպես էլ հայտնի արտասահմանցի քանդակագործներ, այդ թվում՝ լայն ճանաչում ունեցող ռուս հեղինակներ Սալավատ Շչերբակովը և Վլադիմիր Պոտոցկին։
❗ Ստեփանակերտի հուշարձանների ոչնչացումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, այդ թվում՝
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Կոնվենցիայի և դրա Պրոտոկոլների,
Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի,
ինչպես նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին ապահովել հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։
Ադրբեջանը կրում է ամբողջական միջազգային-իրավական պատասխանատվություն Արցախի պատմամշակութային ժառանգության միտումնավոր և համակարգված ոչնչացման համար, ինչը հանդիսանում է մշակութային ցեղասպանության ձև։
Միջազգային հանրությանը, մասնագիտացված կազմակերպությունները՝
ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհրդը, ՄԱԿ-ը, Միջազգային քրեական դատարանին և բոլոր իրավասու միջազգային կառույցները պրտավոր են տալ հստակ քաղաքական և իրավական գնահատական այս գործողություններին որպես մշակութային վանդալիզմի ակտի և միջազգային պարտավորությունների կոպիտ խախտման,
նախաձեռնել միջազգային քննություն և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին,
ձեռնարկել անհապաղ քայլեր՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը և ապահովելու դրա պահպանությունը,
օժանդակել այն պայմանների ստեղծմանը, որոնք կապահովեն արցախահայության անվտանգ և արժանապատիվ վերադարձը պատմական հայրենիք։
Ստեփանակերտի հուշարձանների ոչնչացումը պարզապես քարի և բրոնզե ձևերի կորուստ չէ․ դա նպատակային փորձ է վերացնել պատմական հիշողությունը, մշակութային ինքնությունը և Արցախի ժողովրդի հոգևոր ժառանգությունը։
Լուսանկարում՝ Ստեփանակերտ քաղաքում Ադրբեջանի ակուպացիոն վարչախմբի կողմից որնչացված արձանների տեղադրությունը: