«Բռնազավթված Արցախով խաղաղություն չի լինի։ Կլինի այնպիսի խաղաղություն, ինչպիսին հիմա տիրում է Ստեփանակերտում»,- Ազատության հրապարակում ԱԺԲ հրավիրած հանրահավաքում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։
Նա նշեց, որ Հայաստանում իշխանության եկան ուզորպատորներ եւ կոլաբորանտներ, որոնք փորձում են ապացուցել, թե «Արցախը հայկական չէ», հայտարարում են, որ «Արցախյան շարժումը պետք է փակենք ՀՀ-ն պահելու համար»։
«Հայաստանի երրորդ կոչված հանրապետությունը ծնվել է հենց այս հրապարակում՝ «Արցախ» եւ «միացում» կանչելով։ Այսինքն՝ Հայաստանի այսօրվա հանրապետության հիմքում Ղարաբաղյան շարժումն է։ Մի՞թե հայ ժողովրդի բարեկամն է այն մարդը, ով ուզում է այս հանրապետության հիմքում դրված սկզբունքը հանել, այսինքն՝ Ղարաբաղյան շարժումը եթե հանենք, հանրապետությունը չի լինի։ Ցավոք սրտի, այդ դեպքում Հայաստանում կստացվի խաղաղություն, որը շատ նման կլինի Ստեփանակերտի այսօրվա խաղաղությանը։
Հետեւաբար, պետք է պայքարել, մեզանից յուրաքանչյուրը պետք է իր կողքինին արթացնի։ Իշխանությունը զավթած մի խումբ հայտարարում է, որ Արցախը Հայաստանի համար գոյութենական վտանգ է, մեր ժողովուրդը սուս ու փուս նստում է եւ հավատում, որ կարող է պատահի Արցախի հարցը հանեն, եւ Հայաստանում լինի խաղաղություն։
Արցախի հարցը պիտի վերարծարծվի։ Մենք պետք է վերադառնանք Արցախ, ինչպե՞ս կարող ենք վերադառնալ եւ ի՞նչ պայմաններում։ Սկզբում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հանցավոր եռյակը փորձել է ղարաբաղցիներին ստիպել ինտեգրվել Ադրբեջանին։ Այսինքն՝ արցախցին պետք է ինտեգրվեր Ադրբեջանին, մտներ Ադրբեջանի բանակ ծառայության։ Նրանց համար պլան B էր աշխատում՝ եթե արցախցիներին չեն կարողանալու ստիպել ծեծելով վերադառնալ Արցախ, պետք է ինտեգրեն Հայաստանում, ջնջեն, կորցնեն, Արցախը տարրալուծեն։ Էս է իշխանությունների ցանկությունը։
Արցախ մենք վերադառնալու ենք, ուզում ենք վերադառնալ, բայց միայն հայկական Արցախ։ Մեզ ինտեգրվել Ադրբեջանին պետք չէ, արցախցիներին եմ դիմում կոչով՝ ժողովուրդ, աշխատեք համախմբվել համայնքի շուրջը, որպեսզի կարողանանք մեր վերադարձի իրավունքը պաշտպանել։ Մենք վերադառնալու ենք Արցախ միջազգային երաշխիքներով, միջազգային ուժերի այնտեղ տեղակայումով, նույնիսկ սկզբի համար անհրաժեշտ է լինելու միջազգային կառավարում»,- ասաց Հայրյանը։
Նա նշեց, որ հայ ժողովրդի ուղեղը մթագնել են «խաղաղություն» բառով։ «Մենք տեսել ենք թուրքերի վերաբերմունքը Բերձորի միջանցքում խաղաղության աղավնու նկատմամբ։ Ի՞նչ են արել խաղաղության աղավնուն, հուպ են տվել, խեղդել են։ Խաղաղությունը լավ բան է, խաղաղության աղավնի սիրել կարելի է, բայց աղավնի լինել չի կարելի։ Մենք կարող ենք մեզ պաշտպանել, մենք թույլ չենք, փոքրիկ չենք, պարզապես մեզ տարիներով թունավորել են, մասնատել, բաժանել, մենք պետք է այսօր սկսենք մտածել միավորման մասին։ Մենք տեսել ենք, թե ինչի է ընդունակ միավորված ազգը, տեսել ենք 1988 թվականին, տեսել ենք մինչեւ 1994 թվականը»,- նշեց Լեւոն Հայրյանը։
Նա կոչ արեց Ազատության հրապարակում դարձյալ սկսել «Միացում Արցախ» շարժումը եւ միացման ճանապարհով մեր երթը վերսկսել․ «Սա է մեր միակ փրկությունը՝ միասնություն։ Մենք պետք է մեր միասնակամությունը վերկանգնենք, Արցախի հայկականությունը վերականգնենք եւ Հայաստանի երրորդ հանրապետության կյանքը շարունակենք։ Արցախի հարցը հանելով երրորդ հանրապետության տակից՝ մենք կքանդենք երրորդ հանրապետությունը։ Երրորդ հանրապետությունը եթե կործանվի, նոր աշխարհարկարգում չորրորդի համար հայերը տեղ չունեն։ Առաջին հանրապետության գաղափարները պետք է վերականգնել, բայց այսօր ովքեր աշխատում են երրորդ հանրապետությունը վերացնելու համար, պետք է հրաժեշտ տան իշխանությանը»։