Նիկոլ Փաշինյանը չէր կարող չհիշատակել Արցախը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը։ Արցախի լիակատար օկուպացիայից, բնիկ բնակչության ցեղասպանությունից և տեղահանությունից գրեթե 2 տարի անց Փաշինյանը չի կարողացել կանխել հանրության հարցերը Արցախի և Հայաստանի անկախության հռչակագրի մասին, որոնք անբաժանելի են։
Այս երկու տարիների ընթացքում Փաշինյանը այդպես էլ չի համարձակվել նայել արցախցիների աչքերի մեջ, ասել նրանց, թե երբ, որ պահին և ինչ դիրքում է կայացրել Արցախը զոհաբերելու որոշումը՝ հանուն իր ընտանիքի իշխանության։
Ո՛չ նա, ո՛չ էլ նրա շրջապատը այդպես էլ չեն հանդիպել արցախցիների հետ, չեն բացատրել աներևակայելին. Հայաստանի վարչապետը, որը 2019 թվականին պնդում էր, որ իրավունք չունի խոսելու արցախցիների անունից, ովքեր չեն ընտրել իրեն, հանկարծ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրում է հայտարարություն՝ Արցախի տարածքի 2/3-ի հանձնման մասին, իսկ արդեն 2023 թվականին հայտարարում, որ Հայաստանը որևէ կապ չունի Արցախի հետ։ Ի՞նչ է փոխվել մի քանի տարվա ընթացքում, և ի՞նչ կապ ունի Արցախը Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ։
Այսօր՝ Անկախության հռչակագրի 35-ամյակի առթիվ, Փաշինյանը խոստովանեց, որ Հայաստանի անկախությունը ի սկզբանե կրում էր Արցախյան շարժման կնիքը։
Փաշինյանը, ով աղավաղում է ամեն ինչ, խոսելով 1960-ականների ազգային զարթոնքի մասին, պնդում է, որ Մոսկվան է թույլ տվել Հայաստանին ազգային զարթոնքը, քանի որ ԽՍՀՄ-ն իբր հավակնություններ ուներ Թուրքիայի նկատմամբ, ինչը, ի վերջո, հանգեցրեց Ղարաբաղյան շարժմանը: Նա չի հիշատակում Ղարաբաղյան շարժմանը Արևմուտքի աջակցությունը, ԱՄՆ 907-րդ բանաձևը, ԵԱՀԿ Մինսկի խումբը և բազմաթիվ փաստաթղթեր, որոնք պնդում են հայերի ինքնորոշման իրավունքը: Փաշինյանը վստահ է, որ այս ամենը արվել է անկախ Հայաստանի գոյությունը կանխելու համար, որի հի,քում ի սկզբանե հակամարտություն էր։
Նման Հայաստանում Փաշինյանը չէր կարող իշխանության գալ, առավել ևս՝ պահել այն 7 տարի։
Հետևաբար, «հեղափոխությունից» անմիջապես հետո Փաշինյանը որոշեց հեռացնել Ղարաբաղյան շարժումը Հայաստանի հիմքերից: Ահա թե ինչու 2019 թվականին, երբ Հայաստանի տարածքը՝ Արցախի հետ միասին, կազմում էր 41 հազար քառակուսի կիլոմետր, Փաշինյանը կոչ չարեց Ալիևին խաղաղության, չդիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ պահանջելով ճանաչել ներկայիս իրողությունները, այլ հայտարարեց, որ բանակցությունները կսկսի զրոյից։ Ավելին, որպես զրո նա նկատի ուներ ոչ թե 1994 թվականի իրողությունները, այլ 1988 թվականը՝ «հակամարտության» սկիզբ։
Այդ ժամանակ Ալիևը խոստովանում էր, որ միջազգային հանրությունը ստիպում է իրեն ճանաչել Արցախի ինքնորոշումը, իսկ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն «խնդրում էր» հրաժարվել գոնե երկու շրջաններից։ Սակայն Փաշինյանն այլ ծրագրեր ուներ, և նա «շկենտրոնացավ» երկու շրջանների վրա՝ որոշելով միանգամից ազատվել ամբողջ Արցախից։
Այսօրվա իր ուղերձում նա փաստացի խոստովանեց, որ դեռևս 2020 թվականի պատերազմից առաջ որոշել էր հրաժարվել ղարաբաղյան շարժումից, բայց դրա համար ստիպված էր պատերազմ հրահրել՝ կանխավ կապիտուլյացիայով։
“Ի վերջո, ինչու՞ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները եւ կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետականության կորստի”, ասել է Փաշինյանը։
Ցանկացած ինքնահարգանք ունեցող երկրում դատարանը գործ կհարուցեր նման ինքնախոստովանությունից հետո։ Սակայն Հայաստանում ոչ ոք Փաշինյանին չի հարցնում, թե ինչու 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Արցախը գրեթե կործանված էր, նա հանկարծ ստորագրեց Պուտինի հեղինակած հայտարարությունը և թույլ չտվեց, որ Արցախը լիովին օկուպացվի։ Ինչո՞ւ նա խրախուսեց արցախցիների վերադարձը, նույնիսկ նրանց, ում տները օկուպացված էին, ինչու կառուցեց նոր տներ նրանց համար։ Պատասխանը մեկն է՝ որ ժամանակ շահի և դուրս բերի Հայաստանի զորքերը Արցախից։
Ահա թե որտեղ է Արցախի կապը նրա իշխանության հետ․ 2018 թվականին նա իր ընտրողներին խոստացավ, որ նրանց որդիները այլևս չեն զոհվի Արցախում։ 2021 թվականին նա իր ընտրողներին ասաց, որ պահել է խոստումը։ Արցախում այլևս Հայաստանի զորքեր չկան, ընտրողները կարող են հանգիստ լինել իրենց որդիների համար, իսկ արցախցիներն իրենք թող որոշեն՝ ենթարկվել ցեղասպանության, թե լքել իրենց տները։
Սա միակ միջոցն էր, որով Փաշինյանը կարող էր պահպանել իշխանությունը Հայաստանում և դեռ կպահպանի։ Բայց մի օր Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի նայել արցախցիների աչքերի մեջ։