ՀՀ իշխանությունների բաց, հրապարակային քաղաքականությունն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ՔՊ-ական վերնախավը անընդհատ փնտրտուքների մեջ է, թե ում մեղադրի իր հերթական ձախողումներում։ Զուգահեռաբար, պետական քարոզչամեքենան ջանքեր չի խնայում չեղած տեղից մեծարելու և փառաբանելու իշխանությունների գործը` երբեմն իրականությունը ներկայացնելով 180 աստիճան անկյան տակ։ Օրինակ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը ներկայացնում է որպես մեծ հաղթանակ, այն դեպքում, երբ ՀՀ-ն չունի որևե ձեռքբերում, բացի միակողմանի զիջումներից։
Անընդհատ կրկնելով տեքստում տեղ գտած «ինքնիշխանություն» և «սուվերենություն» բառերը, շեղում են հանրության ուշադրությունը այն փաստից, որ իրականում ՀՀ-ի սուվերեն տարածքը վարձակալվել է այլ պետության կողմից, ինչի հետևանքով ՀՀ-ն ընդգրկվում է այնպիսի ուժերի հակամարտության մեջ, որտեղ ինքն արդեն գործոն չէ և տերը չէ իր ճակատագրի։
Գուցե ՀՀ իշխանությունները հասկանում են, որ փակելով Արցախի հարցը և երրորդ կողմին փոխանցելով Մեղրիի մայրուղու իրավունքները, իրենք զրկվում են գործոն լինելուց, հետևաբար կորցնում են ազդեցությունը հետագա պատերազմի կանխումից։ Դա է պատճառը, որ քավության նոխազ են փնտրում, որպեսզի պատերազմի վերսկսման դեպքում նրա վրա բարդեն բոլոր մեղքերը։
Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 18-ի ժողովրդին հասցեագրված ուղերձից արդեն պարզ է դառնում, որ քավության նոխազն ըստ իրենց՝ հենց հասարակ արցախցին է, որը ցանկանում է վերադառնալ իր պատմական հայրենիք։
Մեղրիի շուրջ պայմանավորվածություններին ներգրավել հասարակ արցախցիներին և մեղադրել նրանց խաղաղության խոչընդոտ հանդիսանալու մեջ այնքան էլ տրամաբանական չեմ համարում, ինչի համար անհրաժեշտ եմ գտնում ՀՀ վարչապետի պաշտոնական և հրապարակային պարզաբանումները։ Մասնավորապես, թե ինչու է, միջազգային իրավունքի համաձայն՝ արցախցու վերադարձի պահանջը վտանգավոր ու վնասակար ՀՀ-ի համար։ Ինչո՞ւ նույնիսկ մշակութային և հումանիտար հարցերի բարձրաձայնումը վտանգ է ներկայացնում ինքնիշխան, սուվերեն ու անկախ Հայաստանի Հանրապետության համար։
Այս պատճառով օգոստոսի 21-ին և 22-ին, ժամը 10։00-11։00-ը, ես կլինեմ Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի մոտակայքում, որպեսզի կառավարության որևէ աշխատողի անմիջապես ներկայանալու և պարզաբանումներ տալու ցանկություն առաջանալու դեպքում ունենամ այդ հնարավորությունը, բայց ընդունելի եմ համարում ցանկացած տեսքի հրապարակային և պաշտոնական արձագանքը։