Հայրիյանների օջախում կիրակի օրերին երաժշտական ժամ էր․ մեկը դհոլ էր խփում, մյուսները դաշնամուր, քանոն, կիթառ նվագում

  • 23:17 07.09.2025

Հայրիյանների գերդաստանն Արցախում հայտնի էր որպես աշխատասեր, ստեղծող, արարող, քարից հաց քամող։ Պապերից ժառանգած այդ հատկանիշները փոխանցվել են սերնդեսերունդ։

Մարատ և Էլինա Հայրիյանների բազմանդամ ընտանիքը բնակվում է Արտաշատի Բարձրաշեն գյուղում։ Արցախից տեղահանվելուց հետո նախ Մասիս քաղաքում են մնացել, ապա տեղափոխվել Բարձրաշեն։

Էլինան չի կարողանում համակերպվել Արցախի կորստի հետ, մտքից հանել իր տունուտեղը, այգին ու բանջարանոցը

-Մինչև տեղահանությունը շատ լավ էինք ապրում։ Ինչպես ասում են՝ գլուխներս քարշ գցած մեր գործերի, մեր տան, բանջարանոցի, այգու հետ։ Ասկերանի Բերդ-ամրոցի հարևանությամբ տուն էինք կառուցել, կահավորել ու տեղափոխվել։ Հասցրել էինք հող մշակել, այգի հիմնել բերք ստանալ։ Ինչպես բոլոր արցախցիները, մենք մեր ապագան միայն Արցախում էինք տեսնում։ Այդպես էլ չհասցրինք վայելել մեր նորակառույց տունը, մեր հողը։ Մի ակնթարթում ամեն ինչ ջուրն ընկավ։

Շրջափակման ժամանակ ոչ մի բանի կարիք չէինք զգում, որովհետև մենք աշխատող ու ստեղծող ընտանիք ենք։ Այդ տարի մեր բերքը շատ-շատ էր։ Ունեցածից բաժին էինք հանում մարդկանց։ Մեր տան նկուղը նեղվում էր ձմեռվա համար նախատեսված բարիքի, պահածոների առատությունից։ Ձմեռվան արդեն նախապատրաստված էինք։

․․․Երեկոները, երբ ընտանիքով հավաքվում ենք, խոսելու մեր թեման նույնն է՝ Արցախն ու հիշողությունները։ Անցած օրը երեխաները հիշեցին, թե ինչպես էին շրջափակման վերջին ամիսներին ոտքով գնում Իվանյանի տարածքում գտնվող Խաչիկի անասնաֆերման ու կաթ բերում՝ անցնելով Կարկառ գետը։ Ամեն մի մարդու մեկ տարա կաթ էին տալիս, որպեսզի շատերին հասնի։ Կաթից մածուն, պանիր էի պատրաստում։ Շրջափակված Արցախում ապրում էինք մեր բնականոն կյանքով․ գնում էինք աշխատանքի, երեխաները դպրոց, ապա գալիս տուն ու բոլորս միասին անցնում գյուղատնտեսական աշխատանքներին։ Հավեր ունեինք, տղաներս ճագար էին պահում։ Մեր արտադրանքը նաև վաճառքի էինք հանում, որովհետև միշտ առատ էր ամեն ինչ։

Կարոտում ենք մեր տունը, մեր բակի ամեն մի քարը։ Մեր տան պատշգամբից հրաշալի տեսարան էր բացվում դեպի Բերդը, դեպի Քյաթուկ գյուղի սարերը։

Երեխաներն անընդհատ տունն են հիշում, իրենց առանձին սենյակները մտաբերում, իսկ ես՝ միայն իմ բանջարանոցը։ Ախր, ամուսնուս հետ քարերը մեկ առ մեկ ենք հավաքել, տարածքը մաքրել, որ տուն կառուցենք, բանջարանոց ու այգի հիմնենք։

Երբևէ չէինք կարող պատկերացնել, թե մեզ ինչեր են սպասվում։ Արցախը մեզ համար օդ ու ջուր էր, ամեն-ամեն ինչ էր։

 

2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, Էլինան աշխատանքի վայրում էր՝ ԱՀԱԸ Ասկերանի մանկապարտեզում։ Նրա երեք դպրոցահասակ երեխաները դպրոցում էին, իսկ փոքրը՝ ամուսնու մոր կողքին։

-Սարսափելի օր էր։ Այսօրվա պես հիշում եմ ամեն մի պահը։ Մանկապարտեզի երեխաներին, որոնք սարսափահար լացում էին, անմիջապես տարհանեցինք կողքի բարձրահարկ շենքի նկուղը, որտեղ արդեն պատսպարվել էին մոտակա թաղամասերի բնակիչներն ու անցորդ մարդիկ։ Հետո վազեցի մորս հետևից։ Տարիներ առաջ է զրկվել տեսողությունից, առանց ուղեկցության չի կարողանում քայլ անել։ Նրան բերեցի նկուղ՝ սպասելով, որ քույրս՝ Անահիտը, գա ու տիրություն անի մեր մայրիկին, որպեսզի ես հասնեմ երեխաներիս․ այդ ընթացքում նրանց մասին տեղեկություն չունեի։ Քիչ անց ասում են, որ ամուսինս՝ Մարատը, ինձ է փնտրում։ Դուրս եմ գալիս նկուղից ու ամուսնուս հետ մեքենայով գնում տուն․ երեխաներս արդեն տանն էին։ Այդ օրը աղջկաս՝ Արմինեի դասարանցիները դասղեկի հետ պլանավորել էին այցելել Բերդ-ամրոցը։ Նախօրոք  քաղցրավենիք էի պատրաստել, կարգի գցել ինքնաեռը, որ էքսկուրսիայի ընթացքում հյուրասիրվեն։ Նրանք Բերդում էին, երբ սկսվեցին հրետակոծությունները։ Ամուսինս նախ երեխաների հետևից գնաց, հետո եկավ իմ հետևից։ Նա կարողացել է 16 երեխա տեղավորել փոքր մեքենայի մեջ ու հասցնել դպրոցի ապաստարանը։ Դասղեկը՝ ընկեր Հայրիյանը, համոզված լինելով, որ աշակերտներն ապահով տեղ կհասնեն, ոտքով է ճանապարհվել դեպի դպրոց։

Երբ բոլոր երեխաները հասան իրենց ծնողներին, ես հանգիստ շունչ քաշեցի, փառք տվեցի Աստծուն։

Արցախյան առաջին պատերազմում զոհված Սուրեն Հայրիյանի կինն ու 4 զավակները կյանքի բոլոր դժվարությունները սովոր էին ինքնուրույն հաղթահարել, ապավինել միայն սեփական ուժերին։ Սուրեն Հայրիյանի զոհվելուց տասնյակ տարիներ հետո նրա զավակները տան տեր էին, հոր կիսատ թողածի շարունակողը։ 2023-ի սեպտեմբերը, սակայն, իր ողբերգական կնիքը թողեց գերդաստանի վրա։ Հայրիյանների ավագ զավակը՝ Մխիթարը և նրա որդին՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված պապիկի անունը կրող Սուրենը, զոհ գնացին սեպտեմբերի 25-ի պայթյունին։

Էլինան պատմում է՝ ծանր հիշողությունների ցավը մի կերպ խեղդելով իր մեջ

-Սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան քրոջս, եղբորս ու ամուսնուս հետ մեկնեցինք Ստեփանակերտ․ բանկի հետ կապված գործեր ունեինք։ Երբ տուն վերադարձանք, արդեն վեցն անց էր։ Բոլորս հավաքվել էինք սկեսրոջս տանը, որպեսզի ողջ գերդաստանով ճանապարհվենք Հայաստան։ Քիչ անց ամուսնուս եղբոր աղջիկը զանգում է, թե Հայկազովի վառելիքի պահեստում մեծ պայթյուն է եղել․ հայրն ու եղբայրն այնտեղ են։ Ամուսինս ու մյուս եղբայրը՝ Դավիթը, շտապում են դեպքի վայր։ Ես մնում եմ տանը՝ երեխաների հետ։ Քիչ հետո ամուսնուս մայրը մեր հարևանին խնդրում է իրեն ևս տանել, որովհետև տեղը չէր կարողանում գտնել։ Նրանց գնալուց հետո երեխաներիս հետ կուչ եմ գալիս տան առաջին հարկում՝ փորձելով հեռացնել վատ մտքերը։ Ամբողջ թաղամասում մենք էինք ու մեր հարևան Խաչիկի ընտանիքը։ Հանկարծ գետի կողքին լույսեր տեսա, որոնք շարժվում էին․ հասկացա, որ թշնամին արդեն այնտեղ է ու ցանկացած պահի կարող է մտնել Ասկերան։ Զանգեցի եղբորս, ով Խնապատից իջնում էր այդ պահին, որ գա մեր տուն, քանի որ երեխաները շատ էին վախենում։ Շատ ուշ էր, երբ մերոնք վերադարձան պայթյունի վայրից, իսկ լուսադեմին նորից գնացին փնտրելու մեր հարազատներին։ Սուրենը գտնվեց, սակայն շատ ծանր վիճակում, իսկ Մխիթարին այդպես էլ չգտան։

Սեպտեմբերի 26-ին Սուրենին ուղղաթիռով ուղարկեցին Երևան, և շարունակեցինք Մխիթարի փնտրտուքները։ Ոչ մի ցուցակում նրա անունը չկար։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, գնացինք Իվանյան՝ ծանոթի տուն, քանի որ Ասկերանում մնալը վտանգավոր էր։ Շատ վատ վիճակում էինք բոլորս, անորոշության մեջ։ Խմոր էինք արել, որ մի քանի հաց թխենք։ Կեսօրին մոտ Դավիթը եկավ ու ասաց, որ շտապ պետք է ճանապարհ ընկնենք, որովհետև ադրբեջանցիներն արդեն պահակակետ են դրել Ստեփանակերտի ճանապարհին գտնվող Փարոս հյուրանոցի մոտ։ Հավաքվեցինք ու մեքենաներով դուրս եկանք իրար հետևից։ Ադրբեջանցիները կանգնեցրին, ապա բաց թողեցին մեզ։ Այդ պահին ոչ մի բան չէի զգում, բացի սրտիս զարկերից։

Մեծ դժվարությամբ հասանք Հակարի և կրկին նույն զգացումներն ու սրտիս ուժգնացող զարկերը։ Քանի որ ամուսինս զինծառայող էր, շատ էի անհանգստացած․ մտքովս հազար ու բան էր անցնում։

Ծանր ապրումներով հասանք Մասիս քաղաքը, որտեղ ծանոթ ունեինք։ Հաջորդ օրը հիվանդանոցից հայտնեցին, որ Սուրենի վիճակն ավելի է վատացել։ Սեպտեմբերի 30-ը նրա կյանքի վերջին օրն էր, իսկ քառասունքի օրը հաստատվել է նաև Մխիթարի ԴՆԹ-ն: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, ինչին սպասում էինք բոլորս։

Բարձրաշենում հաստատվելուց հետո Հայրիյան ամուսինները միանգամից գործի են անցել, քանի որ սովոր են միայն սեփական ուժերին վստահել։ Ինչպես Արցախում, այստեղ ևս նրանք շարունակում են քարը քարի վրա դնել

-Մասիսում մի քանի օր մնալուց հետո տեղափոխվեցինք Արտաշատի շրջանի Բարձրաշեն գյուղ։ Հաստատվեցինք շատ ահավոր վիճակում գտնվող մի տան, որտեղ մնացինք ընդամենը 2 ամիս։ Հետո նույն գյուղում ուրիշ տուն գտանք ու տեղափոխվեցինք՝ կրկին սկսելով շինարարական աշխատանքները․ փոխել ենք տան պատուհանները, դռները, զրոյից կառուցել բաղնիք ու զուգարան։ Այդ տանը 15 տարի մարդ չէր ապրում։

Երևի Աստված գիտեր, թե ուր է ուղղորդում մեզ։ Քանի որ մեր տղաներն աշխատող են, ոչ մի դժվարությունից չեն վախենում։ Երևի դրա համար մեզ կրկին փորձության առաջ կանգնեցրեց․ մեր ուժերով տունը կարգի բերեցինք ու մինչև այսօր ապրում ենք այստեղ։

Արցախում 20 տարի ծառայելուց հետո ամուսինս կրկին ծառայության է անցել՝ սահման է պահում։ Ես աշխատում եմ Նուբարաշենի հոգեբուժարանում։ Շատ էի ուզում իմ մասնագիտությամբ աշխատել։ Երաժիշտ եմ և շուրջ 14 տարի աշխատել եմ Ասկերանի մանկապարտեզում։ Երևանի տարբեր մանկապարտեզներում ինձ սիրով ընդառաջեցին ու աշխատանքի վերցրին, սակայն տրանսպորտային խնդրի պատճառով չկարողացա շարունակել։ Նախընտրեցի տանից մոտ լինել, միաժամանակ փոքր դստերս խնամել։

Նուբարաշենի հիվանդանոցում ինձ նույնպես լավ են ընդունել, կոլեկտիվը շատ սրտացավ է։ Ուզում եմ համատեղությամբ մի ուրիշ աշխատանք ևս գտնել, քանի որ փոքրիկս արդեն մանկապարտեզ է գնալու։

Արցախից հետո մեր հոգեբանական ապրումների հետ մեկտեղ փորձում ենք պայքարել կրկին ապրելու համար։ Նույն մարդիկն ենք․ աշխատում ենք հողի հետ ենք, բերք ու բարիք ստեղծում։ Այս պահին մեր տան նկուղը լիքն է պահածոներով, ձմեռվա համար նախատեսված բարիքով։ Մեր հույսն էլի մենք ենք․ միայն առողջություն ու խաղաղ երկինք եմ խնդրում Աստծուց, որ ի վիճակի լինենք աշխատել ու պահել մեզ։ Երբ սկսվեցին դպրոցական ամառային արձակուրդները, երկվորյակ տղաներս ոչ մի օր պարապ չնստեցին։ Սովետաշենի թռչնաֆաբրիկայում աշխատանքի մտան ու դպրոցական հագուստն ու գրենական պիտույքներն իրենց հավաքած գումարով ձեռք բերեցին՝ նեղություն չտալով մեզ։

Չեմ տրտնջում։ Համոզված եմ՝ նորից ենք ստեղծելու։ Մարդկային կորուստներն են, որոնց հետ հարմարվելը պարզապես անհնար է։ Մխիթարին ու Սուրենին կորցնելուց հետո մեր մեծ ու շեն գերդաստանում ամեն ինչ փոխվել է։ Կարոտում ենք այն երանելի պահերը, երբ բոլորս հավաքվում էինք մեր տան մեծի՝ Անժելա մայրիկի շուրջը, ու Հայրիյանների օջախում սկսվում էր երաժշտական ժամը․ մեկը դհոլ էր խփում, մյուսները դաշնամուր, քանոն, կիթառ նվագում, իսկ մնացածները երգում ու պարում էին։

Ամեն ինչ մնաց անցյալում։ Յուրաքանչյուր շաբաթ ու կիրակի օրեր այցելում ենք տղաներին․ Սուրենը Եռաբլուրում է հանգչում, իսկ Մխիթարը՝ գյուղի գերեզմանոցում, ապա հավաքվում ենք Մարիայի տանը՝ կիսելու ամուսին ու որդի կորցրած մեր հարազատի վիշտը։

Հայրիյանների 8 հոգանող ընտանիքն արդեն ՀՀ քաղաքացիություն է ընդունել։ Մտադիր են օգտվել արցախցիներին տրվող բնակապահովության ծրագրից ու սեփական տուն ձեռք բերել՝ երբեք չկորցնելով Արցախ հավաքական վերադարձի հույսը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ