Ավարտվեց Իտալիայում անցկացվող միջազգային ֆոլկլորային փառատոնը։ Արցախի համույթները պատվով ներկայացրեցին մեր մշակույթը՝ կիսելով հայկական երգն ու պարը աշխարհի տարբեր ժողովուրդների հետ։
“Արցախի համույթների հաջող մասնակցությունը Իտալիայում կայացած միջազգային մշակութային փառատոնին ոչ միայն մեծագույն մշակութային իրադարձություն էր, այլև կարևոր քայլ՝ արցախյան մշակույթը միջազգային հարթակում ներկայացնելու և արժևորելու ճանապարհին։
Սակայն այս հաջողության հիմքում կանգնած են անհատներ, որոնց նվիրվածությունն ու անձնական ջանքերը հաճախ մնում են ստվերում։
Մենք ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել ՀԿ նախագահ Ապրես Մարգարյանին, որի հետևողական աշխատանքն ու անձնական նվիրումը առանցքային դեր են խաղացել՝ ապահովելու Արցախի ներկայությունն այս և բազմաթիվ այլ նախաձեռնություններում։
Նրա անձնական ջանքերի և անսպառ կամքի շնորհիվ հնարավոր դարձավ ոչ միայն պահպանել արցախյանը, այլև բարձր գնահատական ստանալ միջազգային հարթակում։
Պետական աջակցության բացակայության պայմաններում, Արցախի ցավալի տեղահանությունից հետո, նա իր վրա վերցրեց պատասխանատվության իր բաժինը և մինչ օրս աննահանջ շարունակում է այդ ճանապարհը։
Միաժամանակ, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նաև համույթների անդամներին, որոնք փառատոնի օրերին մեծ նվիրվածությամբ դիմացան մշակութային հագեցած ծրագրին՝ բարձր մակարդակով ներկայացնելով հայկական մշակույթն ու արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը”, ասում են Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ-ի աշխատակազմի անդամները:
Հիշեցնենք որ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է Արցախի օկուպացիայից ու արցախահայության բռնի տեղահանումից որոշ ժամանակ անց: Կազմակերպության նպատակն է՝ ապահովել Արցախի ստեղծագործական խմբերի հետագա գործունեությունը, պահպանելով արցախյան մշակույթն ու ավանդույթները:
Արսեն Աղաջանյան