Արցախի տեղահանությունից հետո ՀՄԸՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղը՝ Կենտրոնական վարչության որոշումով, շարունակում է իր աշխատանքներն իրականացնել Հայաստանում՝ նպատակ ունենալով համախմբել Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բնակվող արցախցի պատանիներին ու երիտասարդներին։
Կազմակերպության հիմնական նպատակներից է ձևավորել միասնական գաղափարական հենք՝ հիմնված հայրենաճանաչության, պայքարի ոգու պահպանման, արցախյան բարբառի և մշակույթի առանձնահատկությունների փոխանցման վրա։ Այս ամենի առանցքում շարունակվում է մնալ կարևորագույն նպատակը՝ վերադարձ Արցախ։
Օգոստոսի 20-ին Բյուրականի Գառնիկ Մկրտչյանի անվան բանակավայրում մեկնարկել է համաարցախյան 3-րդ բանակումը, որին մասնակցում են ՀՄԸՄ Արցախի մեկուսի շրջանի Երևանի, Արմավիրի և Մասիսի խմբերը։
Հանդիսավոր բացման արարողության ժամանակ ՀՄԸՄ Արցախի Մեկուսի Վարչության ատենապետ Արմոնդ Թահմազյանը շնորհավորել է սկաուտներին՝ մաղթելով հետաքրքիր օրեր, համոզմունք հայտնելով, որ նրանք այս օրերի ընթացքում կկարողանան զինվել նոր գիտելիքներով։
Սկաուտներն իրենց խոսքում նշեցին, որ յուրաքանչյուր բանակում իր նպատակն ունի և իրենք հստակ քայլերով կմոտենան այդ նպատակին։
Այս բանակումը նվիրված է Բաքվի բանտերում ապօրինաբար գերեվարված մեր հայրենակիցներին։ Երբեք չպետք է մոռանալ նրանց և միջազգային բոլոր հարթակներում պետք է բարձրացնել գերեվարվածների անվնաս վերադարձի պահանջը։
Բանակումը ենթադրում է նաև հաշվետվություն․ ի՞նչ են արել անցած երկու տարիների ընթացքում։ Հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին՝ արցախցի հոմենթմենականները պատրաստ են նույն միասնականությամբ ու կարգապահությամբ շարժվել դեպի բոլոր նպատակների իրականացում՝ միշտ բարձր պահելով սկաուտական ոգին։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ