Ադրբեջանն իր նկրտումներից չի հրաժարվել, եւ դա հուշում է, որ պատերազմը չի չեղարկվել

  • 22:21 20.08.2025

«Նախ եւ առաջ մենք պետք է առնչվենք իրականության հետ, իսկ իրականությունը խոսում է այն մասին, որ ոչ մի խաղաղության պայմանագիր չի ստորագրվել», Step1.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը՝ անդրադսառնալով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նախաստորագրված փաստաթղթին։

Նրա խոսքով՝ այս հայտարարությունն իրականության մեջ ոչ միայն իրավական, այլ նաեւ հողի վրա ուժ չունի։ Նա հիշեցրեց, որ նացիստ Ալիեւն այս հայտարարությունից անմիջապես հետո մամուլի ասուլիս հրավիրեց եւ կրկնեց իր նույն պահանջները, այսինքն՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ, չեն մոռացել տարածքային պահանջների մասին, այսպես կոչված «արեւմտյան ադրբեջանի» խոսույթի մասին։ Եվ կարելի է ասել, որ իրականության մեջ ոչ մի քայլով չի մոտեցել հնարավոր խաղաղությունը, ընդհակառակը սա ավելի մեծացրեց վտանգը՝ կապված պատերազմի վերսկսման հետ, ասում է Գրիգորի Այվազյանը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը շատ նման է Դանցիգի միջանցքի հարցին, որը առիթ դարձավ ֆաշիստական Գերմանիայի հարձակման։

Ըստ Այվազյանի՝ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանն իր համար օգուտներ կորզեց, այն է՝ ԱՄՆ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի սահմանափակումը սառեցվեց, Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարություն արվեց։ Իսկ հայկական կողմը, բացի սին հայտարարություններից, ոչ մի օգուտ չստացավ։

Իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ իրատեսական չի համարում արցախցիների վերադարձի հարցը եւ հավասարության նշան էր դրել արցախցիների վերադարձի եւ այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» վերադարձի հարցերի միջեւ։

Անդրադառնալով այս հարցին՝ Գրիգորի Այվազյանն ասաց, որ չպետք է մոռանալ ադրբեջանահայության վերադարձի խնդրի գոյության մասին։ «Եվ եթե խոսում ենք փախստականների վերադարձի մասին, պետք է հիշենք, որ գոյություն ունեն ադրբեջանահայ փախստականների՝ իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձի հարցը»,- ասաց նա։

Այվազյանի խոսքով՝ Արցախի հարցը փակելու մասին հայտարարությունները տանում են դեպի հակամարտության վերաբռնկման։ Ադրբեջանն իր նկրտումներից չի հրաժարվել, եւ դա հուշում է, որ պատերազմը չի չեղարկվել։ «Նաեւ ամրագրել են, որ այսպես կոչված սադրիչ հայտարարություններից պետք է զերծ մնանք։ Մենք տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչպես է իր հասարակությանը պատրաստում չակերտավոր խաղաղության։ Ադրբեջանական քարոզչության հռետորաբանությունը չի փոխվի, այսպես կոչված «ռազմավարի պուրակը» մինչ օրս չի փակվել, որը նաեւ հուշում է ադրբեջանական իշխող ռեժիմի ռազմատենչ մտադրությունների մասին»,- հավելեց Այվազյանը։

Նա նշեց, որ այս հայտարարություններով Արցախի հարցը չի փակվում, քանի որ արցախցիներն ունեն իրավունք՝ միջազգային օրենսդրության համաձայն եւ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո պնդելու իրենց բնակավայրեր խաղաղ վերադառնալու իրենց իրավունքը։ «Դրանով եւ ոչ միայն դրանով, նաեւ ադրբեջանահայության մասին հիշատակելով՝ մենք չեզոքացնում ենք ադրբեջանական այսպես կոչված պնդումները «արեւմտյան ադրբեջանցիների» հնարավոր վերադարձի մասին։ Մենք այդ ուղղությամբ մեծ անելիք ունենք, իհարկե, այդ հարցերը միմիայն հայտարարարությունների մակարդակով չեն փակվում։ Նաեւ պետք է հասկանանք, որ մենք նոր դարաշրջանում չենք ապրում, մենք ըստ էության չավարտված պատերազմի վերսկսման նախաշեմին ենք եւ պետք է պատրաստ լինենք, որպեսզի դա չիրականանա»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան