11 259 արցախցի ստացել են ՀՀ նոր անձնագրեր, դիմել են 16 հազարից ավելին

  • 11:49 05.09.2025

Սեպտեմբերի 2-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16 հազարից ավելի մարդ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։

«Ունենք 11 259 անձ, ովքեր հանրապետության նախագահի հրամանագրով ստացել են ՀՀ քաղաքացիություն, եւ 5000-ից ավելի անչափահաս, ովքեր անձնագրի փոփոխությամբ ձեռք են բերել քաղաքացիություն։ Երբ ծնողները ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն, անձնագրի փոփոխությամբ անաչափահասները ձեռք են բերում քաղաքացիություն, ինչը նշանակում է, որ ԼՂ մեր հայրենակիցներից արդեն 16 հազարից ավելին ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն»,- ասաց Ղազարյանը։

Նա անդրադարձավ հարցին, թե ի՞նչ են անում՝ դյուրացնելու եւ ավելի ակտիվացնելու պրոցեսները։

«Գիտեք, որ քաղաքացիության գործերը վարվում են կենտրոնացված համակարգի միջոցով։ Հիմա մենք փորձում ենք տարածել այդ համակարգը, մարզերում մեր բոլոր ստորաբաժանումներն արդեն ընդունում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից քաղաքացիցության դիմումներ։ Երեւանում ավելացրել ենք եւս մեկ կետ, աշխատում ենք էլի ավելացնել, որպեսզի Երեւանի բոլոր տարածքային ստորաբաժանումները եւս ընդունեն դիմումներ։ Շրջիկ ծառայությունը, որը գործարկել ենք, վերջին տվյալներով մեկ օրում 50-ից ավելի դիմում էր հավաքագրել ու ներկայացրել»,- ասաց նա։

Արմեն Ղազարյանի խոսքով՝ ԼՂ-ից տեղահանված անձինք ստանդարտ ընթացակարգերի համեմատ առնվազն կիսով չափ ավելի արագ ժամանակահատվածում են ձեռք բերում քաղաքացիություն․ «Մեր ստանդարտ ընթացակարգերը ենթադրում են 90 աշխատանքային օր, մոտավորապես 4 ամիս, ԼՂ-ից տեղահանված անձանց մասով առնվազն երկու ամսվա ընթացքում մենք կարողանում ենք լուծել հարցը»։