«Մենք գործ ունենք հանցագործի հետ, հանցագործություններ կատարող անձի հետ գործ ունենք, մի՞թե մենք սրան ենք արժանի, մենք արժանի՞ ենք, որ մեր ճակատագիրը տնօրինի մարդ, որն իր էությամբ ոչ միայն քաղաքականապես անբարոյական է, այլ նաեւ հանցագործ է»,- Ազատության հրապարակում ԱԺԲ հրավիրած հանրահավաքում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ներկա տարածքների ճանաչումը նշանակում է, որ մենք՝ հայերս ճանաչում ենք Ցեղասպանությունը, այն ամենը, ինչ 1915-ից մինչեւ 1923 թվկանը հայերի նկատմամբ արվել է։ Իսկ արվել է հետեւյալը՝ Թուրքիայի ներկա տարածքում ապրող բնակչության 25 տոկոսը վերացվել է։
«Այսօրվա Հայաստանի սահմանների մասին խոսելիս չխոսել այն բանի մասին, որ ռուս-թուրքական ապօրինի պայմանագրով ու կայամական մոտեցմամբ են ձեւավորվել այդ սահմանները, նշանակում է ուղղակի ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունենալ»,- ասաց նա։
Ըստ Պարույր Հայրիկյանի՝ այս ամենը հետեւանք է նրա, որ մենք ունենք Սահմանադրություն, որը թույլ է տալիս ապիկարներին ու քաղաքական անբարոյականներին իշխանության գալ։ «Այսօր, երբ մենք խոսում ենք այս ծանր իրավիճակի մասին, չմոռանանք, որ հիմքերի հիմքում ընկած է ժողովրդին իշխանության լծակներից զրկող ստոր Սահմանադրությունը։ Եվ պատահական չէ, որ այդ ստոր Սահմանադրությանն այդպես փարվել է ամենապիղծ արարածը։ Այլապես ինչպե՞ս կարող էր ցեղասպանություն իրականացրած մարդու հետ ողջագուրվել, ինչպե՞ս կարող էր գերիների, պատանդների առկայության պայմաններում գնալ ու ինչ-որ այլ հարցեր քննարկել»,- հավելեց նա։
«Այսօր մենք մի առաջնահերթ խնդիր ունենք՝ աշխարհը պետք է իմանա, որ Նիկոլը մերը չէ, Նիկոլը մեզ հետ կապ չունի, նա հայ ազգի համար խորթ տարր է։ Ժողովրդի անունից ասում եմ՝ աշխարհ, իմացիր, Նիկոլը հայ ժողովրդի հետ կապ չունի, սեփական հայրենակիցներին ազգային հողի վրա պատանդ պահողի հետ գրկախառնվող ստոր արարածը հայության հետ ոչ մի կապ չունի եւ իրավունք չունի մեզ ներկայացնելու։ Մենք գործ ունենք հետեւողականորեն կոռուպցիոն հանցագործությամբ զբաղվող Նիկոլ Փաշինյանի եւ նրա ավազակախմբի հետ։ Եթե առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դատախազ Վարդապետյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարությունը վերաբերմունք չարտահայտեն, նշանակում է՝ նրանք այդ կոռուպցիոն խմբի անդամներ են»,- հայտարարեց Հայրիկյանը։