Փաստաբան Հարություն Բաղդասարյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչպե՞ս է Արցախը 20-րդ դարի սկզբում հայտնվել Ադրբեջանի կազմում, ի՞նչ իրավական հիմք կա դրա համար։
–Հարություն Բաղդասարյան․ Իրավաբանորեն, Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Ըստ հայոց «Աշխարհացույց»-ի, Արցախը եղել է Մեծ Հայքի 10-րդ աշխարհը և զբաղեցրել է ավելի, քան 15 000 կմ2 տարածք, որը բաժանված է եղել է 12 գավառի։ Արցախն Ադրբեջանին է տրվել ՌԿ/բ/Կ Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ, իսկ 1923թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում կազմավորվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որը սկզբնապես սահմանակցել է Հայկական ԽՍՀ-ին, սակայն սահմանագծերի պարբերական փոփոխությունները (այդ թվում՝ Քարվաճառի և Լաչինի անջատումը) 20-ական թվականների ավարտին այն դարձրել են անկլավ։
Կովբյուրոյի որոշումն իրավունքի տեսանկյունից առոչինչ ակտ է, քանի որ մի չճանաչված երկիր (ՌՍՖՍՀ) իր կուսակցական մարմնի (ՌԿ(բ)կ) տեղական կազմակերպության (Կովբյուրոյի) միջոցով որոշում է մեկ այլ երկրի տարածքի կարգավիճակը: Ռուսաստանը, պարզապես, իրավունք չուներ այդպիսի որոշում կայացնելու, քանի որ մեկ տարի առաջ՝ 1920թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում ՌՍՖՍՀ և ՀՀ միջև կնքվել էր Թիֆլիսի հայ-ռուսական համաձայնագիրը, համաձայն որի 2-րդ կետի, «Զանգեզուրը, Նախիջևանը և Ղարաբաղը զբաղեցվում էին խորհրդային զորքերով, մինչև նոր խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ ապագայում»:
Այսինքն, Ռուսաստանն այդ տարածքները չէր ճանաչել որպես Ադրբեջանի մաս, հակառակ դեպքում, պայմանագիրը կկնքեր ադրբեջանական ԽՍՀ հետ։ Տեսականորեն Արցախն Ադրբեջանի Հանրապետության կազմ է ընդգրկվել 1919 թ. օգոստոսի 22-ին, արցախահայության 7-րդ համագումարի որոշմամբ ու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կնքված հաշտության պայմանագրով՝ մինչև Փարիզի համաժողովով այդ հարցի վերջնական լուծումը։ Սակայն, 1920 թ․ ապրիլի 22-ի ԱՀ 9-րդ համագումարի որոշմամբ չեղյալ է հայտարարվել Ադրբեջանի հետ պայմանագիրը, և Լեռնային Ղարաբաղը հռչակվել է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը, ինչը հաստատվել է նաև 1920թ. ապրիլի 25-ին Ազգային խորհրդի որոշմամբ։ Ու երբ ապրիլի 28-ին 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ խորհրդայնացվել է Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն արդեն Ադրբեջանի կազմում չի եղել։
Արցախը Հայաստանի մաս կազմելու օգտին են խոսում մի շարք միջազգային-իրավական և ներպետական փաստաթղթեր։
Դրանցից են, դիցուք․
– 1920 թ. փետրվարի 24-ի «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» փաստաթուղթը, որի տակ դրված են Ազգերի լիգայի Խորհրդի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները: Սույն զեկույցում հստակեցվել են սահմանազատման սկզբունքները Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստան պետության և Վրաստանի Հանրապետության միջեւ, որտեղ նշված է. «Ինչ վերաբերում է Հայաստան պետության եւ Վրաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ: Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որեւէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի Միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները»;
– 1920 թ. ապրիլի 19-26 Սան Ռեմոյում տեղի ունեցած վեհաժողովի արդյունքներով կայացված համաձայնագիրը, որով հաստատվեցին նոր պետությունների՝ նույն թվում և՝ Հայաստանի սահմանները և իբրև այդպիսին՝ 1920 թ. մայիսի 11-ին ճանաչվեցին թուրքական օրինական կառավարության կողմից։
– 1920թ. ապրիլի 25-26-ին Դաշնակից և ասոցացված ուժերի Գերագույն խորհրդի (բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից) որոշում-դիմումը ԱՄՆ նախագահին 2 խնդրանքով.
ա) ստանձնել Հայաստանի մանդատը,
բ) իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը:
– Երկրորդ խնդրանքը նաև պաշտոնապես ամրագրվել է խաղաղության վեհաժողովի նախագահի՝ Ֆրանսիայի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Միլերանի, 1920թ. ապրիլի 27-ի պաշտոնագրով;
- (1920թ․ ապրիլի 23-ին ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, իսկ ԱՄՆ Սենատում 1920 թ. մայիս 29-ից հունիսի 1-ը տեղի ունեցած Հայաստանի մանդատի քննարկումները հաստատում են, որ ԱՄՆ-ը փաստորեն (de facto) հայկական տարածքների նկատմամբ ճանաչել է ոչ թե Օսմանյան կայսրության, այլ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները) ;
- 1920թ․ մայիսի 23-ի «Հայաստանի ներկայ տերիտորիայի չորս նահանգների սահմանների մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի Հայաստանի չորրորդ՝ Սիւնեաց նահանգի մէջ մտնում էին «Զանգեզուրը եւ Ղարաբաղը՝ Վարանդան, Խաչենը, Գիւլիստանը, Դիզակը եւ Գանձակի գաւառի հայկական մասերը»;
- 1920 թ. օգոստոսի 10-ի Սեւրի խաղաղության պայմանագիրը, որի 92-րդ հոդվածում նշված է. «Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Վրաստանի, միջեւ սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչեւ 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաեւ սահմանանշումը»;
- 1920 թ.-ի նոյեմբերի 22-ի ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» Իրավարար վճիռը, որով Հայաստանի ընդհանուր տարածքը պետք է կազմեր ավելի քան 160 հազար քառ. կմ՝ ընդգրկելով Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները, որի մեջ որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ, ընդգրկվել է 1920թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի առաջարկները և զեկույցը»;
- 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի որոշումը, որն իրենից ներկայացնում էր դիմում՝ Ադր․ԽՍՀ-ին՝ ԼՂԻՄ-ն Ադր․ԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Հայկ․ ԽՍՀ-ի կազմի մեջ ընդգրկելու մասին;
- 1989 թ. օգոստոսի 16-ին Ստեփանակերտումտեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումարի որոշումը, որում նշված էր, որ մինչև ժողովրդական դեպուտատների մարզխորհրդի ու կուսակցության մարզկոմի գործունեության վերականգնումը՝ երկրամասի բարձրագույն գործադիր իշխանության լիազորությունները հանձնվում են Ազգային Խորհրդին։ Բացի դրանից համագումարի ժամանակ ընդունվեց մի հռչակագիր, ըստ որի, Ինքնավար Մարզի գործերին ԱդրԽՍՀ-ի միջամտությունը գնահատվելու էր որպես ագրեսիայի ակտ և կստանար համարժեք պատասխան;
- 1989 թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ և ԼՂ ԱԽ համատեղ որոշումը, որի 3-րդ կետում նշված է․
- Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները;
- 1990 թ․ փետրվարի 13-ի Հայաստանի դեռևս խորհրդային խորհրդարանի որոշումը, որում նշված է․ «ՌԿ(բ)Կ Կենտկոմի կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշումը, որի հետևանքով խախտվել է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը, բռնակցվել է Հայկական ԽՍՀ տարածքի մասը, և հայ ժողովուրդը բաժանվել երկու մասի, համարել օրինական ուժից զրկված, միջազգային իրավունքին հակասող և անօրինական»;
- 1990 թ․ օգոստոսի 23-ի ՀՀ Անկախության Հռչակագիրը, որում նշված է․ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,
ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը;
- ՀՀ 1995թ․ հուլիսի 5-ի (2005թ․ նոյեմբերի 27-ի և 2015թ․ դեկտեմբերի 6-ի փոփոխություններով) Սահմանադրությունը, որի նախաբանում ներառված է այս դրույթը․ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը;
- 1991թ. օգոստոսի 30-ին ընդունված Ադրբեջանի անկախության հռչակագիրը, որում ասվում է, որ երկիրը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության (1918 մայիսի 27-1920 ապրիլի 28) իրավահաջորդը;
- 1991թ․ հոկտեմբերի 18-ին ընդունված Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտը, որի 1-ին հոդվածով Ադրբեջանը դատապարտում է 1920թ․ ռուսական 11-րդ կարմիր բանակի ներխուժումը և անկախ Ադրբեջանի անեքսիան, իսկ նույն ակտի 3-րդ հոդվածի համաձայն, ՍՍՀՄ կազմավորման մասին 1922թ․ դեկտեմբերի 30-ի պայմանագիրը համարում է առոչինչ՝ ընդունման պահից;
- 1991 դեկտեմբերի 8-ի ԱՊՀ հիմնադիր պայմանագիրը և դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագիրը, որոնց մեջ նշված է․ «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը»։ Դրան ավելացրած, որ Ադրբեջանը այդ հռչակագրերը ստորագրել է 1993թ․ սեպտեմբերի 24-ին, երբ Արցախն արդեն ամբողջությամբ ազատագրված էր իրենցից։ Բացի այդ, վերոգրյալ ակտերում նշված է նաև, որ կողմերը հրաժարվում են ուժ կիրառելուց և վեճերը լուծում են խաղաղ ճանապարհով, մինչդեռ Ադրբեջանը թե 90-ական թվականներին, և թե 2020թ․ խախտել է այդ պայմանը։ Սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից Ալմա-Աթայի հռչակագիրն իրավունքի աղբյուր չէ, քանի որ այն ստորագրող հանրապետությունները դեռևս ընդգրկված են եղել ԽՍՀՄ կազմում (ԽՍՀՄ-ը վերացել է 1991թ․ դեկտեմբերի 26-ին)։
- 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիումտեղի ունեցած ԵԱՀԽ խորհրդի լրացուցիչ նիստի ընթացքում որոշում կայացվեց կազմակերպել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաժողով ԵԱՀԽ-ի հովանու ներքո՝ շարունակական բանակցությունների համար հարթակ ստեղծելու նպատակով՝ հիմնվելով ԵԱՀԽ սկզբունքների, պարտավորությունների և դրույթների վրա: Համաժողովը նախատեսվում էր անցկացնել Մինսկում։
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ 1993 թվականին ընդունած չորս (822, 853, 874 և 884) բանաձևերը, որոնց մեջ ի թիվս այլնի՝ կոչ է արվել կողմերին «արդյունավետ և մշտական դարձնել ուղիղ բանակցությունների միջոցով հաստատված զինադադարը, և հարցի խաղաղ կարգավորումը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։
Հիշատակածս որևէ փաստաթղթում չկա Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելու մասին դրույթ։