Վճռորոշ օր է Ուկրաինայի և Հայաստանի, բայց ավելի շատ՝ Եվրոպայի համար

  • 09:58 18.08.2025

Այսօր Վաշինգտոնում կկայանան հանդիպումներ, որոնք կարող են դառնալ համաշխարհային կարգի փոփոխության մեկնարկային հանգրվանը: Փոփոխությունների վեկտորը կազդի բազմաթիվ երկրների, առաջին հերթին՝ Ուկրաինայի և Հայաստանի ճակատագրի վրա։

Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը Ուկրաինայի նախագահ Զելենսկուն հրավիրեց Վաշինգտոն: Սակայն Զելենսկու հետ ԱՄՆ մեկնեց եվրոպացի առաջնորդների աննախադեպ խումբ: Դրանք են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն: Bild-ի տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ստարմերը նույնպես կմեկնեն ԱՄՆ մայրաքաղաք։

Եվրոպացի առաջնորդները պետք է օգնեն Զելենսկուն մերժել Պուտին-Թրամփ առաջարկը և պահպանել ներկայիս աշխարհակարգը։

Զելենսկին պարզապես պետք է ընդունի Պուտինի «առաջարկը», – հանդիպումից առաջ ասել է Սպիտակ տան ղեկավարը: Թրամփը նաև հստակեցրել է, որ Զելենսկին կարող է չընդունել Պուտինի առաջարկը և շարունակել պատերազմել: «Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց այդ ամենը», – գրել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը կոչ է անում Կիևին մոռանալ Ղրիմի մասին, որը 12 տարի առաջ, ըստ նրա, Օբաման «հանձնեց առանց մեկ կրակոցի», և Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի անդամակցության մասին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ հակամարտությունը լուծելու համար Ռուսաստանը «պետք է ճանաչի Ուկրաինայի ինքնիշխանությունը», այդպիսով ընդունելով, որ եթե ԱՄՆ-ն աջակցում է Ռուսաստանի «առաջարկներին», ապա Վաշինգտոնը ևս չի ճանաչում Ուկրաինայի և այլ երկրների ինքնիշխանությունը: Վաշինգտոնը նաև ճանաչում է աշխարհում հակամարտությունները ուժով լուծելու «իրավունքը»։

Թեկուզ դա ավելի վաղ հաստատվեց օգոստոսի 8-ին, երբ Թրամփի հովանու ներքո Փաշինյանը և Ալիևը Վաշինգտոնում ստորագրեցին փաստաթղթեր, որոնք կոչված էին հաստատել Ալիևի՝ Արցախյան հակամարտությունը ուժով լուծելու “իրավունքը”: «Հայերը լավ են կռվում, տեսնենք, թե ինչ կարող են անել», – ասել էր Թրամփը 2020 թվականի հոկտեմբերին՝ իր առաջին ժամկետի ավարտին: Քանի որ հայերը «չեն կարողացել» ոչինչ անել (այսինքն՝ հաղթել Թուրքիային, Ռուսաստանին, Պակիստանին, Իսրաելին), ապա պետք է ճանաչենլ Ալիևի և մյուսների՝ Հայաստանը գրավելու իրավունքը։

Օգոստոսի 8-ի հանդիպումից հետո ուկրաինական հանրությունը ցնծում էր այն փաստից, որ Ալիևը «հաղթեց»՝ ինադու Պուտինին։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ «Թրամփի ճանապարհի» վերաբերյալ որոշումը համաձայնեցված էր Ռուսաստանի հետ, սակայն դա չխանգարեց ուկրաինացիներին ցնցվել Հայաստանին պարտադրված անպատիվ «խաղաղությունից»։ Այժմ նրանք գտնվում են Ռուսաստանի հետ իրենց սեփական «խաղաղության» շեմին, երբ այլևս չի քննարկվում 1991 թվականի սահմաններին վերադառնալու հարցը, այլ միայն Դոնեցկի մարզի չօկուպացված մասի չհանձնելու հնարավորությունը։

Անպատիվ «խաղաղությունը» Հայաստանում և Ուկրաինայում նշանակում է, որ պետական ինքնիշխանության սկզբունքի վրա կառուցված աշխարհակարգը քայքայվում է մեր աչքերի առաջ։ Եվ հաջորդ թիրախը եվրոպական երկրներն են. ի՞նչ կանեն լիբերալ դեմոկրատ առաջնորդները, եթե Պուտինը «վերցնի» Էստոնիան, իսկ ԱՄՆ-ն ու Թուրքիան վետո դնեն ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի կիրառմանը։ Ոչինչ, ուստի նրանք հիմա փորձում են փրկել աշխարհակարգը Ուկրաինայում։

Օգոստոսի 17-ին Բրյուսելում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն ուժով, ինչը ենթադրում է հուսալի անվտանգության երաշխիքներ և Ուկրաինայի զինված ուժերի զարգացման սահմանափակումների բացակայություն։ «Ուկրաինան պետք է դառնա պողպատե խոզուկ, որը ոչ ոք չի կարող «մարսել», – համոզված է քաղաքական գործիչը։

Ֆոն դեր Լեյենը համոզված է նաև, որ Ուկրաինայի սահմանները չեն կարող փոխվել ուժով։ Միայն Ուկրաինան կարող է որոշումներ կայացնել դրանց փոփոխության վերաբերյալ։ Այսինքն՝ եթե Զելենսկին «կամավոր» համաձայնվի հանձնել Դոնբասը, ապա դա այլևս չի համարվի «սահմանների ուժային փոփոխություն»։ Ճիշտ այնպես, ինչպես 2020-2023 թվականների Արցախյան պատերազմը և բնիկ բնակչության տեղահանությունը չհամարվեցին ագրեսիա և ցեղասպանություն, քանի որ Փաշինյանը “ճանաչեց” սեփական անիրավությունը։

Եվրոպայի երկերեսանիությունն ու երեսպաշտությունը շատ չեն տարբերվում Թրամփի դիրքորոշումից, որը հավատում է՝ սահմանները կարող են փոխվել ուժով, կարող է պարտադրվել ամոթալի խաղաղություն: Միայն Թրամփն անկեղծորեն է խոսում այս մասին, մինչդեռ եվրոպացի առաջնորդները ծածկում են իրենց ամոթը կապիտուլյացիայի «կամավոր» որոշմամբ։

Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը իսկապես կարող է վճռորոշ լինել. պոկվում են լիբերալ դեմոկրատական դիմակները, որոնց միամտորեն հավատում էին հետխորհրդային երկրները, ինչպես Ղարաբաղը միամտորեն հավատում էր իրավունքի, ինքնորոշման ամենակարողությանը՝ զոհաբերելով ամեն ինչ հանուն այն բանի, ինչը հիմա կողծ անվանում են «խաղաղություն»։