Գորիսում անցկացվում է ԱգրիՖեստ գյուղատնտեսական փառատոնը, որը նպատակ ունի միավորել գյուղատնտեսական եւ ստեղծարար ոլորտի ներկայացուցիչներին:
“Փառատոնը մի հարթակ է, որտեղ մենք կարող ենք եւ ունենք հնարավորություն ցույց տալ Սյունիքի գյուղատնտեսական ներուժը”, բացման խոսքում ասել է Իմփաքթ Հաբ Արմենիա գործադիր տնօրենը Գեւորգ Պողոսյանը: “Չնայած մենք այն անվանում ենք գյուղատնտեսական, բայց միայն դրանով չենք սահմանափակվում, որովհետեւ, այսօր բոլոր ոլորտները փոխկապակցված են միմյանց հետ: Այս տարի փառատոնի ընացքում մենք փորձել ենք գյուղատնտեսությունը համադրել ստեղծարար ժառանգության հետ: Ծրագրի նպատակն է, որպեսզի մենք կարողանանք գյուղատնտեսներին, ստեղծագործներին, Արցախից տեղահանված եւ Սյունիքի մարզում բնակվող մարդկանց հետ կիսվել մեր գիտելիքներով, հմտություններով եւ ինչու ոչ, աջակցել նաեւ ֆինանսապես”, հավելել է Պողոսյանը:
Միջոցառման մասնակիցների գրեթե կեսը արցախցիներ են, ովքեր իրենց տաղավարները միացրել են սյունեցիների տաղավարներին:
“Արցախի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման գործակալության միջոցով ենք տեղեկացել միջոցառման մասին եւ որոշել մասնակցել”, ասում է հադրութեցի Նադեժդան, ով փառատոնում ներկայացնում է Արցախի արվեստագետների միություն ՀԿ սաների գործերը: “Մեր կազմակերպությունը շարունակում է գործել Երեւանում անվճար հիմունքներով: Մոտ 150 երեխա է մասնակցում արվեստի դասերին Արցախից եւ Երեւանից: Երբեմն նաեւ ծնողներին ենք ներգրավում: Տարբեր ծրագրերի համար դիմում ենք` դոնորներ գտնելու համար, բայց առաժմ չենք գտել: Ինչեւէ, ես կարծում եմ, որ քանի դեռ կա ներուժ, կան ստեղծագործ մարդիկ եւ այսպիսի միջոցառումներ, մեզ կհաջողի պահպանել Արցախի մշակույթը, բարբառը եւ այլն”, ասում է նա:
Փառատոնի ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հատուկ ընդգծել է արցախցիների մասնակցությունն այս միջոցառմանը:
“Հատուկ ուզում եմ ընդգծել Լեռնային Ղարաբաղի փախստականների ներկայությունն այս միջոցառմանը, որը շատ կարեւոր է` նրանց դիմակայունությունը բարձրացնելու համար”, ասել է դեսպանը:
“Շատ ուրախ ենք այս հնարավորության համար, ներկա լինել ֆերմերների, ստեղծագործողների, երիտասարդների հետ, լինել նրանց կողքին եւ օգնել համայնքներին ամրապնդման գործում: Եվրոպական Միությունը անդամ պետությունների հետ ներդրումներ է իրականացնում դիմակայուն Սյունիք նախաձեռնության միջոցով եւ համախմբում ռեսուրսները, փորձագիտական ներուժն ու գործընկերներին` նպաստելով մարզի զարգացմանը: Այս նախաձեռնության միջոցով մենք օգնում ենք փոքր եւ միջինռեձնարկություններին ներգրավվել, նոր շուկաներ գտնել ստեղծել ներուժ, գործընկերներ գտնել: Հատկապես ուրախ ենք ներդրումներ կատարել գյուղական համայնքներում, քանի որ առանց գյուղերի զարգացման մարզը զարգանալ եւ աճել չի կարող: Այս ծրագրի շրջանակներում մենք աջակցել ենք ավելի քան 90 փոքր եւ միջին ձեռնարկությունների, որպեսզի կարողաղ ընդլայնել իրենց գործունեությունը”, իր խոսքում ասել է ԵՄ դեսպանը:
Խոսելով արցախցիների խնդիրների մասին Վասիլիս Մարագոսը լրագրողներն ասել է, որ ԵՄ կշարունակի աջակցել նրանց:
“Ես տեղյակ եմ նրանց ակնկալիքների մասին, գիտեմ թե դա որքան կարեւոր եւ դժվար է նրանց համար եւ Գորիսում ընթացող այս ծրագիրը նաեւ նրանց համար է: Այս պահին մենք նշանակալի ակտիվություն ենք ցուցաբերում, մի քանի միլիոն եվրոյի ներդրումներ ենք կատարել այսպիսի ծրագրեր իրականացնելու համար: Մենք նաեւ պատրաստ ենք մեզ անդամ պետությունների կոլեգաների հետ քննարկել, թե ինչ կարող ենք անել լրաչուիցիչ: Բացի այդ, ԵՄ խրախուսում է մասնավոր բանկերին վարկեր տրամադրել, որից հնարավորություն կունենան օգտվել Ղարաբաղի հայերը: Նրանք մեր ուշադրության կենտրոնում են, դուք նաեւ գիտեք, որ ԵՄ նրանց մարդասիրական, հոգեբանական եւ սոցիալական աջակցություն է տրամադրել: Սա ընթացող պրոցես է եւ այն շարունակական կլինի: Միգուցե սա բավարար չէ, բայց մենք փորձում ենք հասկանալ, գնահատել նրանց կարիքները, ինչը հնարավորություն կտա ավելին անել ապագայում”, ասել է ԵՄ դեսպանը:
AgriFest by Impact Hub Syunik փառատոնը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Ակբա Ֆեդերացիայի եւ Իմփաքթ Հաբ Սյունիքի կողմից: Եվրոպական Միության աջակցությունը տրամադրվում է Three4ResilientArmenia ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությունը, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամը և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամը։
Մարութ Վանյան